ՀԱՊԿ-ը չի ուզում, ՆԱՏՕ-ն չի կարողանում․ ի՞նչ անի Հայաստանը
Մանավանդ անցած 3 տարիներին ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի կարող, կամ ավելի շուտ՝ չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք՝ ներկայացվում է ՆԱՏՕ-ն։ Սակայն ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանն ունի մեծագույն խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ն չի շտապում մտնել մեր երկիր և ապահովել մեր անվտանգությունը։ Դրա համար նա ունի իր պատճառները․ նախ՝ այստեղ հաստատված է Ռուսաստանի գերիշխանությունը, և ՆԱՏՕ-ի համար խնդրահարույց է Ռուսաստանի հետ հակամարտության նոր օջախ ստեղծելը։
Հայաստանը գտնվում է իր հարևանների հետ պատերազմի մեջ, իսկ ՆԱՏՕ-ն փորձում է խուսափել պատերազմական գոտիներում ներառվելուց՝ գերադասելով երկրների հետ աշխատել խաղաղ ժամանակներում և դրանով կանխարգելել պատերազմները։ Սրան պետք է ավելացնել Հայաստանին բնորոշ այնպիսի երևույթներ, ինչպես ժողովրդավարական կառավարման ցածր մակարդակն է և համատարած կոռուպցիան, որոնք ՆԱՏՕ-ն համարում է լուրջ խոչընդոտներ ետսառըպատերազմյան իր ընդլայնման համար։
Այս ամենին պետք է գումարել ՆԱՏՕ-ի հետ կապված երկրորդ կարևոր պրոբլեմը։ Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայով, որը մեզ թշնամի պետություն է։ Այդ իսկ պատճառով շատերը հենց ՆԱՏՕ-ն են համարում մեր համար թշնամական ռազմաքաղաքական միավորում։ Մեզ թշնամի Թուրքիայի առկայությունը դժվարացնում է ՆԱՏՕ-ական երկրների և ողջ բլոկի աշխատանքը տարածաշրջանում։
Բավական է նշել այն փաստը, որ ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան մտան ոչ թե ՆԱՏՕ-ական Թուրքիայի տարածքով, այլ Վրաստանով։ Դրանից բացի, վերջին շրջանում Թուրքիան չի ենթարկվում Բրյուսելի որոշումներին՝ փորձելով ոչ միայն նրանից իր համար դիվիդենտներ պոկել, այլև ամբողջապես ինքնուրույն, ՆԱՏՕ-ին հակադրվող քաղաքականություն վարել։ Դրա ապացույցներն են Անկարայի պահվածքն ուկրաինական պատերազմի ընթացքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում՝ սիրիական և պաղեստինա-իսրայելական պատերազմներում։
Այս ամենը Հայաստանի համար դառնում է անհաղթահարելի խոչընդոտ, ինչի պատճառով ՆԱՏՕ-ին անդամակցելը, կամ գոնե անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի վրա հույս դնելն անիրատեսական է։
Եթե ՆԱՏՕ-ն չի կարող ապահովել մեր անվտանգությունը, արդյո՞ք պետք է մեր հույսը դնենք ՀԱՊԿ-ի վրա, ով նույնպես չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Այսպիսի երկընտրանքը հաճախ է ներկայացվում՝ որպես անխուսափելիություն, Ռուսաստանի ազդեցության տակ մնալու, նրա քաղաքական հրահանգները և կամակորությունները կատարելու ֆատալիստական ընտրություն։
«Կամ-կամ»՝ նման հարցադրումը Հայաստանի անվտանգության, ու նաև՝ քաղաքական համակարգը կաթվածահար է անում, տեղ բացելով «Պուտինը ինչ-որ պահի մեզ կփրկի» կամ «խաղաղության խաչմերուկ» տիպի անհեթեթությունների համար։
Այս փակ շրջանից դուրս գալու համար պարզապես պետք է ավելի լայն նայել աշխարհին։ Խնդիրն այն է, որ ռազմաքաղաքական բլոկների հակադրության մեխանիզմը զուտ սառըպատերազմյան մոտեցում է, որտեղ էլ ձևավորվել է այս «կամ ՆԱՏՕ, կամ Վարշավայի պայմանագրի կազմակերպություն (այժմ՝ ՀԱՊԿ)» երկընտրանքը։ Ավելին, այս երկընտրանքը Սառը պատերազմի տարիներին անվտանգություն է ապահովել միայն Եվրոպայում, և պետք է խոստովանել, որ լավ է ապահովել՝ թույլ տալով աշխարհամասում առաջին և միակ պատերազմը՝ հարավսլավականը, Սառը պատերազմի համակարգի փլուզման ժամանակ։
