ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն անդրադարձել է Հայաստանում իրականացված դատաիրավական բարեփոխումներին

Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պետականաշինության և ինստիտուտների վերակառուցման սկզբնական գործընթացը, 2001 թվականին Եվրախորհրդին անդամագրվելու գործընթացին զուգահեռ, նպաստել է Հայաստանում միջազգային կազմակերպությունների և դոնորների աջակցությամբ ժողովրդավարական գործընթացների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի ձևավորմանը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի Ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին։

«Այդուհանդերձ, առաջընթացը ՀՀ անկախացումից հետո բախվել է հսկայական մարտահրավերների, ինչպիսիք են ընտրակեղծիքները, դատական համակարգի անբավարար անկախությունը, պետական կառույցներում տարածված կոռուպցիան։ Մտահոգությունները տարիների ընթացքում հանգեցրին պետական ինստիտուտների հանդեպ հանրային անվստահության ու քննադատության՝ նպաստելով 2018 թվականի թավշյա հեղափոխությանը։ Նոր վարչակազմի կողմից մշակվեց բարեփոխումների փաթեթ, որն ուղղված էր պետական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կոռուպցիայի նվազմանը»,-ասաց Սալվիոլին։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն արձանագրեց, որ 2018 թվականին Հայաստանի կառավարությունը սկսեց իրականացնել իրավաքաղաքական բարեփոխումներ՝ հընթացս մշակելով նաև համապատասխան ռազմավարություն և 2019-23 թվականներն ընդգրկող գործողությունների պլան։ Ստեղծվել են նաև անկախ փաստահավաք հանձնաժողովներ, որոնց ուսումնասիրության առանցքում մարդու իրավունքների խախտման դեպքերն են։ Քննարկվել են այն խախտումները, որոնք գրանցվել են 2000-ական թվականներին՝ կապված մասնավոր սեփականության և ունեցվածքի ապօրինի բռնագրավումների հետ։ Ուսումնասիրության առարկա են դարձել նաև զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը։ Կառավարությունը 2023 թվականին մշակել է օրենքի նախագիծ, որն առնչվում է անցումային արդարադատության հետ կապված հարցերին։

«2018 թվականին ՀՔԾ-ն վերսկսեց տասը տարի առաջ մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի հետաքննությունը՝ մեղադրանք առաջադրելով նախկին պաշտոնյաներին, որոնց դեմ ներկայացված մեղադրանքներն, ի վերջո, մերժվեցին քրեական դատարանի կողմից, իսկ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական։ 2019 թվականին օրենք է ընդունվել, որով նախատեսվել է դրամական փոխհատուցում տրամադրել մարտի 1-ի դեպքերից տուժածներին և զոհերի ընտանիքների անդամներին։ Զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը բացվել է 2023 թվականին ՀՀ կառավարության կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում վարչապետի ու նախագահի մասնակցությամբ, ովքեր աջակցություն են հայտնել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ ընտրակեղծիքներն ու ոստիկանական բռնությունները երբեք չպետք է կրկնվեն»,-ասաց Սալվիոլին։

Քաղաքացիական հասարակությունը զեկուցել է, որ չնայած օրենսդրական առաջընթացին՝ խոշտանգումների դեպքերի քրեական հետաքննությունը հաճախ փակվում է այն եզրակացության հիմքով, որ հանցագործություն չի կատարվել կամ կասեցվել է հանցագործների ինքնությունը չբացահայտվելու պատճառով, իսկ խոշտանգումների մեղադրանքով առաջին դատավճիռը կայացվել է 2022 թվականի մարտին։

Նա փաստեց, որ բազմաթիվ անձինք մտահոգություն են հայտնել զինված ուժերում ոչ մարտական գործողությունների պայմաններում մահացությունների շարունակվող դեպքերի և դրանց առթիվ իրական մեղավորներին պատասխանատվության չենթարկելու կապակցությամբ։ Ըստ նրա՝ նման դեպքերի հետաքննությունը բավարար չէ քրեական դատավարության համակարգում արձանագրված դիմադրության պատճառով, որտեղ ենթադրաբար կոռումպացված անձանց վեթինգ չի իրականացվել։ Վարչապետի նախաձեռնությամբ 2020-21 թվականներին ստեղծվել է կառավարության և զոհերի ընտանիքների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ՝ հետաքննությունները գնահատելու նպատակով։ Խումբը պատրաստել է համապարփակ զեկույցներ հինգ ընտրված դեպքերի վերաբերյալ, որոնց քննության ընթացքում արձանագրվել են խախտումներ։ Արդյունքում՝ մի քանի քրեական գործեր վերաբացվել են, իսկ մյուսները դեռ մնում են փակուղում։

