Շենքերի քանդվելու և զոհերի 10 տոկոսի պատճառն այդ կցակառույցներն ու ապօրինի շինություններն էին. Նիկոլայ Գրիգորյան
«Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաուսումնասիրված երկրաշարժերից է՝ և՛ իր նախանշաններով, և՛ իր հետցնցումների ուսումնասիրմամբ, և՛ ճգնաժամերի կառավարման տարբեր դասերով, և՛ հոգեբանական ու բժշկական օգնության ցուցաբերման, և՛ նոր տեղում բնակավայրի կառուցման առումով,- 35 տարի անց Սպիտակի երկրաշարժի դասերի մասին 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ապա անդրադառնալով ցայսօր տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող հարցին՝ արհեստակա՞ն, թե՞ բնական աղետ էր դա, շեշտեց,- Դասական երկրաշարժ էր՝ իր նախանշաններով, հետցնցումներով: Այդ խզվածքի վրա երկրաշարժեր եղել են հազարամյակներ շարունակ»:
Նիկոլայ Գրիգորյանը ցավով արձանագրեց՝ այդ օրերին չկային ճգնաժամերի կառավարման համակարգեր, մասնագիտացած փրկարարներ, փոխգործակցող կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ բնակչությունը՝ բանվորից մինչև առաջին քարտուղար, պատրաստ չէր. ոչ մեկը չգիտեր՝ ինչ է պետք անել երկրաշարժի դեպքում:
«Մենք այն ժամանակ սեյսմիկ վտանգը սխալ էինք գնահատում, այժմ՝ մենք ունենք շատ ճշգրտված սեյսմաշրջանացման քարտեզներ, ունենք ճգնաժամերի կառավարման համակարգ: Սեյսմիկ վտանգի գնահատումից հետո մշակվել են շինարարական նորմեր, որպեսզի իրականացվի սեյսմակայուն շինարարություն, ստուգողը ես չեմ, որ ասեմ՝ կառուցվող շենքերն ինչ ամրություն ունեն, բայց, բոլոր դեպքերում, դրանք շատ ամուր են կառուցվում, քան այդ տարիներին կառուցվող շենքերը: Մյուսը՝ բնակչության իրազեկվածությունն է:
Բժշկական օգնությունն էլ մեծ նշանակություն ուներ. մենք այն ժամանակ չգիտեինք, թե ինչ է ճնշման սինդրոմը, արհեստական երիկամների խնդիրը դեռ չէինք բարձրացրել. օգնություն ցույց տալիս՝ մարդուն ողջ-առողջ հանում էին, և նա 20 րոպեից մահանում էր: Այժմ այդ ամենից մենք տեղյակ ենք, բայց մի սարսափելի բան կա՝ անտարբերություն կոչեմ, հանցավոր հանգստություն կոչեմ, թե ինչ՝ մենք շատ արագ ենք մոռանում այդ արհավիրքը, ու միայն տարբեր առիթներն ու չդադարող ցնցումներն են մեզ հիշեցնում, թե ինչ պետք է անեն»,- իրականությունը մեկնաբանելով՝ ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Իսկ անելիքների մասին իր դիտարկումներում՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալը կարևորեց սեյսմակայուն շինարարության նախապայմանը:
«Պետք էր նոր շենքեր կառուցել, բայց ոչ մեկը չէր ասել, որ այդ շենքերը պետք է բերես–խցկես իրարից մի քանի մետր հեռավորության վրա, որ նույնիսկ փոքր վթարը կարող է շատ մեծ ողբերգության պատճառ դառնալ և դժվարություններ առաջացնել մարդկանց օգնություն ցույց տալու հարցում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Խոսելով նաև բնակչության վարքականոնների, երկրաշարժին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին՝ մեր զրուցակիցը մատնանշեց խնդիրները, որոնք Սպիտակի երկրաշարժի ուսումնասիրությունից հետո էլ չեն կանխվել՝ կցակառույցներ, նկուղներ բացել, միջնապատեր ու հիմնապատեր քանդել:
«Երբ երկրաշարժի ուսումնասիրության արդյունքներն էին ուսումնասիրվում, շենքերի քանդվելու և զոհերի 10 տոկոսի պատճառն այդ կցակառույցներն ու ապօրինի շինություններն էին: Դա ամենաարդիական դասն է, որովհետև այսօր էլ շարունակում է մնալ»,- ասաց նա:
Նիկոլայ Գրիգորյանը հավելեց՝ այդ դասերի հետևանքով աշխատանքներ տարվեցին ռիսկերի նվազեցման, ապա նաև՝ ռիսկերի կառավարման քաղաքականության ուղղությամբ:
«Այժմ արդեն մշակվում է դիմակայունության ծրագիր, այսինք՝ որ այսօրվա ռիսկերի կառավարումից զատ՝ նախապես մշակում ես, թե վաղն ինչ ռիսկեր կարող են ծագել, և այդ ուղղությամբ կատարես քայլեր»:
Հարցին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մեր բնակֆոնդի մեծ մասը հին շենքերն են, արդյո՞ք այդ շենքերն ի վիճակի են դիմակայել հնարավոր նման աղետի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալը պատասխանեց. «Մենք շատ ողբերգական պատկեր կունենանք: Այն բոլոր շենքերը, որոնք կառուցվել են Սովետի ժամանակ, օրինակ, «խրուշչովկաներ»-ը, որոնց ժամկետը 50-60 տարի է, վաղուց անցել է դրանց ժամանակը»:
Ըստ Նիկոլայ Գրիգորյանի՝ աղետների ռիսկերի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ շենքերը հնացած են, ավտոպարկը հնացած է, իսկ այդ հնացումը արդիականացնելը, ամրացնելը, նոր կառուցելը ծախսատար է, բայց վտանգը շատ մեծ է, թեև այս օրհասական օրերին հետ է մղվել: