Մայրենի լեզվի դասագրքում թուրքական դրոշները, բարեբախտաբար, արդեն հասանելի չեն. թուրքական պրոպագանդայի գրոհն ու ԿԳՄՍՆ անձեռնահասությունը
Դեռ չեն մարել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ փոթորկված կրքերը, որում դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը հայոց խեղաթյուրված ու թուրքական ազգայնական պատմագիտական նկրտումներին համահունչ բովանդակություն է հրամցրել մատաղ սերնդին, երեկ ուշ երեկոյան էլ նոր ռումբ պայթեց՝ կրկին դասագրքերի հետ կապված:
«Ուշադրություն
5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքի QR կոդերը, որ նախատեսված են լրացուցիչ տեղեկության համար, ջարդված են. թուրքական քարոզչություն է բացում…»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի նախկին երկարամյա լրագրող Լիանա Կարապետյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ-ապացույց ասվածի վերաբերյալ:
Գրառումը շատ արագ տարածվեց, և մեկնաբանություններից պարզ դարձավ, որ խնդիրը նոր չէ ու միայն 5-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագրքի հետ չէ կապված:
168.am–ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից, ի պատասխան խնդրի վերաբերյալ հարցի, ասացին՝ կայքերին այդ հասանելիությունն արդեն փակվել է:
«Եթե հիմա փորձեք, արդեն նույն պատկերը չեք տեսնի: Հասանելիությունն արդեն փակ է: Հաքերային հարձակում էր»,- ասացին ԿԳՄՍՆ-ից:
Ստուգեցինք. Համենայն դեպս նշված 5-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագրքի մեջ, այո՛, թուրքական դրոշը հասանելի չէր, սակայն QR կոդ հասկացությունը նույնպես չկար. Error… Այսինքն՝ բովանդակային ու որակական առումով դասագիրքն այս պահին համենայն դեպս իր հանրահռչակված չափանիշներին չի համապատասխանում:
Թեմային քիչ առաջ անդրադարձել էր նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց (էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։
Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QR-ների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել։
Հ.Գ. Հավելեմ, որ լավ է, գոնե մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք, ինչ ասես»,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում:
ԿԳՄՍՆ-ն ու հատկապես նախարար Ժաննա Անդրեասյանը շատ ցավոտ են տանում կրթության «բարեփոխումներին» ու դասագրքերի բովանդակությանն ու որակին ուղղված ցանկացած քննադատություն:
Տիկին նախարարն ընդհանրապես բավականին ագրեսիվ տոնով է արձագանքում դասագրքերի հետ կապված աղմուկին ու խորհուրդ տալիս համակերպվել. Դասագիրքը չի փոխվելու (7-րդ դասարանի «Հայոց Պատմության» դասագիրք.- Գ.Ս.):
Այստեղ տեղին է ասել՝ «Դուք սկի մի դասագրքի QR կոդերին չեք կարողանում տիրություն անեք, որ թուրքական պրոպագանդան բոլոր ֆրոնտներով չգրոհի, կրթության բարեփոխումներ եք նախաձեռնում»: