Անցյալը, ներկան ու ապագան՝ ֆիզիկոսի աչքերով. Մկրտիչ Արզումանյանի «Գրավիտացիա» մոնոներկայացումն արդեն մեծ բեմում է
«Գրավիտացիա» մոնոներկայացման հերոսը ֆիզիկոս Գևորգ Համբարձումյանն է, որն արժանացել է Նյուտոնի անվան համաշխարհային մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Ոսկե խնձորին»: Նա ունի գրեթե 20 վայրկյան, որպեսզի հանրությանն ասի այն, ինչ մտածում է: Նա կարող է տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ և գիտի, թե ինչպես փոխել իրողությունը, բայց անկարող է կանխել իր անկումը, քանի որ գրավիտացիան անում է իր գործը:
«Արմեպրեսի» փոխանցմամբ՝ «Գրավիտացիա» մոնոներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հումորով անդրադառնում է հայ ժողովրդին այսօր հուզող բազմաթիվ խնդիրների, ընդգծում մեր բնավորության լավ ու վատ կողմերը:
Ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ ձգողականության օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր արարք ստանում է արժանի պատասխան: Ներկայացման մեջ հնչող հարցերը գլոբալ են, չեն վերաբերվում մեկ անձի: Ստեղծագործական թիմը մեկ հերոսի միջոցով մի ամբողջ ազգի պատմությունը ներկայացնում է ձգողականության տեսության տեսանկյունից:
«Պլյուս-մինուս», «Հրեշը լուսնի վրա»… «Գրավիտացիա»-ն երրորդ ներկայացումն է, որի շուրջ Բալյանն ու Արզումանյանը համագործակցում են: «Այս ներկայացումը «սթենդ ափ», «մեկ մարդու թատրոն» և «մոնոներկայացում» ժանրերի համադրությունն է, և Մկրտիչ Արզումանյանը փայլում է այստեղ: Ես հույս ունեմ, որ հանդիսատեսը դահլիճից դուրս կգա իր արժեքները, հնարավորությունները գնահատած»,-ասում է Բալյանը:
Ռեժիսորը խոստովանում է՝ ուրախ կլինի, եթե կարճ ժամանակ անց ներկայացումն ակտուալ չլինի, որովհետև այն խնդիրները, որ բարձրացվում են ներկայացման մեջ, լուծված կլինեն:
Ներկայացման հերոս Գևորգ Համբարձումյանն ասում է, որ համաշխարհային ցինիզմն ու երեսպաշտությունը պետք է ջրի երես դուրս գան, շեշտում, որ ընկերովի մահը հարսանիք չէ, այլ ընկերովի հարսանիքն է մահ, որովհետև վերջում բոլորը խմած մեռած են, ընդգծում, որ այն ժամանակ, երբ Չինաստանն ու մի քանի այլ երկրներ պետական մակարդակով բարձրացնում են իրենց ծնելիության մակարդակը, մենք բարձրացնում ենք մեր տոլերանտության մակարդակը, որի արդյունքում երեխաներ չեն ծնվում, քննադատում այն, որ սահմանում է ազգը, որը մտածում է, թե ամեն ինչ գիտի, ունակ չէ սովորելու, քանի որ սովորել կարելի է միայն չիմացածը:
Գևորգ Համբարձումյանի դերակատար Մկրտիչ Արզումանյանը ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ շատ լարված է եղել բեմում և դժվարանում է խոսել իր հույզերի մասին:
«Կարևոր կետեր կային, որ անհրաժեշտ էր ապահովել, տեղ հասցնել, ու դեռ անելու աշխատանք կա. որոշ բաներ կփոփոխվեն, որոշ բաներ կավելանան: Կարծում եմ՝ առաջնախաղը հաջողվեց»,-նշում է դերասանն ու հավելում՝ իրեն հատկապես դուր է գալիս ավտոբուսի տեսարանը, քանի որ այդ դրվագում դերասանական բազմաշերտ հնարավորությունները դրսևորելու առիթ է ընձեռվում:
Արզումանյանն ասում է՝ հերոսի օգնությամբ իր կարծիքն է արտահայտում, այն հաղորդում հանդիսատեսին: «Ներկայացնում եմ մեր անցյալը, ներկան ու այն, թե ինչ կլինի ապագայում, եթե մենք չվերարժևորենք այն, ինչ ունենք, թե որտեղ ենք ու ինչ է պետք գլոբալ խնդիրներից զերծ մնալու համար»,-հավաստիացնում է Արզումանյանը:
Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց ներկայացումը, ինչից կարող ենք ենթադրել, որ այն երկար կյանք կունենա:
Ներկայացման սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանն է, բեմադրող նկարիչն Արև Պետրոսյանն է, կոմպոզիտորն՝ Անահիտ Մնացականյանը, հագուստի նկարիչը Յուլիա Ֆինկն է, պաստառը՝ Արվին Քոչարյանի, նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է:
Անժելա Համբարձումյան