«Արհեստական խնդիրներ են առաջացնում, ինչն էլ բերում է պառակտման՝ հայաստանցի-արցախցի բաժանման». Արմեն Պետրոսյան

Նոյեմբերի սկզբին Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ։ Բողոքի ակցիայի մասնակիցների շարքերում կային նաև նախկին զինվորականներ, որոնք պահանջում էին իրենց թոշակներն ու աշխատավարձերը: Հայտարարում էին, որ Հայաստանի իշխանության պատճառով են իրենք կորցրել իրենց տունն ու աշխատանքը։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ Սոցապ նախարարություն են գնացել, այլ ոչ թե Կառավարություն, քանի որ նպաստների, աշխատավարձերի ու թոշակների ծրագրերը Կառավարությանը ներկայացնում է նախարարությունը, հաջորդիվ եթե իրենց պահանջները չբավարարեն, արդեն բողոքի ակցիաները կիրականացնեն Կառավարության շենքի մոտ։

«Մենք 5 հոգով հանդիպել ենք Սոցիալական հարցերով փոխնախարարի հետ, այնտեղ մեր հարցերը բարձրաձայնել ենք, մեզ հավաստիացրել է, թե իբր տեխնիկական խնդիրներ կան, կարգավորվի՝ թոշակները կտան։ Խոսքը երկարամյա թոշակի ու կենսաթոշակի մասին է։

Իրենք մեր առջև խնդիր են դրել, որ փաստացի մարդը որտեղ բնակվում է, պետք է լինի հաշվառված։ Ահա այս հաշվառման հետ կապված է, որ մենք կանգնել ենք մեծագույն խնդրի առջև, որովհետև Արցախից բռնի տեղահանված մարդիկ բնակվում են վարձով, և տանտերերն ուղղակի չեն համաձայնում, որպեսզի վարձակալները հաշվառվեն տվյալ բնակարանում»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Արմեն Պետրոսյանը փոխանցեց նաև իրենց մտավախություններն այդ առումով, եթե տանտիրոջը խնդրեն իրենց հաշվառել, հնարավոր է՝ դրանից հետո տանտերը պարզապես պահանջի տունն ազատել։ Այստեղ ևս առաջանում է մեծ խնդիր՝ ձմեռնամուտին դուրս գալ՝  ո՞ւր գնալ։ Հատկապես այն դեպքում, որ շատ-շատերը մեծ դժվարությամբ են կարողացել վարձով տուն գտնել:

«Հիմա մենք պահանջում ենք, որ Հայաստանի Կառավարությունն այս ամենը վերանայի և հաշվառման այլ մեթոդ մշակի, օրինակ, հաշվառվեն թաղապետարաններում, գյուղապետարաններում, մարզպետարաններում կամ չգիտեմ այլ վայրում, որպեսզի տանտերերի հետ խնդիրներ չառաջանան։

Բացի այդ, բոլորս էլ գիտենք, որ այսօր այս վարձով բնակարանում ենք, վաղը կարող ենք մեկ այլ վարձով բնակարան տեղափոխվել՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով։ Արհեստական խնդիրներ են մեզ համար առաջացնում, ինչն էլ բերում է պառակտման և հայաստանցի-արցախցի բաժանման»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց խնդիրների լուծման հասցեատերը Կառավարությունն է, որը որպես լծակ՝ օգտագործում է  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, քանի որ թոշակ-աշխատավարձ սահմանում է  հենց նախարարությունը։

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ գուցե նախարարությունն աշխատավարձ ու թոշակ չի տրամադրում, ձգձգում է  գործընթացը հենց Կառավարության հորդորով, բայց խնդիրների գլխավոր հասցեատերը ՀՀ Կառավարությունն է՝ իր ղեկավարով։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ՀՀ Կառավարության ղեկավարը որևէ արցախցու չի ընդունել ու լսել նրանց խնդիրների մասին։

«Նույնիսկ մենք չենք տեսել որևէ հրապարակում, որ Փաշինյանը հանդիպած լինի Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ։ Կարծում եմ՝ խուսափում է, որ հանկարծ Ադրբեջանը չբարկանա, որովհետև չի ուզում Արցախից որևէ նշույլ տեսնել, ուզում է ամբողջովին լուծարել այն։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում նույն քաղաքականությունն են որդեգրել, հետևաբար՝ Փաշինյանն Արցախի իշխանության հետ չի հանդիպում, որպեսզի Արցախի պետականության նշույլները չերևան»:

Տեսանյութեր

Լրահոս