Ինչու՞ չեք տեղադրել Սարդուրի ժամանակաշրջանի քարտեզը, երբ աշակերտները կարող են հստակ պատկերացում կազմել տերության սահմանների մասին, ինչու՞ մի տող չեք գրել Էրեբունի Երևանի մասին․ Միքայել Բադալյան

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայեցի մեր գործընկեր Սմբատ Հովհաննիսյանի հարցազրույցը rearrange հարթակում: Ինձ համար այդ հարցազրույցում բավական կառուցողական կետեր կան:Սակայն, չեմ կարող ընդունելի համարել, երբ գիտնականը, չլինելով տվյալ ոլորտի մասնագետ, իրեն իրավունք է վերապահում անել վստահ պնդումներ:

Խոսելով 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած ՈՒրարտուի քարտեզի մասին, Սմբատ Հովհաննիսյանը հայտնում է , որ այո, իրենք ընդունել են, որ դասագրքում եղել է սխալ և այնտեղ պետք է լիներ Իշպուինի արքայի ժամանակաշրջանի քարտեզը: Այն որ այդ քարտեզը լի է բազմաթիվ անճշտություններով, կոպիտ սխալներով, անդրադարձել եմ իմ նախկին գրառումներում և հարցազրույցներում:

Պարոն Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշում է (1:09 րոպե), որ Իշպուինին և անգամ Մենուան մաքսիմումը հասել են Արաքս գետ և Էթիունի պետությունը իրենք չեն նվաճել…

Հարգարժան պարոն Հովհաննիսյան, իսկ ներկայիս Իրանի իսլամական հանրապետության ՈՒրմիա լճից արևմուտք ընկած տարածքները Իշպուինին և Մենուան չէ՞ին նվաճել, որ չեք տեղադրել քարտեզում: Քանի որ Ձեր դասագրքի մի զգալի շարադրանքը, գոնե հնագույն շրջանի վերաբերյալ գրված է զուտ այս կամ այն ենթադրության, վարկածի և նույնիսկ հիպոթեզի վրա, իսկ գուցե լսած լինեիք, որ կան նաև բավական հետաքրքիր ենթադրություններ, որ Արտաշատի ուրարտական ժամանակաշրջանի կառույցները հիմնվել են Մենուայի կողմից: Այժմ, Արաքսն անցնելչանցնելու մասին:

Ամենայն հավանականությամբ նույն Իշպուինին և Մենուան հասել են առնվազն մինչև Սյունիք: Վերին Անձավի պեղումների ընթացքում՝ տաճար տանող մուտքի մոտ գտնվեցին խիստ վնասված բրոնզե շղթայի օղեր: Հետագայում Ստամբուլի համալսարանի լաբորատորիայում իրականացված արդյունքների ժամանակ պարզ դարձավ, որ օղերն արձանագիր են և ունեն հետևյալ տեքստը. Խալդի աստծուն՝ տիրոջը, նվիրեցին Իշպուինին՝ Սարդուրիի որդին, Մենուան Իշպուինիի որդին և Ինուշպուան՝ Մենուայի որդին, երբ նրանք երկիրն Ամուշա քաղաքի նվաճեցին:

Ինչպես տեսնում ենք, արձանագրությունը վկայում է Ամուշա քաղաքի երկրի նվաճման մասին: Հետաքրքիր է, որ այս տեղանունը հիշատակվում է նաև ավելի ուշ ժամանակաշրջանի միապետ՝ Արգիշթի II-ի ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից արևմուտք տեղակայված Թանահատի շրջակայքում՝ խաչքարերի շարքում հայտնաբերված երկկողմանի ուրարտական արձանագրության մի հատվածում: Ըստ հեղինակավոր ուրարտագետներ Նիկոլայ Հարությունյանի՝ Ամուշան պետք է տեղեկայաված լիներ Սյունիքում, իսկ աշխարհի ամենահայտնի ուրարտագետներից Միրյո Սալվինին Ամուշայի տեղորուշումը ենթադրում է Արցախի տարածքում (Salvini M., The Eastern Provinces of Urartu and the beginning of History in Iranian Azerbeijan, in Studies in Honour of Altan Çilingiroğlu, A Life Dedicated to Urartu on the Shores of the Upper Sea (ed. E.Abay et al), Istanbul, 2009, p., 505):

Ամենայն հավանականությամբ, վերը նշված օղերն էլ ավար են վերցվել Ամուշա քաղաքի երկրից և նվիրաբերվել տերության գերագույն աստված Խալդիին ու վերջինիս տաճարին:

Հարգելի պարոն Հովհաննիսյան, շատ հետաքրքիր է, ինչու՞ հենց Իշպուինիի քարտեզը: Ինչու՞ չեք տեղադրել օրինակ Արգիշթի Մենուայորդու և կամ նրա որդու Սարդուրու ժամանակաշրջանների քարտեզը, երբ աշակերտները կարող են հստակ պատկերացում կազմել տերության սահմանների մասին: Ինչու՞ մի տող չեք գրել Էրեբունի Երևանի մասին:

Սա Ձեր գիտական հոդվածը չի, սա դասագիրք է: Խնդրում եմ Ձեզ, ունեցեք համարձակություն և ընդունեք Ձեր սխալներն ու վրիպակները, դիմեք ուսուցիչներին և աշակերտներին և տեղադրեք նորմալ քարտեզներ: Շատ շուտով կանդրադառնամ դասագրքում տեղ գտած մեկ այլ քարտեզի և դրան առնչվող սխալներին»:

Տեսանյութեր

Լրահոս