«Քաղաքի աղմուկը» ներկայացմամբ եզրափակվել է «Արմմոնո Plus» թատերական փառատոնը
Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքի աղմուկը» ներկայացմամբ եզրափակվել է «Արմմոնո Plus» թատերական փառատոնը:
Ներկայացման բեմադրիչը Գալուստ Ներսիսյանն է, նկարիչը՝ Ժաննա Հովհաննիսյանը, իսկ դերակատարն Արմեն Քուշկյանն է:
Ներկայացումը հիմնված է իրական փաստերի վրա: Այն մարդկային զգացմունքների, տարբեր ապրումների մասին է։
Արմեն Քուշկյանի խոսքով՝ ներկայացման մեջ անսահման կարոտ կա: «Բոլորիս կյանքում եղել է որևէ մեկը, որն այժմ մեզ հետ չէ, և ինչ-որ բաներ անընդհատ հիշեցնում են տվյալ մարդու մասին: Դու քայլում ես քաղաքում, տեսնում ես վայրեր, որոնք նրա հետ են կապված, տանը տեսնում ես նրա բաժակը, ինչը ևս նրան է հիշեցնում: Ներկայացումն անվերջ կարոտի մասին է»,-շեշտում է դերասանը:
Քուշկյանն ասում է՝ պիեսի բոլոր կետերն առանձին պատմություններ են:
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահից հետո Գալուստ Ներսիսյանը հանդիպել է Արմեն Քուշկյանին ու առաջարկել բեմադրություն անել «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա:
«Փորձերի ընթացքում անընդհատ հիշել ենք Վահե Սուրենիչին, և այս ներկայացումը նրան ենք նվիրել: Երբ չափազանց մոտ մարդու ես կորցնում, դժվար է դառնում ապրելը: Պատերազմում զոհված տղաներից շատերի ծնողները դառնում են ուրվականներ ու ապրում են իրենց երեխաների հիշատակով: Գալուստն ինձ պատմում էր, որ գնում էր Եռաբլուր ու այնտեղ տեսնում մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն են անցկացնում այնտեղ: Նման պարագայում դառնում ես ուրվական, սկսում ես ապրել հիշողություններով, անցյալով, ինչպես իմ հերոսը, որն անցնում է իր որդու կյանքի անցած ճանապարհները, հիշում, թե ինչպես էին նստում սրճարանում, նույն բանը պատվիրում և այլն»,-նշում է Արմեն Քուշկյանը:
«Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի շրջանակում թատերասերները հնարավորություն են ունեցել դիտել ութ մոնոներկայացման առաջնախաղ։ Ներկայացումները ցուցադրվել են «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում և Հայաստանի թատերական գործիչների միությունում։
Փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները ցուցադրվելու են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը տեղի կունենա 2024 թվականին: