Անվտանգություն արտադրողից վերածվել ենք անվտանգություն սպառողի, իսկ դա խաղաղություն ապահովելու ռեսուրս չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Խաղաղության խաչմերուկի» քարտեզում ամեն ինչ ճիշտ է նկարագրված՝ բացի մեջտեղի գծերից։ Սա ոչ թե խաչմերուկ է, այլ Հայաստանի վրա խաչ քաշելու քարտեզ։ Այս իշխանությունները սիրում են քարոզչություն անել, ինչ-որ բաներ փաթեթավորել, ասել՝ գաղափար ունենք, և դա փորձել «վաճառել» տարբեր հարթակներում։ Ինչ-որ մեկի գլխում հիմա ծնվել է «խաղաղության խաչմերուկի» գաղափարը, իրենք սկսել են դա տարբեր տեղերում ցույց տալ, ասում են՝ նման միտք ունենք, այսպես է լինելու։ Բայց հենց այդ գաղափարի առաջին փորձաքննությունն է սկսվում, միանգամից հարցեր են առաջանում։ Եվ փորձագիտական շրջանակներում առկա գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանն ունի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ռեսուրս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Եվրոպացի փորձագետները մեզ ասում են, որ մենք Արցախն ու այլ տարածքներ ենք կորցրել, կանգնած ենք Սյունիքը կորցնելու վտանգի առջև, պատրաստ չենք մեր սեփական անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք ուզում խաղաղություն վաճառել ամբողջ տարածաշրջանին։ Դրա ռեսուրսը Հայաստանը չունի։ Փաշինյանի կառավարության ներկայացրած այդ ծրագիրը կարող էր գործել, եթե դրան կողմ լինեին Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, այսինքն՝ բացի Հայաստանից՝ բոլորը։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ սա տարածաշրջանի քաղաքական օրակարգ չէ, և եթե նույնիսկ կա տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու քաղաքական օրակարգ, դրա մատակարարն այսօր արդեն Հայաստանը չէ»,- ասաց հասարակական գործիչը:
«Մինչև 44-օրյա պատերազմում մեր պարտությունը Հայաստանն, այո՛, տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկն էր։ Մենք եղել ենք անվտանգություն արտադրող և ոչ թե՝ սպառող երկիր։ Բայց հիմա մենք անվտանգություն սպառող երկիր ենք, մեզ բոլորն ուզում են գալ և օգնել, բայց բոլորը միասին չեն կարողանում օգնել, որ այս կործանարար ընթացքից դուրս գանք։ Հետևաբար՝ մենք ինչպե՞ս ենք սպասարկելու ոչ միայն մեր, այլև ընդհանրապես տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Դրա ռեսուրսը չկա։ Այն, ինչն առաջարկում են՝ որպես խաչմերուկ, շատ կետերով հակասության մեջ է մտնում տարածաշրջանում ավելի ուժեղ դիրքեր ունեցող երկրների շահերի հետ։ Նույն Թուրքիան և Ադրբեջանը, բնականաբար, Հայաստանն իրենց համար դիտարկում են որպես միջանցք՝ միմյանց հետ չվերահսկվող կապ իրականացնելու համար։ Սակայն որևէ կերպ Հայաստանը չեն դիտարկում՝ որպես նմանատիպ միջանցք Իրանի համար»,- նշեց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ այս տարածաշրջանում, միևնույն է, Թուրքիան և Իրանը մշտապես մրցակցելու են, Ռուսաստանն ու Արևմուտքն էլ՝ մյուս կողմից. «Երբ դու գալիս և ասում ես՝ ճանապարհները բաց են, որևէ վերահսկողություն չի լինելու, այստեղ միանգամից սկսվում է աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունը։ ՌԴ-ն ուզում է, որ այդ խաչմերուկը լինի իր վերահսկողությամբ, Արևմուտքը՝ իր, Թուրքիան և Իրանը՝ իրենց։ Եվ նորից՝ հակասություն ու կոնֆլիկտ, ու դու այն պետությունը չես, որ կարողանաս զսպել այդ բոլորի ախորժակն ու ասել՝ ո՛չ, տարածաշրջանը շարժվելու է այս օրակարգով։ Որքան հանգիստ է վերաբերվում Ռուսաստանն այստեղի գործընթացներին, նույնքան անտարբեր է Արևմուտքն այդ ամենի նկատմամբ։ Մամուլում կարդում ենք ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Պետքարտուղարության պաշտոնյայի՝ Օ՛Բրայենի հայտարարությունները, որ Հայաստանն արտաքին քաղաքականություն է փոխում։ Բայց երբ Արևմուտքում խոսում ես այդ քաղաքականությունը մշակող անձանց հետ, այնտեղ վերապահումներով են վերաբերվում Փաշինյանի՝ այդքան արագ դեպի Արևմուտք գնալու գաղափարին»:
«Արևմուտքում կա վախ, որ Հարավային Կովկասը կվերածվի Ռուսաստանի հետ հակամարտության թեժ կետի, երկրորդ ճակատի։ Եթե նախկինում կարծում էինք, թե Արևմուտքը կարող է երկրորդ ճակատ բացել՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ պայքարում հաջողություններ արձանագրելու համար, հիմա Արևմուտքն ինքն է սկսել վախենալ այդ երկրորդ ճակատից։ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմն արդեն անհեռանկար է, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ հրաժարվում են պատժամիջոցները սպասարկելու գաղափարից։ Արևմուտքը՝ որպես Ուկրաինայի զենքի, գումարի, տնտեսության մատակարար, սպառվել է, չունի ռեսուրսներ։ Եվ եթե Արևմուտքում կա գիտակցում, որ Ուկրաինայում գործը բուրդ է, բնականաբար, նրանք չեն ցանկանա, որ գործը բուրդ լինի նաև Հարավային Կովկասում»,- ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։