Ստահակության մրցավազք՝ հանուն առևտրի

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սկսվել է մրցավազք՝ «ամենահակաարցախյան հայտարարություն» չհայտարարված խորագրով։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած ու այսօր ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված մեկը հայտարարում է՝ «Արցախի պետական ինստիտուտները մնան, որ ի՞նչ անեն», նույնքան անտրամաբանորեն Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում հայտնված մյուսը, որ ժամանակին Աղդամն իր հայրենիքն էր համարում, հարցնում է, թե «ի՞նչ եք հասկանում Արցախի ինքնորոշում» ասելով, ու խոսում է արցախահայերի՝ Ադրբեջան վերադառնալու հնարավորության մասին։

Նրանց չի մտահոգում, որ Արցախի մասին նման հայտարարությունները հարյուր տոկոսով նույնական են Ադրբեջանից հնչող հակահայկական կոչերի հետ։

Նրանք համերաշխ են ադրբեջանցիների հետ և երջանիկ՝ այդ համերաշխությամբ։ Նման հակաարցախյան հայտարարություններով նրանք լուծում են տարբեր խնդիրներ և, ըստ ամենայնի, դրանք անում են ոչ թե սեփական անհայրենիքությունից դրդված, այլ որպես հանձնարարված ստահակություն։

Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի հակաարցախյան քաղաքականությամբ  ինքը չլինի միակը կամ ամենանողկալին։ Նրան պետք է, որպեսզի Արցախի հանդեպ իր ուրացումը կիսեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ։ Ոչ միայն համազգային անեծքը կիսելու, այլ հնարավոր պատասխանատվության դեպքում գնդակահարության պատի տակ միայնակ չկանգնելու համար։

Կարդացեք նաև

 Բացառված չէ նաև, որ սա ոչ թե հանձնարարված, այլ վերահանձնարարված ստահակության շքերթ է, և իրական պատվիրատուները գտնվում են Ադրբեջանում, որին նման հայտարարությունները պետք են հետագայում նաև Արցախյան առաջին պատերազմը որպես «ահաբեկչություն» հիմնավորելու ու Հայաստանից հսկայական ռազմատուգանքներ գանձելու համար։

Հայտարարողներին, իհարկե, դա չի հուզում, քանի որ տուգանքները վճարելու են ոչ թե իրենք, այլ Արցախն իրականում իրենց հայրենիքը համարողներն ու նրանց սերունդները։ Իսկ ստահակության սպարտակիադայի մասնակիցները մինչ այդ հրճվում են Ադրբեջանի հետ առևտրի հեռանկարով։ Արցախի մասին նրանց հայտարարություններում ուրացումից հետո հաջորդում է առևտրի հեռանկարի մասին հույսը, որով նրանք՝ հասկանալով կամ ոչ, մատնում են, որ Արցախի հետ տեղի ունեցածը մեծ առևտուր էր, որից իրենք անձամբ ստացել են իրենց մասնաբաժինը, այդ թվում՝ իշխանության տեսքով։

Բայց այս ամենը հնարավոր է դարձել ոչ միայն պաշտոնյաների լկտիության բերումով։ Նրանց հայրենադավության հիմնական պատճառներից մեկը հասարակության հանդուրժումն է։ Եթե Հայաստանի որևէ պաշտոնյա 5, 10 կամ 15 տարի առաջ աներ այնպիսի հայտարարություններ, որոնցով այսօր ողողված է պաշտոնական լրահոսը, նրանց կգամեին ոչ միայն անարգանքի, այլ շատ ավելի առարկայական սյուների։ Բայց այսօր հանրությունը դինջ անտարբերությամբ հետևում է հայրենիքի ուրացմանը՝ իր հանդուրժողականությամբ դառնալով դրա մի մասը։ Իսկ պաշտոնյաները շարունակում են այլասերվել՝ հպարտանալով իրենց դավանած «պետության» այն կոնցեպտով, որի միակ արժանիքն առևտուր անելու հնարավորությունն է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս