ՀՀ-ին և ՌԴ-ին ՀՕՊ համակարգերը դեռ երկար պետք կգան. փորձագետը` Շոյգուի հայտարարության մասին․Sputnik Արմենիա

Հակաօդային պաշտպանությունը Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության առանցքային բաղադրիչներից մեկն է, և չնայած երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցմանը, այս ոլորտում համակարգումը պահպանվում է և կշարունակվի ապագայում: Sputnik Արմենիային այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը ՀԱՊԿ շրջանակներում միասնական ՀՕՊ համակարգի փաստացի գործունեության մասին։

Ռուս նախարարը մասնավորապես նշել էր, որ ՀԱՊԿ երկրների միացյալ ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծված է, և կան համաձայնագրեր, հակաօդային պաշտպանության համակարգեր կան պետություններից յուրաքանչյուրի հետ՝ Հայաստանի, Ղազախստանի և կազմակերպության մյուս մասնակիցների հետ։

Շոյգուի հայտարարությունը հնչել է կազմակերպության դեմ Հայաստանի փաստացի դեմարշների ֆոնին։ Երևանն անցած մեկ տարվա ընթացքում հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ զորավարժությունները և մասնակցել դրանց կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում, հետ է կանչել մշտական ներկայացուցչին, իսկ օրերս վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն առհասարակ բոյկոտեցին Մինսկի գագաթնաժողովը: Այս ֆոնին այն հարցը, թե ընդհանրապես գործում է արդյոք Հայաստանի և Ռուսաստանի միասնական համակարգ ՀՕՊ-ը (որպես կազմակերպության հիմնական շարժիչ ուժ- խմբ.), ավելի արդիական է, քան երբևէ։

Հարությունովը նշեց, որ երբ խոսվում է ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական համակարգի մասին, ապա պետք է հասկանալ, որ իրականում խոսքը հայ-ռուսական հարթության մասին է: Իսկ ՀՕՊ համակարգը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Այս համակարգը հիմնականում ուղղված է թուրքական ուղղությամբ և սերտորեն ինտեգրված է հայկական հակաօդային պաշտպանության համակարգին։ Այդ սխեման քանդելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես տեխնիկապես, այնպես էլ քաղաքականապես՝ հաշվի առնելով, որ դրա համար առնվազն պետք է դուրս բերել ռուսական ռազմակայանը։ Նման սցենարի իրականացման գնալու համար Հայաստանի ղեկավարությունը պետք է այլընտրանք գտնի այդ ամենին։

«Մենք գիտենք, որ ՀՕՊ-ի զարգացումը հայկական բանակի արդիականացման ընդհանուր համատեքստում ամենասուր խնդիրներից մեկն է։ Եվ եթե Հայաստանը հրաժարվի այն ռեսուրսներից, որոնք տրամադրում է ռուսական բազան, ապա պարզ չէ, թե որտեղից է միջոցներ գտնելու փոխհատուցման համար»,-ասաց Հարությունովը։

Փորձագետը հույս է հայտնել, որ իշխանությունները պրագմատիզմ կդրսևորեն և, ինչպես տնտեսական համագործակցության դեպքում, չեն ոչնչացնի ՌԴ-ի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հակաօդային բաղադրիչը:

«Մենք տեսնում ենք, որ չնայած բազմաթիվ դեմարշներին և այս կամ այն միջոցառումները բոյկոտելուն, Երևանը չափազանց զգույշ է տնտեսական հարցերում և ոչ միայն չի շտապում կտրել թելերը՝ հասկանալով, թե ինչի կարող է դա հանգեցնել, այլև սրընթաց մեծացնում է առևտուրը ռազմավարական դաշնակցի հետ։ Կարծում եմ՝ նույն տրամաբանությունն է գործում նաև միասնական ՀՕՊ համակարգի դեպքում»,-ասում է Հարությունովը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առջև չափազանց բարդ խնդիր է դրված ապագայում ռուսական/խորհրդային և արևմտյան արտադրության ՀՕՊ միջոցների համատեղման հարցում: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան համաձայնագիր կնքեցին Երևանին GM200 ռադարների և «Միստրալ» շարժական ԶՀՀ-ների մատակարարման մասին։

Ու թեև Ֆրանսիայից գնվող համակարգերը որակապես և քանակով չեն փոխարինի ռուսականին, այնուամենայնիվ ինտեգրման, համադրման և համակարգման որոշակի հարցեր անխուսափելիորեն կառաջանան, կարծում է մեր զրուցակիցը։ Բացի այդ, ֆրանսիական կողմը մտադիր է Հայաստանի ցամաքային ՀՕՊ-ի աուդիտ անցկացնել։ Հաշվի առնելով այդ ցամաքային ՀՕՊ միջոցների ծագումը՝ ֆրանսիացի մասնագետների կողմից օբյեկտներ այցելելը շատ լուրջ քաղաքական ենթատեքստ է ստանում։ Ամեն դեպքում, ըստ Հարությունովի, Երևանը փորձելու է համատեղել երկու բոլորովին տարբեր համակարգեր։ Կհաջողվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։

Փորձագետի կարծիքով՝ հայկական կողմը հիմա ավելի շատ ձգտում է դիվերսիֆիկացնել, քան մեկ ռազմատեխնիկական վեկտորը փոխարինել մյուսով։ Այլ բան է, որ այս ամենն ուղեկցվում է Ռուսաստանի հասցեին հրապարակային քննադատությամբ, տեղեկատվական աղմուկով։ Այնուամենայնիվ, կողմերը հասկանում են կապերը պահպանելու անհրաժեշտությունը։ Մոսկվան նույնպես շահագրգռված է, որպեսզի այդ համակարգումը և հաղորդակցության ուղիները պահպանվեն։

Տեսանյութեր

Լրահոս