Քաղպայմանագրի ներկայացուցիչները հակատանկային նռնականետերը կապած՝ գնալու են այդ տանկերի դեմն առնե՞ն. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Ֆրանսիայի կողմից ռազմատեխնիկական աջակցության մասին իշխանությունների տարատեսակ «գովազդներին» ի պատասխան՝ հիշեցնում է. «Սովորաբար, պետությունները, երբ այլ երկրների հետ զենք-զինամթերքի պայմանագրեր են կնքում, այդ մասին չեն բարձրաձայնում, որովհետև դա տվյալ պետության ռազմավարական ու մարտավարական նպատակների մասին է հուշում»:
Ռազմական փորձագետը սա համարում է տեղեկատվական արտահոսք՝ նկատելով նաև, որ իրականում Ֆրանսիան Հայաստանին զինելու խնդիր չի դրել, քանի որ ՀՀ-ին պետք են այլ զինատեսակներ:
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի հակառակորդի՝ երկնքում առավելությունը չեզոքացնելը, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ մեր պարտության բուն պատճառներից մեկը դա էր: Իսկ վերջին շրջանի պատերազմները՝ գոնե տասը տարվա, ցույց են տալիս, որ պետությունները, որոնք երկնքում բացարձակ առավելություն ունեն, իրենք են պատերազմի ելքը որոշում՝ հօգուտ իրենց: Այդպես Սիրիայում եղավ, այդպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր, այդպես հիմա Ուկրաինայում է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասեց նա:
Քանի որ հայ-ֆրանսիական համագործակցության մասին երեկ խոսել էր նաև Ադրբեջանի նախագահը՝ շեշտադրությամբ, թե Ֆրանսիան, զինելով Հայաստանին, Կովկասում «նոր պատերազմ հրահրելու հող է նախապատրաստում»՝ Հայկ Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ալիևն այս հայտարարությամբ ինքնին հող չի նախապատրաստում պատերազմ սանձազերծելու համար:
Ի պատասխան՝ ռազմական փորձագետը պարզաբանեց. «Ֆրանսիան մեզ զենք չի վաճառում. կնքվել է ընդամենը մտադրությունների մասին հուշագիր, մեզ տրվել է 20 զրահապատ տեխնիկա: Այժմ այդ զրահապատ տեխնիկան պատերազմի ժամանակ ի՞նչ է. մի նռնականետը մի զրահապատ տեխնիկայի հարցը լուծում է, որովհետև այդ մեքենան Ֆրանսիան արտադրել է կոնկրետ նպատակի ու մարտական խնդրի համար՝ աֆրիկյան երկրներում անապատային պայմաններում խաղաղապահ առաքելություն իրականացնող ֆրանսիական կոնտինգենտի համար:
Ավելին, երբ իրենք փորձել են դա վաճառել Ուկրաինային, նրանց պետք չի եղել. ուղարկել են հետ՝ Մակրոնին: Հիմա դա տվել են ՀՀ-ին, որը Ալիևին հնարավորություն է տալիս ճոռոմ բաներ ասելու:
Ֆրանսիան մեզ չի զինում. ընդամենը քարոզչական դաշտում իմիտացիա է անում և Ալիևին հնարավորություն է տալիս աշխարհաքաղաքական առումով իրեն հարմար պահին կանխարգելիչ հարված հասցնել մեզ՝ մեկնաբանելով, թե Հայաստանում իշխանությունները տանում էին միլիտարիզացված քաղաքականություն, և պատրաստվում էին հարձակման, և, որ Հայաստանին փորձում էր զինել Ֆրանսիան: Մոռանալով, որ 44-օրյայի ժամանակ Ֆրանսիան էր Ադրբեջանի երկնքի առավելությունն ապահովում՝ ֆրանսիական ռազմական արբանյակների միջոցով: Ահա՛, թե Ֆրանսիան իրականում ինչպես է օգնում և որ պետությանը. 44-օրյայում Ֆրանսիան փաստացի Ադրբեջանի դաշնակիցն էր»:
Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի օգնությունը մերժելու՝ ՀՀ իշխանությունների հերթական քայլին, Հայկ Նահապետյանն արձանագրեց, որ Հայաստանն այս պահին չունի անվտանգային այլընտրանք, շեշտելով՝ երկիրը թողնվում է անպաշտպան վիճակում:
«Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ից դուրս գա, եթե 102-րդ ռազմաբազան էլ այստեղից դուրս գա, Ադրբեջանն ասելու է՝ ես տանկերով մտնում եմ Երևան. ինձ հետաքրքիր է՝ Քաղպայմանագրի կարկառուն ներկայացուցիչները հակատանկային նռնականետերը կապած՝ գնալու են այդ տանկերի դեմն առնե՞ն, ավանգարդում էլ՝ «Էրատո» զինյալ կանանց ջոկա՞տը: Այս մարդիկ մեր երկիրն ամբողջովին անպաշտպան վիճակում են թողել»,- հավելեց նա: