«Իշխանությունը պետք է կողմնորոշվի, հակառակ դեպքում երկրին միայն փորձանք են բերելու. «քուչից» ձայներ հավաքելով, ժողովրդին խաբելով՝ հարց չես լուծի». Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ Վերին Լարսից հայ տնտեսվարողների ապրանքների մի մասը հետ վերադարձնելը Հայաստան՝ ունի և՛ քաղաքական պատճառներ, և՛ ապրանքի որակի հետ կապված խնդիրներ։
«Այսօր բոլորն էլ հասկանում են, որ մեր տնտեսության արտահանման մեծ մասը կախված է Ռուսաստանից, և այդ լծակն այնտեղ օգտագործում են։ Եթե հիշում եք, խնդիրներ կար գինու, կոնյակի հետ կապված, կներեք բառիս համար, բայց սրանք «դիշովի պրիյոմներ» են ռուսական կողմից։ Հայկական կողմից ևս կան խնդիրներ, որովհետև եթե մեր կառավարությունն ուզում է որևէ խնդիր լուծել, ապա նախապես պետք է այդ հարցերով զբաղվեր։ Եթե մեր իշխանության ներկայացուցիչները չէին գնում ՀԱՊԿ միջոցառումներին, ապա հասարակությանը պետք է տրամադրեին, որ այսպես պետք է լինի, ու փորձեին առաջացած խնդիրները նախապես հաշվարկել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ՝ «Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի», և պատասխանելով հարցին՝ Հայաստանն այսօր գյուղատնտեսական ապրանքներն իրացնելու այլընտրանքային ի՞նչ շուկաներ ունի, Հրաչ Բերբերյանն ասաց՝ Հայաստանի չորս հարևաններից երեքը՝ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, ունեն նույն արտադրանքը, ինչ Հայաստանը, միայն ծիրանն է, որ Հայաստանինը որակապես ավելի լավն է։
«Թուրքիան նույնիսկ առանց ջեռուցման լոլիկ ու վարունգ է արտադրում՝ ինքնարժեքից շատ ցածր, այնպես որ՝ չեն կարողանալու նրանց հետ մրցել։ Ունենք լուրջ մրցակիցներ, որոնք մեզ կարող են հաղթել»,- նշեց Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ իշխանությունների չհաշվարկված ու սխալ քայլերի արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները։
Ըստ նրա, իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ ի վերջո, այս երկիրն ո՞ւր են տանում։
«Այս խնդիրը քաղաքական է ու պետք է քաղաքական լուծում ստանա, իշխանությունների այսօրվա ընտրած ճանապարհը հաշվարկված չէ, մանկական բաներ են անում։ Եթե իշխանությունը որոշել է գնալ Եվրոհամայնք, ապա նախապես իր ամբողջ ուժերը պետք է վերադասավորեր, որ մարդիկ այսօր փաստի առաջ չկանգնեին, եթե դեռ չի որոշել գնալ, ուրեմն՝ պետք է կողմնորոշվի, թե որ կողմ է գնում։ Մեր իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը, եթե չկողմնորոշվեն, երկրին միայն փորձանք են բերելու։ Ի վերջո, պետք է նաև կողմնորոշվեն, թե ովքեր են իրենց մշտական գործընկերները, ովքեր՝ ժամանակավոր։ Պիտի հասկանան, էլի, թե չէ՝ «քուչից» ձայներ հավաքելով, ժողովրդին խաբելով՝ հարց չես լուծի, վերջում բոլորիս կանգնեցնելու են փաստի առաջ»,- ասաց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ չեն կարող ունենալ զարգացած ու լավ երկիր, բայց ունենալ վատ գյուղատնտեսություն. անհնարին է։