Սառը պատերազմի մյուս կարևոր օջախում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործել է խաղաղության ապահովման բացարձակ այլ գործիք՝ անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների և պայմանագրերի մեխանիզմը։ Սրա հետևանքով է ԱՄՆ-ը ռազմական բազաներ հաստատել ռեգիոնում, սրա պատճառով է Չինաստանի զսպման համար հնարվել Թայվանը, Հյուսիսային-Հարավային Կորեաներ կոնֆլիկտը, էլ չխոսելով Հնդկաչինի, Ֆիլիպինների և տարածաշրջանի մյուս երկրների դերակատարության մասին։
Ավելին, հրապուրվելով Եվրոպայում բլոկային համակարգի հաջողություններից, այստեղ ևս ժամանակին ստեղծվել է ռազմաքաղաքական SEATO բլոկը, սակայն տարածաշրջանի առանձնահատկությունների և դինամիկ զարգացման պատճառով այս համակարգն ավելի շատ ֆորմալ էր, և ժամանակի ընթացքում անգամ ձևականորեն չեղյալ հայտարարվեց։ Պետք է նկատել, որ երկկողմ պայմանավորվածությունների համակարգը Հարավ-Արևելյան Ասիայում չափազանց էֆեկտիվ էր, և թույլ չտվեց խոշոր կոնֆլիկտներ ոչ միայն Սառը պատերազմի ընթացքում, այլև հիմա՝ այդ պատերազմի ավարտից հետո ավելի քան 30 տարիների ընթացքում։
Նման բլոկային համակարգ՝ Բաղդադի պակտ, CENTO, կամ METO, հնարվել էր նաև մերձավորարևելյան խաղաղության համար, սակայն այն շատ արագ փլուզվեց; Տարածաշրջանում խաղաղությանը չնպաստեցին նաև համաարաբականության և համաիսլամականության հիմքի վրա բլոկների որոնումները։ Այստեղ շատ-շատ էին երկրների շահերի միջև հակասությունները, հզոր էր գաղութատիրության ժառանգությունը, ինչը ստիպում էր երկրներին նոր տերեր որոնելու, չափազանց էական էր նավթի գործոնը, և այս ռեգիոնը մինչ այժմ էլ մնում է չմարող հակամարտությունների գոտի։ Իհարկե, ամենակարևորն այն էր, որ տարածաշրջանի երկրները չկարողացան վարել ճկուն դիվանագիտություն, ինչի հետևանքով անընդհատ մի ծայրահեղությունից նետվում էին մյուսի մեջ։
Երկկողմ պայմանավորվածությունների հաջողության լավ օրինակ է հենց մեր թշնամի Ադրբեջանը, ով կարողացավ օգտագործել անհրաժեշտ ռազմավարական պահը, առանց ֆորմալ եռակողմ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան բլոկի ստեղծման՝ կարողացավ համադրել այս երկրների շահերը և տարածաշրջանում հասնել մեծ ռազմաքաղաքական հաջողությունների։
Հայաստանի դեպքում արդեն իսկ նշմարվում է որոշ երկկողմ հարաբերությունների զարգացում, խոսքն առաջին հերթին գնում է Ֆրանսիայից և Հնդկաստանից սպառազինությունների գնման, Հունաստանի հետ ռազմական համագործակցության, Իրանի հետ որոշ ստրատեգիական համաձայնությունների, Միացյալ Նահանգներից հնչող կարևոր հայտարարությունների մասին։ Իհարկե, սրանք միայն բողբոջներն են, բայց սրանք ռեալ պոտենցիալ ունեն ձևավորելու անվտանգության քաղաքականություն։ Դրա համար անհրաժեշտ են ճկուն և համառ դիվանագիտական ջանքեր ու մեծ աշխատանք, մինչդեռ մենք ուղղակի վիճում ենք, թե որտեղ ստորագրել Հայաստանի կապիտուլյացիան՝ Բրյուսելո՞ւմ, թե՞ Սոչիում։
Իսկ ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ։ Պատասխանը շատ պարզ է․ ոչ մի բան։ ՀԱՊԿ-ն իր ընթացքով գնում է փլուզման, արդեն այն անգամ ի վիճակի չէ արգելելու բլոկից դուրս զենքի մատակարարումները Հայաստանին։ Մենք պետք է հասկանանք, որ նրանից շատ օգուտ չկա, բայց և չկորցնենք այն օգտագործելու մեր շանսերը, օրինակ, ետ չկանչենք ՀԱՊԿ հայաստանյան ղեկավարին, քվեարկությունների ժամանակ արգելափակենք մեզ համար անհաճո որոշումները, մի խոսքով, զբաղվենք ոչ բարեկամական կազմակերպության հետ հնարավոր շփումներով։ Ու նաև չցանցառանանք ու մեջ չընկնենք, ինչպես եղավ երկու տարի առաջ Ղազախստանի դեպքերում, ու չդիմենք դեմարշների, ինչով զբաղված ենք վերջին ողջ ընթացքում։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