Բաժիններ՝

Կյանքի ճանապարհի ընտրության որոշումը

Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում է:

Երբ մարդը դառնում է երեսուն տարեկան, որոշման հարցում սկսում է դժվարանալ: Եվ ինչքան անցնում են տարիները, այնքան ավելի շատ է դժվարանում: Երիտասարդն ինչ ճանապարհ էլ որ ընտրի հեշտությամբ է հարմարվում: Մեծահասակն ամեն ինչ բանականությամբ է քննում. ձևավորվել է նրա բնավորությունը և դժվարությամբ է փոխվում: Եվ տեսնում ես, որ նրանք, ովքեր կարգավորում են իրենց կյանքը ավելի փոքր տարիքում՝ ընտրելով կա՛մ ամուսնական կա՛մ վանական կյանքը, մինչև ծերություն պահպանում են երեխայի պարզությունն ու հեշտությամբ են իրար միանում: Մի զույգ եմ ճանաչում, որ ամուսնացել էին փոքր տարիքում: Ինչպես որ խոսում էր ամուսինը, այդպես խոսում էր նաև կինը, ինչ որ անում էր ամուսինը, անում էր նաև կինը: Քանի որ ամուսնացել էին փոքր տարիքում, մեկը մյուսի բոլոր սովորությունները վերցրել էր և՛ խոսքի և՛ վերաբերմունքի մեջ:

Առածն ասում է. «Քանի դեռ փոքր ես, կա՛մ ամուսնացիր, կա՛մ վանական դարձիր»:

Մասնավորաբար աղջիկը լավ կլինի, որ մինչև քսանհինգ տարեկանը որոշի, թե ինչ ուղի է ընտրելու: Քսանհինգ տարեկանից հետո սկսում է մի քիչ դժվարանալ նրա կյանքի կազմակերպումը, որովհետև մտածում է, թե ինչպես պետք է ենթարկվի: Ի միջի այլոց, ինչքան որ մեծանում է, տարօրինակություններ է ձեռք բերում, և ո՞վ նրան կնության կառնի: Բացի դրանից պսակի մեջ գլխավորաբար պաշտպանություն է փնտրում և ոչ թե այն, որ ստեղծի ընտանիք:

Կարդացեք նաև

Նկատելի է, որ ով շարունակ ուշացնում է ամուսնությունը, անցնում են տարիները և փնտրում է ու չի գտնում համապատասխան մարդուն: Երիտասարդ ժամանակ ինքն է ընտրում, իսկ երբ մեծանում է ուրիշներն են իրեն ընտրում: Դրա համար ամուսնության հետ կապված երբեմն խենթություն է անհրաժեշտ, այսինքն՝ որոշ բաներ անտեսվեն, որոնք էական չեն, որովհետև երբեք հնարավոր չէ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես սպասում ենք: Մի անգամ անձրև էր գալիս և ուժեղ հեղեղ սկսեց: Մի խենթ և մի իմաստուն ցանկացան մյուս կողմն անցնել: Իմաստունն ասաց. <<Անձրևը կդադարի, ջուրը կնվազի և հետո կանցնեմ>>: Խենթը չսպսեց և անմիջապես մյուս կողմն անցավ: Հագուստները մի փոքր թրջվեցին, սակայն անցավ իր ուզած տեղը: Անձրևը փոխանակ դադարելու ավելի էր ուժեղանում: Անձրևը սաստկացավ, և իմաստունը չկարողացավ մյուս կողմն անցնել, որովհետև անցնելու համար այլևս վտանգավոր էր:

Որոշ մարդկանց մոտ հպարտություն և եսասիրություն կա, դրա համար Աստված էլ նրանց չի օգնում: Տարիներ շարունակ որոշ մարդիկ գալիս և ինձ հարցնում էին. «Հա՛յր, Աստված ինձանից ի՞նչ է ուզում»:

Այնպես է դուրս գալիս, որ կարծես Աստված նրանց կարիքն ունի: Ո՛չ վանական դարձան, ո՛չ էլ ամուսնացան: Կարծես ոսկուց պատրաստված լինեն: Ուրիշները հարցնում են. «Հայր, ի՞նչ անեմ, դառնամ վանակա՞ն թե՞ ամուսնանամ, ասա ինձ, ո՞ր ճանապարհն ընտրեմ», նրանց հարցնում եմ. «Դու ի՞նչ ես ուզու»:

Ասում են. «Եվ մեկը և մյուսը»:

Երկուսն էլ ցանկանում են: Եթե նրանց ասեմ իմ կարծիքը, օրինակ` որ այսինչ մարդը ամուսնական կյանքի համար է և ամուսնանա, կարող է այդ կյանքի մեջ իր հանգիստը չգտնի և հետո գա ու ասի. <<Դու ինձ ասացիր, որ այս ճանապարհը ընտրեմ և այժմ տանջվում եմ>>:

– Հա՛յր, ինչպե՞ս կարող է դա լինել:

– Ենթադրենք մի երիտասարդ ամուսնական կյանքի կոչում ունի, բայց մտածում է նաև վանական կյանքի մասին: Եթե ուշադիր չլինի, որպեսզի ստեղծի մի գեղեցիկ ընտանիք և հետագայում խնդիրներ ի հայտ գան և այդ խնդիրներն Աստծու հանդեպ հավատքով չդիմագրավի, այդ դեպքում չարը զանազան մտքերի միջոցով կպայքարի նրա դեմ:

Նրան կասի. «Դու վանական կյանքի համար էիր, սակայն, քանի որ ամուսնացել ես, լավ է, որ այդ ամենը կատարվում է քեզ հետ, և քեզ օր ու գիշեր հանգիստ չի թողնի»:

Որոշ մարդիկ չգիտեն, թե ինչ են խնդրում: Տարիներ առաջ այստեղ եկել էր մի աղջիկ և ինձ ասում էր. «Հա՛յր, չեմ կարողանում որոշել, թե որ ճանապարհն ընտրեմ: Ուզում եմ ամուսնանալ, սակայն մտածում եմ նաև վանական կյանքի մասին: Ի՞նչ անեմ»:

Ես պատասխանեցի. «Տես, թե ինչի մեջ ես քեզ ավելի հանգիստ զգում և դա արա»:

Աղջիկն ասաց. «Չգիտեմ, սակայն երբեմն ինձ թվում է, որ ավելի շատ հակված եմ դեպի ամուսնությունը: Հա՛յր, խնդրում եմ, դու ասա, թե ինչ անեմ»:

Պատասխանեցի. «Քանի որ տեսնում ես, որ ավելի շատ հակված ես դեպի ամուսնությունը, ավելի լավ է, որ ամուսնանաս, և Աստված քեզ կխնայի»:

Ասաց. «Հա՛յր, քո օրհնությամբ այդպես կանեմ»:

Այսօր եկել և ինձ ասում է. «Հա՛յր ամուսնացա մի նավաստու հետ, փա՜ռք Աստծու լավ մարդ է, սակայն շատ եմ տանջվում: Տառապում եմ, որովհետև վեց ամիս է, ինչ միասին ենք ապրում և վեց ամիսն էլ իրարից հեռու ենք: Տարվա կեսը ճամփորդում է»:

Ես էլ ասացի. «Դու ինձ չէ՞իր ասում, որ սիրում էիր և՛ ամուսնական, և՛ վանական կյանքը: Ահա, այժմ երկուսն էլ ունես: Ինչո՞ւ չես փառաբանում Աստծուն, որ այդպես տնօրինեց»։

– Հա՛յր, սակայն այսօր ապրում ենք դժվար ժամանակներում, դրա համար որոշ երիտասարդներ ընտանիք կազմելու գործում վարանում են:

– Ոչ, այդ տեսակ դիմագրավումը ճիշտ չէ: Եթե գոյություն ունի Քրիստոսի հանդեպ վստահություն, վախենալու ոչինչ չունենք: Հալածանքների ժամանակները դժվար չէի՞ն: Այդ ժամանակ քրիստոնյաները գուցե դադարե՞լ էին ընտանիք կազմել: Ինչքա՜ն սրբեր ունենք, որ նահատակվեցին իրենց կանանց և երեխաների հետ:

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս