Գերադասում եմ արցախյան իրադարձությունների նկատմամբ օտարների հետաքրքրությունը մեծացնել իմ արվեստով. Տիգրան Համասյան
Հայազգի կոմպոզիտոր, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը համոզված է, որ բեմի վրա քաղաքականությունը տեղ չունի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ ինքը ձեռքերը ծալած չի նստել:
«2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ մենք ընդամենը 2 ժամում օնլայն համերգ կազմակերպեցինք: Հավաքել էինք մոտավորապես 6 մլն դոլար, ու դա ուղարկվել է Հայաստան: Ես նաև մի շարք գրառումներ եմ արել այդ խնդրի վերաբերյալ: Բայց չեմ կարծում, որ արդյունք տալիս է որևէ բանի մասին անընդհատ խոսելը: Գերադասում են իմ ոլորտում այնպիսի արդյունք գրանցել, որ մարդիկ, ծանոթանալով իմ ստեղծած երաժշտությանը, հետաքրքրվեն, ու իրենք ցանկանան իմանալ, թե ինչ է տեղի ունենում այստեղ»,- համոզմունք հայտնեց հայազգի կոմպոզիտորը՝ նկատելով, որ բեմը «սուրբ տեղ է»
Ինչ վերաբերում է 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հետևում է Հայաստանի երիտասարդ երաժշտասեր սերնդի առաջընթացին ու պատրաստվո՞ւմ է առաջիկայում վարպետաց դասեր անցկացնել Հայաստանում՝ Համասյանը խոսեց այստեղ երաժշտական դպրոց հիմնելու անհրաժեշտության մասին:
«Վարպետաց դասերի ծրագրեր ունեմ, բայց ո՛չ այս պահին: Նպատակ կա նաև հենց ջազային ուսումն այստեղ զարգացնելու: Այս համերգաշարերի ամենակարևոր նպատակներից մեկն է՝ հնարավորություն տալ հայ երիտասարդներին ծանոթանալու համաշխարհային ճանաչում ստացած երիտասարդ ջազ երաժիշտներին: Իսկ այդ վարպետաց դասի իմաստն էլ այն է, որ երաժիշտների հետ հետագայի համար հնարավոր լինի կապ պահպանել»,- ասաց Համասյանը՝ հույս հայտնելով առաջիկայում դպրոց հիմնելու վերաբերյալ:
Նազելի Ստեփանյան