Քանի որ Փաշինյանն այդքան հեշտ և թռվռալով ուրացավ Գուրգեն Մարգարյանի արյունը, հունգարական կողմի համար չկա և ոչ մի արգելակ պրոադրբեջանական քաղաքականության բացահայտ հետապնդման համար. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Արփիկ Սիմոնյանը Տավուշից նրան հարցրել է.
«Պարոն Աշոտյան, իմացանք, որ Հունգարիան Ադրբեջանի խաթր խոչընդոտել է Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը: Սա ի՞նչ է նշանակում»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Սա նշանակում է, որ Նիկոլի արկածախնդիր արտաքին քաղաքականությունը հերթական ֆիասկոն է ապրել: Սա նշանակում է, որ ստորաքարշ և անողնաշար պահվածքը մշտապես եղկելի է և պատժելի:
Երկու տարի առաջ Նիկոլը գնաց Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնմանը, առանց հունգարական կողմից Ռամիլ Սաֆարովի սկանդալային արտահանձնման հետ կապված անգամ ֆորմալ կամ պրոտոկոլային զղջման կամ ներողության: Այն, ինչ արել էր վարչապետ Օրբանը 2012 թվականին, ցինիկ էր և անբարոյական, բայց այն, ինչ արեց Նիկոլը 2022 թվականին այս հարցով, և՛ պատվազուրկ էր, և՛ քստմնելի:
Եվ քանի որ Փաշինյանն այդքան հեշտ և թռվռալով ուրացավ Գուրգեն Մարգարյանի արյունը, հունգարական կողմի համար չկա և ոչ մի արգելակ կամ զղջման առիթ պրոադրբեջանական քաղաքականության բացահայտ հետապնդման համար:
Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել հետևյալը: 2012թ.-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կամային որոշմամբ խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, Հունգարիան ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ որևէ կենսական և կարևոր հարցով չի խոչնդոտել Հայաստանին:
Բերեմ մի քանի ապացույց. 2013թ.-ին ստորագրվելիք Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիր, 2017թ.-ին ստորագրված Հայաստան-ԵՄ CEPA-ն, ԵՄ կողմից ֆինանսական աջակցություններ, որոնք մշտապես Հայաստանի համար ավելի մեծ չափով են հատկացվել, քան Ադրբեջանին:
Պարադոքս է, չէ՞. Սերժ Սարգսյանը խզեց կապերը Հունգարիայի հետ, բայց Հունգարիան Հայաստանին չէր խոչընդոտում, իսկ Նիկոլը հեշտ ու հանգիստ «բարիշեց», բայց Օրբանը բացահայտ Ադրբեջան է լոբբինգ անում՝ Հայաստանի հաշվին:
Հարցն ամփոփեմ հետևյալ դիտարկմամբ: Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կթմբկահարի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մասին, Բրյուսելի սեյֆերը բացելու վրա՝ Ադրբեջանը ստացել է էֆեկտիվ լծակ»:
Մանրամասները՝ տեսանյութում: