«Զվարթնոց» օդանավակայանի, «Վասպուրական» կոնյակի անունները ԽՍՀՄ-ում պայքարով ենք պահել. տոտալիտար գաղափարախոսությունը ոչ մի բան բաց չէր թողնում. Կարեն Դեմիրճյան
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Չորս տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
Այդ հարցազրույցի որոշ հատվածներ տեղադրված են «Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
168.am-ը կներկայացնի այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները:
Ստորև բերված տեսանյութում Կարեն Դեմիրճյանը խոսում է ԽՍՀՄ տարիներին ինտերնացիոնալիզմի գաղափարի ու հայ ինքնության պահպանության դժվարությունների մասին:
«Կարելի էր ավելին անել, բայց զղջալ կամ ափսոսալ, որ որևէ մի ազգային հարց աչքաթող է արվել, կամ դրա լուծման համար ջանքեր չեն գործադրվել, նման զգացում ինձ մոտ չկա»,- ասել է ՀԽՍՀ երկարամյա ղեկավարը:
Որպես օրինակ՝ վերջինս բերել է հայոց լեզվի՝ որպես պետական լեզվի հարցը ՀԽՍՀ նոր Սահմանադրության մեջ ընդգրկելու հարցը:
«Մեր օդանավակայանը շատ անհեթեթ անուն ուներ՝ Արևմտյան-Западный: Եվ երբ մենք կառուցեցինք «Զվարթնոց» օդանավակայանը, նախագծերի մեջ հենց «Զվարթնոց» էլ գրել էինք: Դե, նախագծերում պայմանական անուններ են դրվում, հետո կարող է կառույցի անունը բոլորովին այլ լինել: Եվ երբ մենք բացում էինք օդանավակայանը, ներկայիս Քաղավիացիայի նախարարը եկել էր ու տեսել՝ ամեն տեղ գրված է՝ «Զվարթնոց»: Նա վրդովվել է, հրահանգել փոխել անունը: Ես շատ անհեթեթ արգումենտացիայով կարողացա պահել «Զվարթնոց» անունը: Ասացի՝ իսկ ինչո՞ւ ոչ Восточный, Դուք ի՞նչ է, տուրք եք տալիս Արևմուտքի՞ն… «Զվարթնոցը» շատ գեղեցիկ անուն է… Ու անունը մնաց «Զվարթնոց»»,- վերհիշել է Կարեն Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ նույն իրավիճակն էր, օրինակ, «Վասպուրական» կոնյակի անվան ընտրության ժամանակ:
«Հարցնում էին՝ ի՞նչ է Վասպուրական: Իհարկե, այդ հարցը տալու ազդակներն իրենք այստեղից էին ստացել, մեր ուռա՜-ինտերնացիոնալիստներից: Ասացի՝ դա մեր կորցրած հողային տարածքներից մեկի անունն է, մորս ծննդավայրի անունը: Չնայած անունը ես չէի դրել, այլ կոնյակը ստեղծողը: Տոտալիտար գաղափարախոսությունը ոչ մի բան բաց չի թողնում՝ մտածելով, որ յուրաքանչյուր բջիջ անպայման ներկված պետք է լինի ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության գույնով՝ մոռանալով, որ ոչ մի ինտերնացիոնալ գաղափար չի կարող հիմնված չլինել ազգայինի վրա»,- Ռուբեն Գևորգյանցի հետ զրույցում ասել էր Կարեն Դեմիրճյանը:
Մանրամասները՝ տեսանյութում