Բաժիններ՝

Ժուժկալություն՝ ամուսնական կյանքում

«Աստված տեսավոր այն ամենըինչ ստեղծել էրշատ լավ է» (Ծննդ. 1:31)։

Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո, որոշ մարդիկ կարող են ունենալ հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ, մյուսները` տաս, երեսուն և այլն: Բայց որտեղի՞ց այսօր կգտնես մարդկանց, որոնք ընդամենը հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ կունենան, այսինքն մարդկանց` մաքուր ու առաքինի մտածելակերպով: Չնայած այս ամենին, Աստծո կողմից մարդկանց տրված է անկրքության հասնելու հնարավորություն, եթե նրանք պատվասիրաբար լծվեն այդ գործին:

Ամուսնական կյանքի ուղու ընտրությունը արդարացում չի հանդիսանում այն փաստի մոռացման համար, որ մարդը ոչ միայն մարմին է, այլև` հոգի: Չի կարելի մոռանալ դրա մասին և ինքն իրեն (իր կիրքը) անսանձ թողնել*: Ամուսինները պետք է շատ ջանք թափեն, որպեսզի մարմինը ենթարկեն հոգուն: Եթե հոգևորականի ղեկավարությամբ, ամուսինները փորձում են հոգևոր կյանք վարել, ապա աստիճանաբար նրանք կսկսեն համտեսել նաև բարձրագույն ուրախություններ` հոգևոր և երկնային: Նրանք այլևս չեն ձգտի մարմնական ուրախությունների:

Ամուսինները պետք է ջանք թափեն ժուժկալության (ինքնազսպման) գործում, որպեսզի մարմնական կիրքը չփոխանցեն իրենց երեխաներին ևս: Եթե ծնողներն առանձնանում են շատ մարմնական մտածելակերպով, ապա նրանց երեխան էլ, փոքր հասակից, նմանատիպ հակվածություններ ունի: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա ծնողներից մարմնական հակումներն է ժառանգում: Սկզբում, ծնողներից ժառանգած այլ կրքերի պես, մարմնական հակումն էլ դեռևս թույլ է, նուրբ` մատղաշ եղինջի պես, որը չի դաղում և կարող ես հեշտությամբ բռնել նրա տերևներից: Բայց երբ այն աճում ու մեծանում է` նրա տերևներն սկսում են դաղել: Այդպես և մարմնական հակումները` ամենասկզբում նրանք կարող են բժշկվել լավ, դատողություն ունեցող հոգևորականի կողմից: Սակայն, եթե աշխարհիկ մտածելակերպն ու հակումները չզսպվեն երիտասարդ տարիքում, ապա երբ հասուն մարդ դառնաս` դրա համար անհրաժեշտ կլինի ոչ փոքր սխրանք գործել:

Կարդացեք նաև

* Ամուսնական հարաբերությունների մասին իր նամակներից մեկում Հայր Պաիսիոսը գրում է. «Դու ինձ հարցնում ես ամուսնացյալ հոգևորականների և աշխարհիկ մարդկանց ամուսնական հարաբերությունների մասին: Եկեղեցու Սուրբ Հայրերը ճշգրիտ սահմանումներ չեն տալիս, թե ինչպես պետք է կառուցվեն այդ փոխհարաբերությունները: Դա նշանակում է, որ ամուսնական հարաբերություններն այն թեման է, որը չի կարող միանշանակորեն սահմանված լինել, քանի որ բոլոր մարդիկ չեն կարող մի ձևաչափով ապրել: Ամուսնական փոխհարաբերությունների հարցը Հայրերը թողնում են յուրաքանչյուր մարդու դատողության, պատվասիրության, հոգևոր նրբազգացության և ուժի վրա: Որպեսզի ավելի հասկանալի լինեմ, օրինակներ կբերեմ ամուսնացյալ հոգևորականների և աշխարհիկների կյանքից, որոնք աշխատանք են տարել այդ ուղղությամբ: Այդ մարդիկ մինչ այժմ ողջ են և ես ծանոթ եմ նրանց:

Նրանց մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք ընտանիք ստեղծելով` ամուսնական հարաբերություններ են ունեցել, ծնել են մեկ, երկու կամ երեք երեխա և այնուհետև ապրում են կուսական կյանքով: Մյուսներն այդ հարաբերություններն ունենում են տարին մեկ անգամ, որպեսզի երեխա ունենան, իսկ այնուհետև ապրում են քույր և եղբոր պես: Կան ամուսիններ, որոնք զերծ են մնում այդ հարաբերություններից` պահքերի շրջանում միայն: Իսկ կան այնպիսի ամուսնական զույգեր, որոնց նույնիսկ դա չի հաջողվում: Կան նաև ամուսիններ, որոնք հարաբերվում են շաբաթվա մեջտեղում, որպեսզի Աստվածային Հաղորդությունից երեք օր առաջ և երեք օր հետո մաքուր լինեն:

Մյուսներն էլ` դա էլ չեն հաջողում անել: Այդ պատճառով էլ Իր Հարությունից հետո առաքյալներին հայտնված Հիսուսը, նրանց իշխանություն տալով` մեղքերի թողության, ամենից առաջ ասաց.

