«Երրորդ Հանրապետությանը երկու մարդ է շատ մասշտաբային վնաս հասցրել՝ Նաիրի Հունանյանն ու Նիկոլ Փաշինյանը». Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանի «վարչապետությամբ» արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավոր սցենարն իրարամերժ տեսակետներ է առաջ բերել ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:

Կա պնդում՝ չպետք է լեգիտիմացնել Փաշինյանի իշխանությունը. «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի այնպես, ինչպես եկել է», սակայն նաև տեսակետ է հնչում, թե ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են արտահերթ ընտրությունները, «քանի որ ներքին անկայունությունը վտանգավոր կլինի»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների նախադրյալներն այնքան շատ են, որ ցանկացած երկրում դրանցից մեկի առկայության պարագայում նույնիսկ՝ այդ ընտրությունները կիրականացվեին:

«Ես բազմաթիվ փաստերի վրա չեմ կենտրոնանա՝ ընդամենը 2-ը կասեմ:

Կարդացեք նաև

2021թ. «Քաղաքացիական պայմանագիրն» ունեցել է նախընտրական խոստումներ, որոնք հետո դարձել են Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի մաս: Դրանցից մեկը Կոսովոյի նախադեպով Ղարաբաղի անկախությանը հասնելն է, Շուշիի, Հադրութի դեօկուպացիան և այլն: Քանի որ այդ խոստումները չեն կատարվել, իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը, և միայն այդ նորմը բավարար է արտահերթ ընտրություն անցկացնելու համար:

Հաջորդը՝ Երևանի ավագանու ընտրություններում ցածր մասնակցությունը, ՔՊ-ի խայտառակ ցուցանիշն ապացուցեցին, որ հասարակությունը խոր անվստահություն ունի պետական և ընտրական ինստիտուտների հանդեպ, և այդ ճգնաժամի հանգուցալուծման ելքն էլ է արտահերթ ընտրությունները»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը:

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսույթն ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիների հետ բեմականացված հարցուպատասխանից հետո, քանի որ հնչեցված նարատիվներից տպավորություն էր, թե ազդարարում է հնարավոր արտահերթ ընտրությունները:

«Դա կարող է տարբեր պատճառաբանություններ ունենալ՝ սկսած նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո: Կամ՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո անցկացրեց ընտրություններ, որպեսզի այդ փաստաթուղթը մարսի, իսկ այժմ՝ Ղարաբաղի կործանումից հետո է անցկացնում ընտրություններ, որպեսզի այդ կործանումը մարսի ու պատրաստվի նորից նշաձող իջեցնել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ արդյո՞ք այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այդ սցենարով գնալ, քաղաքագետը պատասխանեց՝ դիտարկմամբ, որ այլ սցենար ունենալու համար ընդդիմությունը պետք է հայտարարի, որ չի վախենում որևէ ընտրությունից:

«Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ իշխանության վերարտադրման ծրագրերն իրականություն չդառնան, և երկրում իշխանափոխություն տեղի ունենա: Առաջարկում եմ, որպեսզի խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերները ոչ թե գաղափարից զգուշանան, այլ փորձեն այնպիսի որակ ստեղծել, որը հնարավորություն չի տա իշխանության ծրագրի իրականացումը. հակառակը՝ ընդդիմությունն ինքը պետք է արտահերթ ընտրություններ պահանջի»,- շեշտեց ընդդիմադիր կուսակցության նախագահը:

Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց են տվել, որ ընդդիմության ավելի կազմակերպված ու մեթոդական ճիշտ գործիքակազմով ներկայանալու պարագայում իշխանությունն ուղղակի տապալվելու էր:

Սուրեն Սուրենյանցից նաև հետաքրքրվեցինք, թե իշխանափոխությունից հետո ընդդիմությունն ի՞նչ հնարավորություններ կունենա՝ կանխել կորուստների շղթա՞ն, թե՞ նաև՝ ինչ-ինչ հարցերում շրջելիություն ապահովել:

«Բաներ կան, որոնք մենք անշրջելի կորցրել ենք,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետն ու ցավով արձանագրեց,- Երրորդ Հանրապետությանը երկու մարդ է շատ մասշտաբային վնաս ու հարված հասցրել՝ Նաիրի Հունանյանն ու Նիկոլ Փաշինյանը. Նաիրի Հունանյանը պետական ինստիտուտները գնդակահարեց, Նիկոլ Փաշինյանը՝ պետականության հիմքերը: Սակայն, եթե մենք Նաիրի Հունանյանին սպանենք, դժբախտաբար, դրանից Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը չեն կենդանանալու, ու նաև՝ եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից, դժբախտաբար, կորուստներ կան, որոնք չեն վերադառնալու:

44-օրյա պատերազմի հետևանքների մի մասն անշրջելի է, ու, ցավոք սրտի, Արցախի կորուստն էլ եմ ես այդ համատեքստում տեսնում: Բայց մենք այդ դեպքում գոնե կարող ենք կանխել ազգակործան այս ընթացքը և թույլ չտալ նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումը, որը վտանգներ կստեղծի ՀՀ ինքնիշխան տարածքի համար, նախադրյալներ՝ ադրբեջանցի «փախստականների» վերադարձի համար,  քննարկման առարկա դարձնել անկլավների հարցը և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս