Հայաստանը պետք է ոտքի կանգնեցնենք, դուրս գանք այս կրակից. եկեք միանանք, մեր սխալն ուղղենք. դիլիջանցի կին

ՀՀԿ Գերագույն մարմնի անդամների հերթական հանդիպումը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բնակիչների հետ էր:  Սպասված հանդիպում՝ թե բնակիչների, և թե Երևանից եկած կուսակցական գործիչների համար: Կիսելու ու կիսվելու շատ բան կար:  Ի վերջո, ասում են, միևնույն նավում ենք: Չխորտակվելու համար համախմբվել է պետք:

«Հայաստանը պետք է ոտքի կանգնեցնենք, դուրս գանք այս կրակից: Մեղք է մեր ժողովուրդը: Պետք է մի բուռ դառնանք, հավաքվենք, որ կարողանանք օգնել մեր ժողովրդին, մատաղ լինեմ ձեզ: Սենց կյանք չի լինի, սենց ապրուստ չի լինի: Եկեք միանանք, մենք մեր սխալն ուղղենք»,- ասաց հանդիպմանը ներկա դիլիջանցի մի կին:

Այստեղ էլ, ինչպես մյուս մարզերում հանդիպումների ժամանակ, մարդկանց մտահոգող առաջնահերթ հարցերից էր երկրի ու ժողովրդի անվտանգությունը: Ի պատասխան հանդիպմանը ներկա բնակիչներից մեկի հարցին՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ անվտանգության այսօրվա սպառնալիքները միայն Արցախով պայմանավորված չեն եղել:

 

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ դրանք այժմ աստիճանաբար ու անմիջականորեն տեղափոխվում են  ՀՀ տարածքների վրա: Դրա վառ ապացույցը, ըստ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամի, Ադրբեջանի կողմից իրականացված 44-օրյա պատերազմից հետո, այդ երկրի կողմից ՀՀ սուվերեն տարածքի 200 քկմ-ի օկուպացումն է՝ Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում:

«Բայց ո՞րն է խնդիրը, և, հատկապես հաշվի առնելով այս տարածաշրջանը, ուղիղ առումով ինչո՞վ է դա նաև ձեզ հետ առնչվում: Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, բայց հատկապես Տավուշին ու իջևանցիներին  վերաբերող հիմնական խնդիրն, այսպես կոչված, «անկլավների» հետ կապված հարցերն են, այդ «8 գյուղերի», որի հետ կապված՝ Ադրբեջանը փաստացի ուղիղ պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին: Մենք այստեղ երկու խնդիր ունենք: Առաջինն այն է, որ կոնկրետ այս տարածաշրջանի մասով Ադրբեջանն ունի ուղիղ տարածքային պահանջներ՝ ուղղված ՀՀ-ին, ու հայտարարում է, որ ամեն գնով փորձելու է հասնել դրան: Երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում ձևավորված է մի իշխանություն, որի քաղաքական վերնախավը  համարվում է պրոադրբեջանական: Մեր թշնամին մի պետություն է, որը ո՛չ միջազգային իրավունքով, ո՛չ պատմական իրողությամբ է առաջնորդվում և ոչ էլ տրամադրված է մեզ հետ բանակցել արդար կարգավորման հասնելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Այս առումով, ըստ ԱԺ պատգամավոր և ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի, սպառնալիքը ո՛չ միայն ադրբեջանական կողմից է, այլև հայկական, քանի որ թշնամական պահանջներին համաձայնող իշխանությունների գործողությունները տեսնելով՝ միջազգային հանրությունը նույնպես չի կարողանալու համարժեք արձագանքել Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ գործողություններին՝ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Հարց հնչեց նաև Ադրբեջանին տարածքներ, այսպես կոչված, «անկլավներ»  հանձնելու մասին: Տպավորություն էր, որ դիլիջանցիներից ոչ բոլորն էին քաջատեղյակ այդ խնդրին, ոմանք նույնիսկ կտրուկ հայտարարեցին, թե տարածք չունեն հանձնելու: Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ  90-ականների պատերազմի ժամանակ որոշ հողեր հենց Տավուշի մարզից անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո:

«Ադրբեջանը չի ասում՝ ես այս տարածքները վերադարձնելու եմ Հայաստանին: Իրենք եկել են, 2021-2022 թվականներին մտել  Գեղարքունիքի մարզի Սոթքից սկսած՝ Ջերմուկով, Իշխանասարով, Սև լճով, Ներքին Հանդով ու Տեղ գյուղով վերջացրած՝ ասում են՝ դա քննարկման առարկա չէ, ու այդ տարածքներն իրենցն են: Այսինքն, ինքը չի եկել բանակցելու քեզ հետ, ինքը եկել է քեզնից քո հողը պահանջելու»,- վստահեցրեց Տիգրան Աբրահամյանը: ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն էլ հավելեց.

«Օրինակ՝ գեներալ Խաչատուրովը հրաման էր տվել ու թղթի վրա ստորագրել էր, որ Տավուշի բոլոր գյուղերի նկատմամբ Ադրբեջանի բոլոր ոտնձգությունները ես կասեցնելու եմ, պատերազմելու եմ, թույլ չեմ տալու՝ անկախ նրանից, թե ով ոնց կհրամայի: Իրեն բռնեցին ու կալանավորեցին: Հիմա, մենք այստեղ ենք, որպեսզի տեղի բնակիչների հետ քննարկենք, զրուցենք, որպեսզի կարողանանք ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալ»,- ասաց Սամվել Նիկոյանը:

Ժողովուրդն ապատիայի, անորոշության մեջ է, ասում էին դիլիջանցիներից ոմանք: Արձագանքելով բնակիչներին ու նաև իշխանությունների շարունակական հայտարարություններին, թե տնտեսությունն աճում է, մարդկանց կենսամակարդակը լավացել է՝ ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը հանդիպման մասնակիցներին ուղիղ հարց տվեց՝ իրենց կյանքը փոխվե՞լ է՝ իշխանությունների բնորոշմամբ՝ տնտեսության աննախադեպ «թռիչքային աճից» հետո: Պատասխանը հստակ էր.

«Իհարկե ո՛չ: Թանկացում է եղել, մեր ջահելությունը չի կարողանում ապրուստը նորմալ հոգալ: 6 ամսվա պարեկն էլ եկել է, քաղաքներում ջահելների հետևից ընկած՝ տուգանք է նշանակում: Այդ տուգանքը որտեղի՞ց պետք է տան»,- ասաց բնակիչներից մեկը:

Մանդատները վայր դնելու հարց, ինչպես մյուս համայնքներում նախորդ հանդիպումների  ժամանակ, Դիլիջանում էլ բարձրացրեցին: Հատկապես 2021 թվականի ընտրություններից հետո հանրությանը մոլորեցնելու նպատակով շրջանառվող թեզը, թե ճիշտ ճանապարհն է, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի, որոշակի  ազդեցություն թողել էր: ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն էլ մանրամասն պարզաբանեց ու  վստահեցրեց, որ դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ ստեղծված իրավիճակը փոխելու և շարունակական ողբերգությունները դադարեցնելու հարցում:

«Այսինքն, Դուք մտածում եք, որ եթե խորհրդարանի պատգամավորներն իրենց մանդատները դնեն, ապա իշխանությունն իր քաղաքական դիրքորոշումներում փոփոխությո՞ւն է անելու: Դրանից հետո սկսելո՞ւ է հարգել Արցախը… սկսելո՞ւ է հարգել մարդկանց, կատարելո՞ւ է Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները՝ Ձեր, մեր բոլորի ու մեր պետության անվտանգությունն ապահովելու համար: Եթե կա որևէ մարդ, որ կարող է իրավական հիմք բերել ու ներկայացնել, խորհրդարանի պատգամավորի մանդատ դնելը մեր երկիրը դուրս է բերելու այս իրավիճակից, բանակցային գործընթացում շեշտակի փոփոխություններ են լինելու, Ադրբեջանը հրաժարվելու է իր տարածքային հավակնություններից, խաղաղություն է կնքվելու հայկական կողմի պայմաններով՝ եկեք այդ մանդատը տանք, դեն նետենք… Եթե այս իշխանությունները համարում են, որ Արցախն իրենց հայրենիքը չէ. եթե այդ մարդը համարում է, որ իր երկիրն ընդհանրապես վաճառքի կամ սակարկման առարկա է, մանդատով հարց չի կարող լուծվել: Եթե լուծումը դա լիներ, ապա հավատացեք, որ դրանք շատ վաղուց արդեն դրված կլինեին»,- հավաստիացրեց ՀՀ ԱԺ պատգամավորը:

Բայց հանդիպման մասնակիցներին ևս մեկ հարց էր հուզում՝ ի՞նչն է կաշկանդում մարդկանց, ինչո՞ւ մարդիկ ազատ չեն կարողանում կատարել իրենց ընտրությունը: Դիլիջանցի կանանցից մեկը դա  նախ բնութագրեց մեկ բառով՝ նյութապաշտություն:

«Պետք է ընդունենք, որ գուցե ցավոտ է, բայց մեր ազգը նյութապաշտ է: Վախի գործոնը, որ մինչև հիմա գործում է: Մեզ միշտ թվացել է, որ սթրեսային իրավիճակները մարդկանց միջից կհանեն վախերը, բայց այն դեռ կա: Մյուս պատճառը շանտաժն է, որը հիմա ակնհայտորեն կարող է լինել: Մեկն ասում է՝ եղբորդ աշխատանքը կկորի, մյուսը մեկ այլ բան է ասում…»,- շարունակեց տիկինը, ապա  ներկայացրեց դրա հոգեբանական բացատրության իր տարբերակը: Նրա գնահատմամբ՝ պատերազմից հետո մարդիկ դեռ չեն կարողացել հաղթահարել սթրեսն ու դեպրեսիան, ինչի արդյունքում էլ հայտնվել են անորոշության մեջ:

Այդուհանդերձ, թեմաներն անսահման էին: Ակնհայտ էր, որ կային խնդիրներ, անպատասխան մնացած հարցեր: Դրանց պատասխանները ստանալու համար ևս անկեղծ ու անկաշկանդ զրույցները պետք է շարունակական լինեն: ՀՀԿ ԳՄ անդամներն էլ խոստացան, որ առաջիկայում այսպիսի հանդիպումներ շատ են լինելու:

Այս տարվա համար նախատեսված հանդիպումները հանրապետության մարզերում շարունակվելու են մինչև դեկտեմբերի վերջ:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս