Փաշինյանին ինչպես բերել ենք իշխանության, այնպես էլ կտանենք. Սուրեն Սահակյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ մեկնարկած «Զանգ» շարժումն իր աջակիցների թիվը հասցրել է 50-ի, և առաջիկայի համար խնդիր է դրված աջակիցների թիվը հասցնել 200-ի, ինչից հետո 10 օր հնարավոր կլինի Երևան քաղաքը պարալիզացնել և իրականացնել այն քայլերը, որոնք իրագործվել են իշխանափոխության հանգեցրած հաջողված շարժումների ընթացքում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Զանգ» շարժման անդամ, հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։
«Մենք բերել ենք, մենք էլ կտանենք։ Այո՛, մենք գործուն աջակցություն ենք ունեցել 2018 թվականի իշխանափոխության գործընթացին, մասնավորապես՝ տեխնոլոգիաների հարցում, և հիմա, ինչպես տեխնոլոգիան գծել ենք ու բերել Փաշինյանին, ի դեպ, օգտագործելով 10 գործիքներից մեկը՝ փողոց փակելը, այնպես էլ կտանենք՝ օգտագործելով այլ մեխանիզմներ ևս։ Փաշինյանը պետք է գնա, այլընտրանք չկա»,- ասաց Սահակյանը։
Փաշինյանին ժամանակին սատարած գործչի խոսքով՝ Փաշինյանին մերժելու հարցում իր համար մեկնարկային գիծ է եղել Փաշինյանի համաձայնությունն Ալիևի սահմանած Արևմտյան Ադրբեջան տեսությանը, ինչի պարագայում Հայաստանը դառնալու է հայ-ադրբեջանական խառը պետություն, ինչպես նաև Արցախի կորուստը։
Հարցին՝ եթե Արցախն իր համար կարմիր գիծ էր, ինչո՞ւ Արցախի 10.000 քառակուսի կմ կորստից հետո՝ 2021 թվականին, ինքը գնաց Կառավարության շենք և սեղմեց Փաշինյանի ձեռքը, Սուրեն Սահակյանը պատասխանեց՝ կարծում է, որ Փաշինյանը Արցախը կորցրել է ոչ թե դավաճանական պլանի արդյունքում, այլ վարած սխալ քաղաքականության հետևանքով։
«Հանդիպել եմ այն մարդկանց հետ, որոնք ասում էին, որ Փաշինյանը դավաճան է։ Հանդիպել ու ասել եմ՝ փաստեր բերեք, որ նա հանձնել է, ոչ թե մենք պատերազմը պարտվել ենք անկազմակերպվածության պատճառով։ Ասել եմ՝ փաստեր տվեք, ես ինքս ինձ հետ հաշտ չեմ, կա՛մ ինձ մի բան կանեմ, կա՛մ Փաշինյանին, սակայն ընդդիմադիրներն ինձ չեն բերել նման փաստեր, և, ինչպես Սեյրան Օհանյանը նշեց, այդ վիճակի պատճառը տգիտությունն էր, դիվանագիտական քայլերով պատերազմը չկանխելը, անկազմակերպվածությունը։ Կրկնում եմ՝ փաստ, որ դավաճանաբար պայմանավորվել է, որ Արցախը հանձնի, ինձ հայտնի չէ»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով՝ անկախ նրանից՝ կա՞ դատավճիռ, թե՞ ոչ՝ Փաշինյանի դավաճան լինել-չլինելու վերաբերյալ, միևնույն է՝ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, ուստի, նրա հեռացումն անհրաժեշտություն է՝ Հայաստանը չկորցնելու համար։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։