
Ծանոթ չեմ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր Փաշինյանը:
«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով Ադրբեջանի կողմից նման հայտարարություններին ծանոթ չեմ։ Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այս հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։