
«Էներգետիկ անվտանգության հերն ուղղակի կանիծեն, այս մարդիկ ինքնիշխանությունից բարբաջողներ են». Դավիթ Ջամալյան

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսված գործընթացի՝ ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Նախաձեռնության հեղինակն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է հունիսի 18-ին, երբ ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց գործարար ՍամվելԿարապետյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ինչպես Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը, այնպես էլ Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի պետականացումը կապ ունի թուրք-ադրբեջանական պահանջների հետ։
«Սկսած Փաշազադեի՝ Առաքելական եկեղեցու վերաբերյալ վայրահաչոցից մինչև Փաշինյանի Թուրքիա կատարած այցը՝ ամեն ինչ շաղկապված է։
Իհարկե, ամենազարհուրելին Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավն է, բայց կա նաև շատ վտանգավոր՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց, սա որոգայթ է, որը դրվում է մեր պետականության ակունքներում։ Սա ոչ թե ուղղակի պետականացում է, այլ վաճառք թշնամուն։ Այսինքն՝ ՀԷՑ-ի շուրջ խոսակցությունները միս ու արյուն են ստանում, լուրերը, որ ՀԷՑ-ը խլելու են սեփականատիրոջից՝ Սամվել Կարապետյանից, որ վաճառեն։ Սրա վերաբերյալ հրապարակվել է նաև Արեշևի հոդվածը ու տեսեք՝ 1-2 շաբաթ անց պարզվում է, որ ՏԿԵ նախարարին ուղարկել են Թուրքիա, ինչ-որ ֆորումի մասնակցելու։ Հետո պարզվում է, որ այնտեղ համաձայնության են եկել էներգետիկ համագործակցության վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիան մշտապես պահանջ է ներկայացնում նաև Մեծամորի ատոմոկայանը փակելու համար։
«ՀԷՑ-ը կվաճառեն, ատոմակայանը կփակեն և էներգետիկ անվտանգության հերն ուղղակի կանիծեն։ Այս մարդիկ ինքնիշխանությունից բարբաջողներ են։ Հիմա, եթե մենք մեր ստրատեգիական օբյեկտը թույլ ենք տալիս, որ այս թուրքի խամաճիկները վաճառեն, մեր ինքնիշխանությունից ի՞նչ է մնում։ Մեր էներգետիկ անվտանգությունը, իմունիտետն ուղղակի զրոյացնում են, դրանից հետո ինչի՞ ենք վերածվում, մեր բոլոր ինստիտուտները վտանգի տակ են։ Սա Հայաստանի վիլայեթացում է»,- ընդգծեց Դավիթ Ջամալյան։