«Եթե Ադրբեջանը կամք դրսևորի՝ գալիք 15 օրում կարելի է կնքել խաղաղության պայմանագիրը». Ալեն Սիմոնյան

«Խնդիրն այն է, որ Սովետական Միության ժամանակ որևէ մեկը չի մտածել՝ մտածել են, որ Սովետ Միությունը հավերժ է, և բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը։ Կա Արծվաշենը, որը, որքանով ես տեղյակ եմ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ այլ կողմ չի սակարկում։ Վստահ եմ, որ մենք այդ հարցում լուծում կգտնենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԾ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «անկլավների» վերաբերյալ հայտարարությանը։

Ըստ Ալեն Սիմոնյանի, եթե անկլավների վերաբերյալ կա իրավական հիմնավորում, «պատրաստ են Ադրբեջանին վերադարձնել իրենց անկլավները, Ադրբեջանն էլ վերադարձնի Արծվաշենը»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դրանք նույն նշանակությունն ունեն,  քանի որ Հայաստանի համար դրանց վերադարձն առաջացնում է ճանապարհային խնդիրներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ լրագրողի դիտարկումը ճիշտ է, բայց չպետք է ամեն ինչ վերջնականացնել, քանի որ չի բացառում, որ ինչ-որ ձևով լուծում գտնեն։

«Օրինակ, այն, ինչ գտնվում է սահմանից այս կողմ՝ կմնա այստեղ, ինչը գտնվում է  սահմանից այն կողմ՝ կմնա այնտեղ։ Օրինակ, Արծվաշենն իր տարածքով շատ ավելի մեծ է, քան 2-3 անկլավը, որի մասին Ադրբեջանը կարող է խոսել։ Դրա համար ասում եմ՝ մենք հիմա մտնում ենք դետալների մեջ, հիմնական սկզբունքները ես ձեզ բացում եմ, ասում եմ։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ անկլավների հարցը խաղաղության պայմանագրից դուրս քննարկելու հարց չէ, և չգիտեմ՝ վերջնական տեսքն ինչ կունենա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո որոշ ժամանակ կպահանջի դեմարկացիան և դելիմիտացիան, բայց ըստ իս, այդ հարցն ավելի քաղաքական հարց է, քանի որ առաջանում է  սերվիտուտի հարց։ Ենթադրենք՝ մենք ուզում ենք Արծվաշենում ունենալ փոքրիկ զորամաս, կամ Ադրբեջանն է ուզում իր անկլավում ունենալ փոքրիկ զորամաս, լավ, ռազմական ներկայություն չէ, ինչ-որ մեկն ինչպե՞ս է գալու ու անցնի։

Եթե խաղաղություն է,  Վրաստանի, Պարսկաստանի բնակիչը չի մտածում Հայաստանի տարածքով անցնելուց։ Հայաստանն ի վիճակի է այդ փոքր տարածքը կամ մի քանի փոքր տարածք, որ Հայաստանից հնարավորություն ունենան էքսկլավ գնալու՝ հիշենք, որ Նախիջևանը էքսկլավ է, Հայաստանն ի վիճակի է իր ուժերով վերահսկել ու տրամադրել, նույնը պետք է անի Ադրբեջանը»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր հանդիպում նախատեսվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ Հայաստանը վերջին ժամանակահատվածում որևէ հանդիպում, իր տեղեկություններով, չի մերժել։ Մերժումը եղել է Ադրբեջանի կողմից՝ Գրանադա, Բրյուսել, և Վաշինգտոնի հանդիպումներից։

«Այս  պահին առաջնորդների մակարդակով հանդիպում նախատեսված չէ, Հայաստանը նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը չպատասխանեց հարցին, թե խաղաղության պայմանագրում արցախահայության՝ Արցախ վերադառնալու հարց կա՞, ընդգծելով, որ չի կարող ասել։

Նա նաև տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ են ուղարկել Ադրբեջանին, սակայն պատասխանը դեռևս չեն ստացել։

«Ցանկության դեպքում կարելի է գալիք 15 օրում կնքել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը դրսևորի քաղաքական կամք»,- ասաց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է առաջիկայում Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցելու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը փոխանցեց, որ այս պահին դեռևս որոշում չկա։ Բայց կարծում է, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելիս՝ Հայաստանը պետք է մասնակցի։

«Մենք ստանձնում ենք այս կառույցի նախագահությունը և տնտեսական առումով այն մեր հիմնական միջավայրն է ապահովում»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս