Սրանք դեռ ծիծեռնակներն են. Իշխանությունները հասցրել են այն կետին, որ արդեն տնտեսապես ենք տուժում. Գառնիկ Դանիելյան

Մի քանի օր է՝ Լարսի անցակետում պտուղ-բանջարեղենով, ձկով, չրերով և այլ արտադրանքով բեռնված հայկական բեռնատարները խիստ ֆիտոսանիտարական վերահսկողություն են անցնում ՌԴ դաշնային ծառայության կողմից։ Արտահանողների մի մասը չի կարողացել հատել սահմանը, իսկ պատճառաբանությունը վերահսկողության արդյունքում հայտնաբերված ֆիտոսանիտարական նորմերի խախտումներն են, մյուսները սպասում են հերթերում:

«Ինձ հետ կապ են հաստատել բեռնափոխադրողներ և տնտեսվարողներ՝ տեղեկացնելով, որ Վերին Լարսի անցակետում գյուղմթերքով բեռնված մոտ 10 ֆուռ արդեն հետդարձի ճանապարհն են բռնել, 200 ֆուռ սպասում են իրենց հերթին,- 168.am-ի հետ զրույցում ահազանգեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մանրամասնելով,- Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայության հետ կապված խնդիրներ կան. ռուսական կողմի ներկայացուցիչները եկել, փորձանմուշներ են վերցրել և ասել՝ ԵԱՏՄ-ստանդարտներին չի համապատասխանում»:

Հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների դինամիկան, ընդդիմադիր պատգամավորն առկա իրավիճակում քաղաքական ենթատեքստը չի բացառում:

«Այս ամենը տրամաբանական շարունակությունն է այս իշխանությունների վարած քաղաքականության. իրենք աստիճանաբար այս տարիների, ամիսների ընթացքում բերել-հասցրել են այն կետին, որ արդեն տնտեսապես են տուժում մեր տնտեսվարողները: Սրանք դեռ ծիծեռնակներն են: Ամիսներ առաջ կաթնամթերքի, կոնյակի հետ էր կապված խնդիրը, հիմա՝ գյուղմթերքի:

Կարդացեք նաև

Տնտեսվարողներից մի քանի հոգի ասացին, որ ապրանքն արդեն թափում են: Միլիոնավոր դոլարների վնասներ են կրում»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի Դաշնությունից:

Պաշտոնական հաղորդագրություններից կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը տեղյակ է այս իրավիճակից: Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրությամբ հավաստիացրել էր՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է Կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո:

Տեսանյութեր

Լրահոս