Քաղաքացիների 46.6 տոկոսը նշել է, որ Հայաստանը պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար. GALLUP International Association
Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների հետևանքով արցախահայերի բռնի տեղահանությամբ Արցախի էջը փակված չէ ՀՀ տարածքում հարցված քաղաքացիների ավելի քան կեսի համար: Լրագրողներին այս մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Տեղեկացնենք, որ կազմակերպած հարցման մասնակիցները պատասխանել են հարցին, թե Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից ու ավելի քան 100.000 արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո ինչպես պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը:
«46.6 տոկոսը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները: 40 տոկոսը նշել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին՝ Հայաստանում, և հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար»,- ասաց Նավասարդյանը:
Հարցման արդյունքներով՝ միայն 9.2 տոկոսն է տեսակետ հայտնել, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այնտեղ ստանան անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում ու ապրեն Ադրբեջանի կազմում՝ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով:
Նազելի Ստեփանյան