Խառը ճշմարտություն
Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում ամենապահանջված սուբստանցիան ճշմարտությունն է։ Մակերեսային տպավորությամբ ճշմարտության պակաս չկա, բայց այդ տպավորությունն ինքնին արդեն իսկ ոչ ճշմարիտ է։ Տեղեկատվության աննախադեպ ծավալը, հաղորդակցության միջոցների բազմազանությունը հանգեցրել է նրան, որ մարդկանց թվում է, թե գիտեն ամեն ինչ, ամեն ինչի մասին։ Դրան մեծապես նպաստում են սոցցանցերը, որոնցում տեղեկատվական, այդ թվում՝ կեղծիք, ապատեղեկատվություն պարունակող հոսքերը զուտ ծավալային առումով ստեղծում են տեղեկացվածության պատրանք։
Իրականությունն այն է, սակայն, որ հենց այդ հաղորդակցության տեխնոլոգիաներով, սոցցանցերի ու այլ գործիքների միջոցով քաղաքականության շահառուները խեղում են ցանկացած ճշմարտություն՝ հասարակությանը, թիրախային խմբերին մատուցելով ճշմարտության այն չափը կամ ձևը, որն անհրաժեշտ է իրենց քաղաքական շահերը բավարարելու համար։
Հայաստանում կան ճշմարտության ամենատարբեր տեսակները՝ քաղաքական ճշմարտություն, քաղտեխնոլոգիական ճշմարտություն, սոցցանցային ճշմարտություն, ազդեցության գործակալների ճշմարտություն, և այլն։
Բացակայում է միայն ճշմարտության մաքուր՝ զտված տեսակը, իսկական ճշմարտությունը։ Արևմտյան աշխարհում այս երևույթը, որոշ առանձնահատկություններով, անվանում են մետաճշմարտություն, բայց հայկական իրականությունում կիրառվողը հեռու է հասկացության այդ իմաստից։ Այստեղ ճշմարտության հետ վարվում են ամենադաժան կերպով՝ այդպիսով դաժանություն գործելով հանրության գիտակցության ու հոգեբանության նկատմամբ։
Ճշմարտությունը մարդկանց անհրաժեշտ է որոշումներ կայացնելու համար, որոնց թվում ամենակարևորը քաղաքական որոշումներն են։ Դրանք սկսվում, բայց չեն ավարտվում ընտրություններով և վերաբերում են մարդկանց քաղաքացիական, քաղաքական վարքագծի, ակտիվության ամենատարբեր ասպեկտներին։ Իրական ճշմարտությունը, ահա, խանգարում է բոլոր նրանց, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում՝ հիմնվելով ստի ու կեղծիքի վրա։ Դա չնչին բացառություններով վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, բայց առաջին հերթին՝ իշխանությանը, որի միակ գաղափարախոսական հիմքը պոպուլիզմն է, այսինքն՝ ճշմարտության խեղումն ամբոխին հաճելի եղանակներով։ Պոպուլիստական իշխանությունն ու ճշմարտությունը գործնականում անհամատեղելի են, քանի որ ճշմարտության բացահայտումն ուղղակիորեն նշանակում է այդպիսի իշխանության վախճանը, և հակառակը՝ այդ իշխանության շարունակության ամեն օրը հասարակությանն ավելի է հեռացնում ճշմարտությունից։
Տեսականորեն ճշմարտության դեմ վարվող այս արշավը կարող էր գոնե մասամբ մեղմվել, եթե Հայաստանում լինեին իրական մտավորականներ, մարդիկ, ովքեր իսկապես բարձրաձայնում են ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե այդ ճշմարտությունը քաղաքականապես ում է ձեռնտու։
Իրականում այդպիսի ճշմարտության թիվ մեկ շահառուն հասարակությունն է, որը միայն ճշմարտությամբ կարող է պայքարել առավելապես իշխանության, բայց նաև տարբեր ընդդիմությունների կողմից իրեն խաբելու, մանիպուլացնելու դեմ։
Դա լավ հասկանում են նաև իշխանությունները, այդ պատճառով էլ հետևողական պայքար են մղում իրական հեղինակությունների, իրական մտավորականների, բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր խոսում են ճշմարտության՝ ամեն օր ավելի խլացվող լեզվով։
Հարություն Ավետիսյան