Չեմ գտնում, որ Կիրանցի պատի ճաքը շատ մեծ աղետ է. պատը եղել է ժողովրդի պահանջով, որը լուծել է ավելի շատ հոգեբանական խնդիր. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով մարզում տիրող սահմանային իրավիճակի մասին, ասաց՝ Տավուշում սահմանին կրակոցներ եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում։

«Կրակոցներն անկանոն, ուղղորդված չեն եղել որևէ կետի վրա։ Հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունեմ»,- նշեց մարզպետը։

Ինչ վերաբերում է սամանազատման գործընթացին, նա փոխանցեց, որ մարզում այս պահին սահմանազատման որևէ պրոցես չկա։

«Իմ տեղեկություններով, այս պահին որևէ պրոցես չկա, կարծում եմ՝ ճիշտը հարցն ուղղելն է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովին։ Սա ինձ վերաբերող հարց չէ, ուղղեք հանձնաժողովին»,- հավելեց պաշտոնյան։

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ Կիրանցում կառուցված նոր պատը ճաքեր տվեց, Հայկ Ղալումյանը պատասխանեց, թե պատը կառուցվել է կարճ ժամանակում, և պարզ է, որ այն իր հետևանքներն ունենալու էր։

«Չեմ կարծում, որ սա շատ մեծ աղետ է, վերականգնվող բան է։ Պատը 130 մետր երկարություն ունի, ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել, այն ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել»,- նշեց Հայկ Ղալումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս