Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանն Ալիեւին կոչ է անում՝ գալ կառուցողական քննարկումների դաշտ, Բաքվից պատասխանում են, թե 2 ամիս է՝ սպասում են իրենց առաջարկների պատասխանին։ Ո՞ւմ հետ է Փաշինյանը ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Զրուցել ենք ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի հետ։
– «Խաղաղության խաչմերուկ» նախագծում Արցախի մասին հիշատակում չկա, ձեր թիմը փակե՞լ է Արցախի էջն ամբողջությամբ։
– Ժողովրդի կողմից ընտրված այս իշխանությունն արտացոլում է Հայաստանի ժողովրդի կամքը։ Արցախի հայերի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար Հայաստանը ձեռնարկելու է բոլոր դիվանագիտական միջոցները։ Պետք է ապահովվի արցախահայության՝ իրենց երկրում ապրելու իրավունքը։ Նրանք հսկայական գույք են թողել այնտեղ։ Սա, իհարկե, դժվար ընթացող պրոցես է, որը պետք է քննարկվի միջազգային ատյաններում։ Հայաստանն այդ ուղղությամբ առաջ է գնում, արցախահայության իրավունքների ու ազատությունների վերականգման համար պետք է ամեն ինչ անել։
– Բաքուն հայտարարում է, թե Արցախի ժողովրդի անվտանգությունն իր ներքին գործն է։ Ենթադրենք, արցախցիները վերադառնան, ինչպե՞ս է կոչվելու այն տարածքը, որտեղ ապրելու են։
– Ես չգիտեմ, թե ինչ է լինելու, կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղ։ Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը կար, որտեղ հիմնականում հայեր են ապրել։ Երբ Ադրբեջանն ասում է, որ սահմանադրությամբ կապահովի արցախահայերի անվտանգությունը, պետք է ֆիքսենք, որ այդ սահմանադրությունը երեկ չեն ընդունել։ Այն միշտ էլ եղել է, եւ առայսօր արցախահայերի ոչ մի իրավունք չի պահպանվել։
– Ինչո՞ւ «Արցախ» բառը չկա այդ նախագծում։
– Ես չեմ կարող ասել, ուրեմն դրա անհրաժեշտությունը չի եղել, այս պահին այդպես է պետք։ Եթե նշվեր ԼՂ, պիտի նշվեին նաեւ Ադրբեջանի մյուս շրջանները։ Բայց սա որեւէ նշանակություն չունի, կարեւորն այն է, թե մեր երկրում ոնց ենք պատկերացնում երկաթուղային ճանապարհների ուղղությունները։
– Ադրբեջանից ասում են, որ իրենց չի հետաքրքրում Հայաստանի առաջարկած նախագիծը, իրենք կարող են Իրանով կոմունիկացվել։ Հետեւաբար՝ ո՞ւմ հետ է կնքվում խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հավանություն տվե՞լ է այս նախագծին, քննարկե՞լ եք իրենց հետ։
– Ամեն ինչ անում ենք, որ ստացվի, գուշակություն չեմ կարող անել՝ կստացվի, թե ոչ։ Խաղաղության պայմանագիրը կնքելու համար Հայաստանը բոլոր միջոցները գործի է դնում։ Ադրբեջանը շատ հստակ պատկերացնում է, որ ճանապարհների ապաշրջափակումը մեծ տնտեսական օգուտ է բերելու մեզ, հետեւաբար, ցանկություն չունի այն իրագործելու։ Ադրբեջանի նպատակը ոչ միայն տարածքային եւ ռազմական առավելությունների հասնելն է, այլեւ Հայաստանի ռազմավարական ոլորտների մաքսիմում զարգացումը կանխելը, հետեւաբար, ցանկանում է խաղաղության պայմանագիրը կնքել ոչ թե արեւմտյան երկրներում, այլ Ռուսաստանում։
– Հայաստանն ինչո՞ւ չի գնում Ռուսաստան՝ Ադրբեջանի հետ բանակցելու, ինչո՞ւ են մերժում հրավերները։
– Մենք մի անգամ կնքել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը մնաց թղթի վրա գրված «բարի» ցանկություն։ Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել։ Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին։ Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու։ Խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արեւմտյան երկրների երաշխավորությամբ։ Ադրբեջանը սա շատ լավ հասկանում է ու ամեն ինչ անում է, որ այդ երաշխավորությունները չլինեն։ Վերջերս ՌԴ-ից արձագանք եղավ, որ եթե ճանապարհ բացվի, ապա Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ-ն։ Սա որեւէ կերպ չի կարող տեղի ունենալ՝ Հայաստանի ճանապարհներին որեւէ երկրի ուժեր չեն կարող լինել։ Ճանապարհների անվտանգությունն ապահովելու է մեր երկրի հատուկ ստորաբաժանումը։
– Մարգարայի անցակետն էլ է բացվելու, իսկ այնտեղ հսկում են ռուս սահմանապահները։ Ովքե՞ր են հետագայում հսկելու այդ անցակետը։
– Այն, որ հայ-թուրքական սահմանին սահմանապահ ծառայություն են իրականացնում ռուսները, դա չի խանգարում, որ մեր ԱԱԾ-ն էլ այնտեղ լինի։ Ռուս սահմանապահների գործառույթը սահմանախախտումները կանխարգելելն է եւ բնավ կապ չունի մեր ԱԱԾ-ի գործառույթի հետ։
– Այսինքն՝ քննարկվել է ռուս սահմանապահներին Հայաստանից հանելու հարցը։
– Բոլոր հարցերն էլ քննարկվում են։ Պետք է ապահովենք ՀՀ անվտանգությունը բոլոր առումներով, անվտանգային պատշաճ միջավայր ստեղծելուց հետո արդեն կհասկանանք։
– Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։
– Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չկա։