«…ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեցես էլ ուղարկում եմ ձեզ… Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեքնրանց ներված կլինիեթե մեկի մեղքերը չներեքներված չի լինի (Հովհ. 20:21-23):

Նպատակն այն է, որ յուրաքանչյուրն իր հոգևոր կարողություններին համապատասխան դատողությամբ ու եռանդով ջանք գործադրի: Իհարկե, սկզբում խանգարում է երիտասարդությունը: Սակայն, ժամանակի ընթացքում մարմինը կորցնում է իր ուժերը և հոգին կարող է իշխող դիրք զբաղեցնել: Իսկ երբ դա տեղի է ունենում, ապա նույնիսկ ամուսնացածներն են սկսում փոքր-ինչ ճաշակել աստվածային երանությունից: Նրանք բնական կերպով հեռանում են մարմնական հաճույքներից, որոնց արդեն նայում են որպես չնչին ու ողորմելի մի երևույթի: Այսպիսով, ամուսնության մեջ ապրող մարդիկ որոշակի եղանակով մաքրվում են և բարձրանալով թեթև, զառիվեր, գալարուն արահետով` մտնում են Դրախտ: Իսկ վանականները Դրախտ են մտնում ուղիղ ճանապարհով` ուղղահայաց մագլցելով ժայռերն ի վեր: Դու պետք է ի նկատի ունենաս, որ ամուսնական փոխհարաբերությունների խնդիրը միայն քոնը չէ, և դու իրավունք չունես ինքնուրույն կարգավորել այդ հարցը, այլ` ինչպես Պողոս առաքյալն է գրում. «ըստ համաձայնության»:

Սակայն, նույնիսկ երբ ամուսինները գալիս են դրան` (ինքնազսպմանը) «ըստ համաձայնության», ապա միևնույն է, նորից ուշադրություն է հարկավոր: Ուժեղ ամուսինն իրեն պետք է թույլի տեղը դնի:

Հաճախ այսպես է պատահում`կողակիցներից մեկը համաձայնվում է զերծ մնալ հարաբերություններից, որպեսզի չտխրեցնի մյուսին, սակայն ներքուստ տառապում է: Ամենից հաճախ դա կանանց հետ է պատահում, որոնք որոշ չափով Աստծուց երկյուղածություն են կրում, սակայն նրանց մարմինն էլ է դեռևս դեր խաղում: Հաճախ որոշ պատկառելի ամուսիններ, իրենց կանանցից լսելով համաձայնության խոսքեր, անխելամտորեն երկար ժամանակով խուսափում են ամուսնական հարաբերություններից: Իսկ կանայք այդ պարագայում տառապում են և լիցքաթափվում են նյարդային պոռթկումների ու այլնի միջոցով: Ամուսինները կարծում են, թե իրենց կանայք հաջողել են առաքինության մեջ և կամենալով ավելի մաքուր ապրել` ավելի ուշ են մտնում հարաբերությունների մեջ: Իսկ այնուհետև կանանց մոտ սկսում են գայթակղությունները և նրանք ցանկանում են կողքից մեկին գտնել:

Երբ որ անկումներ են տեղի ունենում, նրանք սկսում են տանջվել խղճի խայթից, իսկ ամուսինները տեսնելով, որ կանայք հակված չեն ամուսնական հարաբերությունների, փորձում են էլ ավելի մեծ անարատության մեջ ապրել: Նրանք կարծում են, թե իրենց կանայք առաջադիմել են հոգևոր կյանքում և չեն ցանկանում մարմնական փոխհարաբերություններ: Իհարկե, այդ ամենի պատճառը կանացի եսասիրության մեջ է, որը բացատրվում է և խանդով, որ կինն զգում է` իրեն թերարժեք զգալով: Տեսնելով, որ ամուսինն ուզում է հոգևոր կյանքով ապրել, կինն սկսում է ամեն ինչ անել` ցանկանալով առաջ անցնել ամուսնուց: Ների՛ր ինձ այն բանի համար, որ ուրիշի այգի եմ մտել, քանի որ վանականի գործը համրիչներն են, այլ ոչ թե այսպիսի թեմաները:

Բայց քեզ չվշտացնելու համար` ես ստիպված էի մի քիչ գրել այդ մասին (ինչի մասին հեռակա կարգով գիտեմ), այն մասին` ինչը տանջում է մեր աշխարհի մեջ ապրող եղբայրերին և քույրերին, և հնարավորություն է տալիս թշնամուն` նրանց դեմ գործելու: Մեծ նշանակություն ունի այն փաստը, թե արդյո՞ք նման են ամուսիններն իրար` ըստ իրենց տեսակի և խառնվածքի: Երբ ամուսիններից մեկը փափուկ մարդ է, իսկ մյուսը` առույգ ու ժիր, ապա պետք է որ ավելի ուժեղն իրեն զոհաբերի` հանուն թույլի: Եվ աստիճանաբար, ուժեղի օգնությամբ, կամրանա և կկազդուրվի թույլը ևս: Եվ այնուհետև երկուսն էլ, առողջ լինելով, պետք է առաջ շարժվեն» (π. Δ. Τάτση. Ό Γέροντας Παίσιος. Κόνιτσα, 1995. Σ. 176-178. գրքից):

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս