Բաժիններ՝

«Իմ ամենաամբիցիոզ ծրագիրն է լինելու». Տիգրան Համասյանը՝ հաջորդ տարի թողարկվելիք իր նոր ալբոմի մասին

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Համասյանը երեք օր համերգներով հանդես կգա Երևանում: Կլինեն երեք տարբեր ծրագրեր ու կազմեր: Համերգները կկայանան նոյեմբերի 20-22-ը:

Ընդ որում, կլինեն ո՛չ միայն համերգներ, այլև վարպետաց դասեր՝ երկու օր շարունակ:

Այս համերգաշարին, նրա խոսքով, ներկայացվելու է վերջին 5-6 տարվա ընթացքում կատարած իր աշխատանքների ամփոփումը:

«Քովիդով պայմանավորված մի քանի գործեր ուշ թողարկվեցին ու հետ ընկան: Ստացվեց, որ մի քանի փուլերում գրված գործեր միացված են այս համերգներին: Դրանք այստեղ, կարելի է ասել՝ չեն կատարվել: Լինելու է և՛ սոլո կատարում, և՛ դուետ, և տրիո: Նվագելու ենք նաև ամերիկյան ջազ ստանդարտներ, ու իմ «The Call Within» ալբոմում տեղ գտած ստեղծագործություններից: Դրանք ես նվագում եմ սկսած դեռևս 2013 թվականից»,- հայտնեց Տիգրան Համասյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով նոր երաժշտացանկի ու առաջիկայում նախատեսվող «The bird of a thousand voices»  նոր ալբոմի վերաբերյալ 168.am-ի հարցին՝ Համասյանը շատ մանրամասնել չցանկացավ: Սակայն հայտնեց, որ դա իր ամենաամբիցիոզ ծրագիրն է լինելու, ու Հայաստանում այն ներկայացնելու մեծ ցանկություն ունի:

«Չգիտեմ՝ որտեղից եք իմացել այդ մասին, բայց ֆորմատային առումով սա շատ տարբեր է լինելու նրանից, ինչ մինչև հիմա անում էի: Այստեղ վիզուալների գերակշիռ մաս կա: Այդ մասին, իհարկե, հետագայում առանձին ասուլիսի առիթ ևս կլինի: Բայց մյուս տարի թողարկվելիք այդ ալբոմում ներառելու ենք նաև նոր հարվածային գործիքներ: Թմբկահար Նեյթ Վուդի հետ ենք գործակցել: Մենք, ի դեպ, երկար տարիներ էր, ինչ չէինք նվագել միասին, ու սա առիթ դարձավ գործակցության  վերսկսման»,- ասաց հայազգի կոմպոզիտորը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս