ԵՄ-ն պատրաստ չէ՞ «ընդունել» Հայաստանին․ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները խոսում արտադաշինքային կարգավիճակի մասին

Բրյուսելում ընթացող «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովի շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, թե Հայաստանում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը:

«Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և զարգացման ապահովման համար»,- ասել է Գրիգորյանը Բրյուսելում։

Միաժամանակ, ըստ ռուսական ՏԱՍՍ-ի մեկ այլ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանն ասել է, որ «Հայաստանը երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չի ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ»:

«Հուսով ենք խորացնել համագործակցությունն անվտանգության որորտում հավաքական Արևմուտքի և առանձին երկրների հետ: Անվտանգության ոլորտ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն ռազմական բաղադրիչը, տնտեսական համագործակցությունը ևս կարող է անվտանգային բաղադրիչ ունենալ: Հայաստանը պատրաստ է դրան, մենք առաջ գնալու կամք ենք ցուցաբերել»,- նշել է նա։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը ևս նշեց, որ սա ուշագրավ հայտարարություն է ՀՀ իշխանության ներկայացուցչի կողմից։

Նրա խոսքով, պետք է հասկանալ նման հայտարարության կամ մտադրության բուն պատճառները, որոնք բարդ չէ հասկանալ։

Ռուս վերլուծաբանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան հարցի լուծմամբ փորձել են Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝ զուգահեռաբար հիմքեր ստեղծելով Հայաստանի եվրաինտեգրման համար։ Սա, նրա համոզմամբ, ակնհայտ քաղաքական վեկտոր է եղել։

«Ներկայումս հասունացել է կարծես այն պահը, երբ պետք է հայտարարել հստակ ընտրության մասին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխելու հարցը կարծես որոշված է հայկական կողմում, սակայն ԵՄ-ի հարցում կա տարակուսանք, որովհետև ինքնին ԵՄ-ն և արևմտյան կառույցները դրան պատրաստ չեն։ Իսկ հայտարարել եվրաինտեգրման մասին և չստանալ դրա համար հստակ երաշխիքներ, ժամկետներ, հավելյալ վտանգներ կստեղծի Հայաստանի համար։ Ուստի նախապատրաստվում է նաև պլան Բ կոչվածը, քանի որ, կարծում եմ՝ կուլիսային բանակցությունների ընթացքում Հայաստանի համար պարզ է դարձել՝ եվրաինտեգրացիան կարող է վերածվել անվերջանալի գործընթացի, ինչպես մի շարք երկրների դեպքում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Խրամչիխինը գտնում է, որ արտադաշինքային պետությունն ավելի վստահելի դաշնակիցներ ու ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն պետք է ունենա, որը կլրացնի այն բացը, որն ունի տվյալ երկիրը՝ համեմատած դաշինքային երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Ադրբեջանը, որը կարողացել է ամուր հարաբերություններ ստեղծել Թուրքիայի, Իսրայելի, ապա ավելի պակաս՝ նաև Ռուսաստանի հետ, որոնց միջոցով արդյունավետ իրականացրել է արտաքին քաղաքականություն և ապահովել անվտանգություն, ինչպես նաև հաղթել պատերազմում։

«Արտադաշինքային երկիր էր Ուկրաինան։ Ընդհանրապես նման արտաքին քաղաքական կուրս ստանձնող երկրները, փորձը ցույց է տալիս, որ ունեն արևմտյան վեկտոր։ Իրականում սա ռեսուրսներ պահանջող կարգավիճակ է, արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է և պատկերացնո՞ւմ է արդյոք, թե դա ինչ համակարգ է։ Կարծում եմ՝ ոչ այնքան»,- ասաց նա։

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, պատկերացումն այն է, որ Հայաստանը կարող է լինել արտադաշինքային երկիր արևմտյան ուղղվածությամբ, այսինքն՝ ունենա դաշնակցային հարաբերություններ արևմտյան մի շարք երկրների հետ, ինչպիսին, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան է, գուցե այլ թեկնածուներ ևս կան, որոնք դեռ չեն երևում։

«Արտադաշինքային երկիրը պետք է ունենա լուրջ ազդեցություն ունեցող դաշնակից երկրներ՝ իր անվտանգությունը գոնե մի փոքր երաշխավորելու համար, միայն Ֆրանսիան դա չի կարող անել, ԱՄՆ-ը դա կարող է անել, արդյո՞ք ցանկանում է, կասկածում եմ։ Հայաստանն առավել ևս նման դաշնակից պետք է ունենա, եթե ցանկանում է լինել արտադաշինքային արդյունավետ պետություն։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս որոշումը ևս կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, թե ինչպիսի՞ նոր քաղաքականության հնարավորություններ կունենա Ռուսաստանը, ինչպե՞ս կվերադիրքավորվի Արևմուտքը, և ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհը։ Ամեն դեպքում պարզ է, որ եթե հայտարարվի եվրաինտեգրացիայի ճանապարհի մասին պաշտոնապես, այն լինելու է փուչ գործընթաց, քանի որ ԵՄ-ն ընդլայնման պատրաստ չէ, և հատկապես այս փուլում նման փոփոխություններ չեն լինելու։ Ուստի սկսել են քննարկել ու դիտարկել նաև այս տարբերակը, որը բավականին մարտահրավերային ընտրություն է Հայաստանի նման աշխարհագրություն ունեցող երկրի համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս