Երևանում այսօր ունենք 4-րդ կարգի վթարայնության աստիճանի 14 շենք և 3-րդ կարգի՝ 107 շենք. Հրաչյա Պետրոսյան

Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25.000 մարդ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի «դասերին», խորհրդային տարիներին կառուցված և այժմ կառուցվող շենքերի սեյսմակայունության հարցին:

Հրաչյա Պետրոսյանը կարծում է՝ այսօր մենք շատ ավելի պաշտպանված ենք, քան 1988 թվականին, քանի որ այն ժամանակ չի եղել սեյսմիկ խնդիրներով զբաղվող պետական կառույց:

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը՝ որպես պետական կառույց, ստեղծվել է 1991 թվականին, որը պատասխանատու է սեյսմիկ ռիսկի նվազեցման համար բոլոր ուղղություններով:

Կարդացեք նաև

Բացի այդ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում գործում է երկրաբանական գիտությունների ինստիտուտը, որն ունի սեյսմոլոգիական խումբ և զբաղվում է երկրաշարժերի գրանցումներով, սեյմսիկ վտանգի, ռիսկի գնահատումով»,- մանրամասնեց սեյսմոլոգը:

Արդյոք լայն թափ առած շինարարությունների ժամանակ այսօր խստորեն պահպանվո՞ւմ են սեյսմիկ անվտանգության նորմերը՝ հետաքրքրվեցինք մասնագետից։ Ի պատասխան՝ նա նկատեց, որ կա համապատասխան տեսչություն, որը պարտավոր է վերահսկել այդ շինարարության նորմերի պահպանումը:

«Այդ նորմերը կան և թարմացվել են 2020 թվականին, այդ թվում՝ որպես հավելված, թարմացվել է նաև ՀՀ տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը, գոտիավորումը: Վերջինում կան տվյալներ, թե որ բնակավայրը որ սեյսմիկ գոտում է գտնվում, ու առավելագույնն ինչ ուժգնության երկրաշարժ կարող է այնտեղ լինել: Նախագծողը պետք է ծանոթանա այդ նորմերի հավելվածին և նախագծի այդքան բալ ուժգնության համար:

Օրինակ, Երևան քաղաքի ամբողջ տարածքում բոլոր շինարարները պարտավոր են կառուցապատումն իրականացնել առնվազն 9 բալ վտանգը հաշվի առնելով: Մինչև ՀՀ անկախացումը Երևան քաղաքի տարածքը քարտեզագրվել է՝ որպես 7 բալ, բայց Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ իրական սեյմսիկ վտանգը երկու բալ ավելի ցածր է գնահատվել»,- ասաց սեյսմոլոգը:

Հրաչյա Պետրոսյանին խնդրեցինք անդրադառնալ մայրաքաղաքի հին բնակֆոնդի խնդրին՝ հարցադրմամբ, թե որքանո՞վ են սեյսմակայուն այդ շենքերը վտանգի 9 բալ աստիճանին:

«Մինչև Սպիտակի երկրաշարժը՝ 1988 թվականը, խորհրդային տարիներին կառուցված շենքերի զգալի մասի սեյսմակայունությունը զիջում է այսօրվա պահանջներին, ինչը լուրջ խնդիր է:

Մենք այսօր Երևան քաղաքում ունենք 4-րդ կարգի վթարայնության աստիճանի 14 շենք և 3-րդ կարգի՝ 107 շենք: Առավել խոցելի են այդ 14 շենքերը. կառավարությունն ու քաղաքապետարանը նախևառաջ իրենց ուշադրությունը պետք է դարձնեն, որ այդ 14 շենքերը քանդվեն, դրանց փոխարեն կառուցվեն նոր շենքեր՝ սեյսմակայունության նոր նորմերի համաձայն, և մարդկանց վերաբնակեցնեն»,- պատասխանեց նա՝ արձանագրելով, որ որոշ վթարային շենքեր արդեն քանդվել են ու կառուցվել են նորերը, սակայն նման ծրագրերի իրականացումը մեծ գումարներ է պահանջում և ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս