Վրացական կողմը պաշտոնապես հաստատել է «Bastion» զրահամեքենաների առաքումը Հայաստան. «Ազատություն»

APM Terminals Poti ընկերությունից հաստատել են հարձակողական բնույթի «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։

Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան՝ շեշտելով՝ «նշված զինտեխնիկայի փոխանցումը նպաստում է տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ավերիչ գործողությունների ամրապնդմանը»։

Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է, և Երևանն այն կգնի՝ որ երկրից հնարավոր լինի՝ ինքնապաշտպանության համար, արձագանքելով Բաքվից հնչած հերթական կոշտ քննադատությանը, «Ազատությանն» ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Բնականաբար, այս սպառազինությունները ագրեսիվ նպատակ չունեն, այդ սպառազինություններն ունեն պաշտպանական նպատակ, և դա Հայաստանի հիմնարար իրավունքն է: Այն պետք է իրացվի, այն իրացվել է, իրացվելու է և իրացվում է հենց հիմա, հետևաբար Ադրբեջանի նման հայտարարություններն ուղղակի զարմանալի են», – ասել է Մարուքյանը:

Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցնում՝ ստացե՞լ են արդյոք ֆրանսիական զենքը։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։

Տեսանյութեր

Լրահոս