Ռուս խաղաղապահները պատրաստվում են հեռանա՞լ Արցախից
Վերջին օրերի ընթացքում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտն ակտիվ փոփոխություններ է իրականացնում։
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում ռոտացիա է իրականացվում և զինտեխնիկան պլանային վերանորոգման համար ուղարկվում է Ռուսաստան: «Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
Հաղորդագրության համաձայն՝ «անընդմեջ փոխգործակցություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»:
Վերջին հաղորդագրություններից հայտնի է դառնում նաև, որ ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրի, սեպտեմբերի 19-ից ի վեր փակվել է 9 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
«Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները՝ վերականգնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում:
Արդյո՞ք խաղաղապահները պատրաստվում են լքել Արցախը. 168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած գործողությունից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում չմնաց հայկական բնակչություն, բնական է, որ խաղաղապահ զորակազմը պետք է վերակազմավորվի, փոփոխություններ իրականացնի։
«Դիտակետեր ունենալն անիմաստ է, չկա հրադադարի խախտման որևէ վտանգ, ուստի դրանք հանել է պետք՝ ավելորդ ռեսուրս չծախսելու համար»,- ասաց նա։
Հետևաբար, ըստ Պավել Ֆելգենգաուերի, այդ փոփոխություններն էլ տեղի են ունենում։
Սակայն, վերլուծաբանի կարծիքով, ռուս-ադրբեջանական բանակցությունների առարկա, բնականաբար, դարձել է խաղաղապահների ապագան։
«Այստեղ բոլորի դիրքորոշումներն ավելի քան պարզ են։ Ադրբեջանը պետք է ցանկանա ջոկատի դուրսբերում, իսկ Ռուսաստանը ձգտում է մնալ՝ հետագայում իր ներկայությունը երկարաձգելու ցանկությամբ հնարավոր որոշ զարգացումների ֆոնին։ Ուստի խաղաղապահները հանում են արդեն իսկ ավելորդ դիտակետերը, ռոտացիայի ներքո գուցե թեթևացնեն նաև ԼՂ տեղափոխված զինտեխնիկան, ազատվեն դրանց որոշ մասից, կազմը ևս թեթևացնեն, ծավալեն հումանիտար գործունեություն՝ դրանով իսկ նաև ադրբեջանական կողմին ցույց տալով, թե լքում են ԼՂ-ն, թողնելով փոքր կոնտինգենտ, որը ժամկետի ավարտից հետո կարող է դուրս գալ։ Բայց, կարծում եմ, իրավիճակն այդքան էլ պարզ չէ, քանի որ ՌԴ-ն կցանկանար մնալ ԼՂ-ում, կփորձի իր համար այս խոցելի ժամանակահատվածում պահպանվել, որից հետո միայն կայացնել կարևոր որոշումները։
Ի վերջո, անուղղակի հայտարարություններով քննարկում են բնակչության հետվերադարձի հնարավորությունը, այս դեպքում խաղաղապահները գուցե կրկին անհրաժեշտ դառնան, թեև կողմերը դա չեն ցանկանում իրականում։
Նույնը հասկանում են նաև Ադրբեջանում, ուստի փորձում են հասնել իրենց նպատակներին հենց այս ընթացքում»,- ասաց Ֆելգենգաուերը։
Միաժամանակ նա ասաց, թե սա չի նշանակում, որ Ռուսաստանում պատրաստ չեն նաև ԼՂ-ն լքելու սցենարին։
Նրա կարծիքով, այդ սցենարը ևս հավանական է և ակտիվ քննարկվում է, գուցեև կան որոշումներ։
«Հստակ ասելը բարդ է, բայց, դատելով ՌԴ իշխանությունների քաղաքականությունից, նրանք կնախընտրեն նշածս առաջին սցենարը»,- նկատեց նա։