Ալիևն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու. Ադրբեջանը փաստացի նոր գործընթաց է սկսում. Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարությանը:
«Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ 6-րդ խմբագրությունը»,- ասված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ, նշելով, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին:
Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Նա ասել է, որ Ադրբեջանը «պաշտպանում է տարածաշրջանային խաղաղ օրակարգը, պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին և Ալիևի հայտարարությանը, համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարն այս փուլում որևէ թուղթ չի ստորագրելու Հայաստանի հետ։
«Չի ստորագրելու այնպիսի փաստաթուղթ, որով ճանաչելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ամենից խուսափելու համար, Ադրբեջանը սկսում է նոր գործընթաց, այսպես կոչված՝ ուղիղ երկխոսություն Հայաստանի հետ։ Եթե Ադրբեջանը շահագրգռված լիներ ի սկզբանե ուղիղ երկխոսության մեջ, ապա ինչո՞ւ էր 2-3 տարի շարունակ բանակցում Բրյուսելում, Վաշինգտոնում, երբեմն էլ՝ Մոսկվայում։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի՝ շրջանառության մեջ դրած խաղաղության գործընթացի մասին թեզն արդեն իրեն սպառել է։ Այդ գործընթացի արդյունքում Ադրբեջանը հասավ նրան, ինչին այս փուլում պետք էր՝ դա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելն էր, ինչը տեղի ունեցավ և՛ ռազմական ճանապարհով, և՛ Փաշինյանի քաղաքական հայտարարությունների հետևանքով»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Ըստ փորձագետի, հիմա Ադրբեջանն անցնում է հաջորդ փուլին՝ նոր գործընթացի մեկնարկին, դա ուղիղ երկխոսություններն են, որ իրենց պետք չեն որևէ միջնորդներ, կգնան սահմանին կնստեն ու կխոսեն։
«Ադրբեջանը շատ լավ հաշվարկել է, որ իր դիմաց՝ հանձին Հայաստանի, նստած են ոչ կոմպետենտ, շատ թույլ և հանձնվողական իշխանություններ, որոնց հետ առանց որևէ տրամաբանության և առանց որևէ շրջանակների բանակցելն Ադրբեջանի համար շատ հեշտ է լինելու, և որոնց հետ ինքը հանգիստ կարող է խոսել սպառնալիքների լեզվով։ Այսինքն՝ եթե նույն արևմտյան ձևաչափերում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կային, այդուհանդերձ բանակցային ինչ-որ տրամաբանություն էր դրվել իբրև, հիմա էլ Արևմուտքը՝ քանի որ հասկանում է, որ Ալիևն իրենց «գցել» է գործընթացի մեջ, փորձում են վերարծարծել Արցախի հիմնահարցը տարբեր ձևերով։ Ադրբեջանը փորձելու է այդ ամենից խուսափել ու ուղղակի Արևմուտքին հեռացնում է գործընթացից»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները որևէ կերպ կարո՞ղ են անդրադառնալ Արցախի ու արցախահայության խնդրին, թե՞ այս հարցն Ալիևն արդեն լուծել է, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ Ալիևը դա դարձնելու է միջոց «Արևմտյան Ադրբեջանի» թեզն առաջ մղելու համար, և դա լինելու է իր առջև դրված հաջորդ խնդիրը լուծելու միջոց։
«Այդ պատճառով էլ Ադրբեջանը փաստացի նոր գործընթաց է սկսում։ Այդ էջը փակում է, որովհետև դրանով հասավ իր նպատակին, հիմա փորձելու է նոր գործընթացով հասնել նոր նպատակների։ Եթե Հայաստանը դրան համաձայնի, ապա շատ վտանգավոր խաղի մեջ է մտելու, հետևանքները շատ վատ են լինելու մեր պետության համար»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։