Ասում են՝ «գումարդ ով կերել է՝ գնա նրան էլ ասա՛». արցախցին զրկվել է իր ընտանիքին հասանելիք միանվագ նպաստից
Արցախից ՀՀ տեղափոխված Լուսինե Բաղդասարյանը զրկվել է շրջափակման ժամանակ խոստացված, իրեն ու որդուն հասանելիք միանվագ 40 հազարական դրամներից: Նա 168.am-ին պատմեց, որ գումարն իրենց խոստացվել էր տրամադրել դեռևս Արցախյան շրջափակման ժամանակ՝ որպես չաշխատող ու անչափահաս երեխա ունեցող ընտանիքի:
Մինչև Հայաստան տեղափոխվելն էլ այդ ամբողջ գումարը տևական ժամանակ գտնվել է փոստի իրենց հաշվում: Հերթերը հաշվի առնելով, սակայն, դա չէր հաջողվել վերցնել: Հիմա էլ ՀՀ կառավարությունից հայտնում են, թե գումարները ստանալու հնարավորություն այլևս չկա:
«Իմ նման էլի կան ընտանիքներ, որ այս նույն խնդրի առջև են կանգնած: Մյուսների համար, չգիտեմ՝ ինչպես է, բայց մեզ համար այդ 80 հազար դրամը շատ կարևոր գումար է ու շատ հարցեր կարող էր լուծել: Ես մի քանի փոստատուն եմ մտել, իմ հաշվում գումարը զրո է ցույց տվել: Մոտեցել եմ սոցապ. նախարարություն՝ աշխատակցուհին ասաց, որ որևէ մեկն այլևս չի կարող օգնել, որովհետև ով հասցրել՝ ստացել է, ով ոչ՝ ոչ»,- պատմեց արցախցի մեր հայրենակիցը:
Լուսինեն միայնակ մայր է: Այս պահին աշխատանք չունի: Երևանում բնակարանի համար էլ վճարում է Արցախում աշխատած գումարով: Դրա վերջանալու դեպքում, ասում է, կանգնելու է մեծ խնդիրների առաջ:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն այս խնդրով բազմիցս դիմել է նաև Արցախի ներկայացուցչություն: Արցախցի մեր հայրենակիցը հիշեց, թե ինչպես էր այնտեղ բռնված զրույցի ընթացքում կառույցի ներկայացուցիչներից մեկը համոզմունք հայտնում, որ այդ նպաստների փաստաթղթերն այլևս գոյություն չունեն, հետևաբար, գումարը ձեռք բերելու հնարավորությունը նույնպես զրոյական է:
«Էնպիսի տպավորություն է, որ այդ գումարներն այլևս գոյություն չունեն: Ես միայն մի բան եմ հասկանում այս ամենից: Իրենք ուղղակի հանել են այդ բոլոր գումարներն ու յուրացրել: Իսկ թե բռնի տեղահանված արցախցիներն ինչով կապրեն՝ իրենց պարզապես չի հետաքրքրել: Չի՞ ստացվում, որ այդ ընտանիքի գումարներն ուղղակի ինչ-որ մեկը գրպանել է: Դա նույնն է, ինչ իմ դրամապանակից գումար գողանան: Չէ՞ որ դրանք մեր գումարներն են եղել: Ես դա ասում եմ իրենց, ասում են՝ «ով կերել է՝ գնա նրան էլ ասա»»,- վրդովված պատմեց արցախցի Լուսինե Բաղդասարյանը՝ հայտնելով, որ կան նաև մի շարք բազմազավակ ընտանիքներ, որոնց կորցրած գումարները շատ ավելի մեծ են եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ շարունակում են բնակվել մեքենաներում, մարզադահլիճներում և մանկապարտեզների շենքերում: Նրանց մի մասը բնակվում է տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ՝ կանգնելով օրվա հացը վաստակելու խնդրի առաջ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից:
Նազելի Ստեփանյան