«Պետք է պահպանենք ազգայինը, հանենք ի ցույց մեր հերոսներին». «Խենթը»՝ Դավիթ Հարությունյանի բեմադրմամբ
Հայ գրող Րաֆֆու ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Խենթը», նոր շունչ ու ոգի է ստացել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։
Այսօր էլ Հայաստանը կանգնած է այն նույն խնդիրների առջև, ինչ 19-րդ դարում էր՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ էլ հայերը բռնի տեղահանվեցին, սպանվեցին, այնպես, ինչպես 21-րդ դարում բռնի տեղահանվեցին Արցախից։
Գլխավոր հերոսը՝ Վարդանը, հայրենիքի, ազատության ու սիրո համար դիմում է բազմաթիվ խենթությունների և հենց դրա համար էլ նրան Խենթ են ասում, այսօր ավելի քան պահանջված կերպար է, թերևս, նրա նման խենթերի կարիքն ունի հայրենիքը, ազգը։
Ներկայացման բեմադրիչը Դավիթ Հարությունյանն է։ Ամռանը մեկնարկած փորձերը տվեցին այնպիսի արդյունք, որը մեծ ու դրական արձագանքով ընդունեց հայ հանդիսատեսը։
Ինչո՞ւ Րաֆֆու «Խենթը», Դավիթ Հարությունյանն այս հարցին կարող է ժամերով պատասխանել, բայց բազմաթիվ պատասխաններից նա ընտրեց մեկը՝ հայրենիքի ներկայիս վիճակով պայմանավորված։
«Այս ժամանակահատվածում մեր երկրի ու ժողովրդի, Արցախի հետ կապված ամբողջ արհավիրքները, որ տեղի ունեցան, էթնիկ զտումները, պատերազմը, ամեն ինչ շատ խորը վերքեր ու հետքեր թողեց մեր բոլորի մեջ։ Բոլորս էլ մեծ ողբերգություն ենք ապրել, երկրամաս, հայրենիք ենք կորցրել, ունենք բռնի տեղահանված ժողովուրդ։
Կարծում եմ՝ այսօր, երբ մեր մեջքը կոտրված է, ընկճախտի մեջ ենք, ոգևորիչ խթանների կարիք ունենք։ Մենք պետք է պահպանենք ազգայինը, հանենք ի ցույց մեր հերոսներին, առանց նրանց, առանց առաջնորդների՝ ոչինչ չի լինի։ Այստեղ Վարդանի կերպարը՝ Վահան Միրաքյանի կատարմամբ, իրական հերոս է, փորձել ենք ցույց տալ իր սխրանքը, կտրուկ ամենքից առաջ անցնելը։ Նա իր կյանքը վտանգելով առաջ է գնում՝ հանուն ազատության, հայրենիքի, սիրո, ընկերների գաղափարների և նաև մի շարք հանունների։
Թատրոնի անձնակազմը մեկ մարդու նման նվիրված աշխատել է, որպեսզի ունենանք այն, ինչ տեսաք բեմում, հեշտ ու միմյանց հասկանալով ենք աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։
Ռեժիսորի մեկնաբանությամբ՝ թատրոնին ծառայելու առաքելության մեջ այսօր տեսնում է ամենակարևոր խնդիրների մասին բարձրաձայնելը։
«Ոչ թե ուզում ենք ցույց տանք, հուզենք, պատմենք, թե՝ տեսեք, այն ժամանակ էլ այսպես էր, հիմա էլ: Չէ։ Րաֆֆին փաստորեն ինքն էլ չգիտեր, որ մարգարե է, և, ցավոք, դեպքերն այնքան նմանությամբ են կրկնվում, որ պատճառները Րաֆֆին ի ցույց է դնում հենց «Խենթում»։ Սա հրաշալի սիրո պատմություն է նաև: Առճակատումները թուրքերի ու քրդերի հետ։
Այս ներկայացման մեջ ավելի կոնկրետ շեշտադրումներ են արված, և ես որպես բեմադրիչ եմ այդ ամենը ցանկացել անել»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Նա հույս ունի, որ ներկայացումը մեծ արձագանք կստանա հայ հանդիսատեսի հոգում ու սրտում։ Ուրախ է նաև, որ նոր սերունդը հնարավորություն կունենա ստեղծագործությունը տեսնել արդեն բեմում։
«Առաջնախաղից սկսած՝ կուզեմ, որ այս ներկայացումը երկար կյանք ունենա, որովհետև այն ունի ամբարված մեծ մտքեր, խորհուրդներ ու պատգամներ»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը։
Ու երբ ներկայացման ավարտին քահանան հուսահատ ասում է, թե մենակ է մնացել եկեղեցին վերանորոգելու համար, և դիմելով գլխավոր հերոսին՝ Վարդանին, ասում է. «ինչ եկեղեցի կառուցում եմ՝ բերդ է ստացվում» Վարդանը երկար մտածելուց հետո մի քանի անգամ կրկնում է՝ «միանում, մեկ են դառնում»:
Ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանը, երաժշտության հեղինակը՝ Վահան Արծրունին։