Սալվիոլին իր զեկույցում նշել է, որ դատարանները որոշ դեպքերում չեն պաշտպանել գույքի օտարման գործերով տուժածների փոխհատուցման իրավունքները։ Նման գործերը պարբերաբար ենթարկվել են հայցային վաղեմության կիրառման՝ բացառությամբ քսան դեպքերի, որոնցով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել տուժողների օգտին։ 2023 թվականի նոյեմբերին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով արգելվում է վաղեմության ժամկետների կիրառումը 2001-2016 թվականներին տեղի ունեցած ապօրինի գույքի օտարման դեպքերի քննության գործերում և սահմանեց, որ խորհրդարանը չի կարող ընդունել օրենքներ, որոնք սահմանում են նման սահմանափակումներ այդ գործերի համար, ինչն, ըստ Սալվիոլիի, շատ ողջունելի առաջընթաց է։

«Կառավարության կողմից իրականացված վերջին միջոցառումները, որոնք ուղղված են անվտանգության ոլորտի ինստիտուտների բարեփոխմանն, ըստ էության կազմում են 2020 թվականին ընդունված ինստիտուցիոնալ բարեփոխումների լայն փաթեթի բաղկացուցիչ մասը։ Անվտանգության ոլորտի բարեփոխումները նպատակ ունեն վերափոխել հատկապես ոստիկանությունը՝ շեշտը դնելով նրա կանխարգելիչ գործառույթներն արդիականացնելու և զարգացնելու վրա։ Բարեփոխումների համատեքստում վերականգնվեց ներքին գործերի նախարարությունը։ Այն ներառում է նաև պարեկային ծառայության ներդրումը՝ քաղաքացիական կարգը պահպանելու և արտակարգ իրավիճակներին արձագանքելու նպատակով։ Բարեփոխումների բաղկացուցիչ մասն է նաև ազգային գվարդիայի ստեղծումը՝ բաղկացած ոստիկանական ուժերից։ Բարեփոխումներն, ըստ էության, ենթադրում են ոստիկանության որոշ գործառույթների և կառավարման մոդելի վերակազմավորում։ Արդիականացվել է նաև ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի գործունեությունը, որը ներքին վերահսկողական մարմին է և հետաքննում է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների և կարգապահության խախտումները։ Ներդրվել է նաև ոստիկանների ատեստավորման պրակտիկան՝ որպես ծառայությունը շարունակելու կարևորագույն նախապայման»,-արձանագրեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Սալիովլին ըստ արժանվույն գնահատեց նաև արդարադատության նախարարի հրամանագիրը, որով 2005 թվականին ստեղծվեց ՔԿՀ-ների մոնիթորինգային հանձնախումբ՝ ելնելով այդ հաստատությունների վրա հանրային վերահսկողություն և բանտարկյալների իրավունքների պատշաճ պաշտպանությունն իրականացնելու պահանջից։ Հանձնախումբը գործում է անկախ, բաղկացած է քաղհասարակության ներկայացուցիչներից, ովքեր անսահմանափակ մուտքի իրավունք ունեն ՔԿՀ-ներում։ Վարչապետի և ԱԺ-ի կողմից հաստատվել են բարեփոխումները վերահսկելու մեխանիզմներ՝ խորհրդակցելով քաղհասարակության և օրենսդիրների հետ։

«Անհամաչափ ուժի կիրառման և խոշտանգումների, զինված ուժերում կասկածելի մահերի ու կամայական կալանքների դեպքերի քրեական հետաքննությունը նախկինում սակավ է եղել քաղաքական կամքի բացակայության, անարդյունավետ հետաքննության և վաղեմության ժամկետների կիրառման պատճառով։ Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ ընդունել օրենսդրական և վարչական միջոցներ, որպեսզի իրավական մարմիններում և զինված ուժերում բռնաճնշումներից ու չարաշահումներից, ինչպես նաև խոշտանգումներից տուժած անձանց տրվի հատուկ կարգավիճակ, որպեսզի նրանց հետո տրվի լիարժեք փոխհատուցում։ Կոչ եմ անում պատկան մարմիններին խորացնել բարեփոխումների գործընթացը՝ պաշտպանելով պետական ինստիտուտները կոռուպցիայից և անհարկի քաղաքական ազդեցությունից։ Ժողովրդավարությունը և օրենքի գերակայության հանդեպ հարգանքն այլ կերպ չի կարող արտահայտվել»,-եզրափակեց Սալվիոլին։

Տեսանյութեր

Լրահոս