«Բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի առումով Կառավարությունն իրավական առումով վատ հետևանքներ առաջացրեց». Ռոման Երիցյան
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը ճանաչում է որպես փախստական, ապա նշանակում է, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն, քանի որ փախստական կարող է ճանաչվել միայն օտարերկրացի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով բռնի տեղահանվել է իր երկրից, ենթարկվել սոցիալական կամ ռասայական հետապնդման։
«Հետևաբար, եթե մեզ ճանաչում են փախստական, մենք ՀՀ քաղաքացիներ չենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե եթե մեզ չեն ճանաչում փախստական, ապա մենք համարվելո՞ւ ենք ՀՀ քաղաքացի, ապա այս հարցն ունի երկու պատասխան։
Եթե հարցը դիտարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տրամաբանության ներքո, ապա չենք համարվում ՀՀ քաղաքացիներ։ Միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը Հայաստանի քաղաքացու անձնագիր կրել չի կարող։ Այդպիսի իրավական կարգավորում ուղղակի չկա։
Չկա այնպիսի իրավական կարգավորում, որ ՀՀ քաղաքացու անձնագիր Հայաստանը կարող է տալ այլ պետության քաղաքացու, եթե խոսքը չի վերաբերում երկքաղաքացիությանը։ Այդ տրամաբանությամբ մենք հանդիսանում էինք ՀՀ քաղաքացիներ, քանի որ կրում էինք ՀՀ անձնագիր»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ռոման Երիցյանը։
Նա տեղեկացրեց, որ կան բռնի տեղահանված արցախցիներ, որոնք Արցախում կորցրել են իրենց անձնագրերը, սակայն եկել են Հայաստան և տեղի այս կամ այն ստորաբաժանումից հանել իրենց անձնագրերը, նրանց անձնագրերում նշված չէ ծածկագիր «070-ը», նշված է «001»։
Հետևաբար, ՀՀ կառավարության տրամաբանությամբ, թե ինչո՞ւ այս անձինք չեն համարվում ՀՀ քաղաքացի՝ մեր զրուցակցի համար անհասկանալի է։
Խոսելով բռնի տեղահանված արցախահայության կենսաթոշակների խնդրի մասին, Ռոման Երիցյանն ասաց, որ բռնի տեղահանված այն անձինք, որոնց 63 տարին լրանա, ապա ազատորեն, թեկուզ փախստականի կարգավիճակով՝ կարող են ստանալ կենսաթոշակները։ Տարիքային կենսաթոշակը հասանելի է նաև օտարերկրյա քաղաքացուն, քաղաքացիություն չունեցող անձին, ինչպես նաև փախստականին՝ պայմանով, որ նա բնակվում է Հայաստանում և այլ պետությունից թոշակ չի ստանում։
«Սրանից զատ, փախստականը կարող է հավակնել նաև հաշմանդամության թոշակին, կրկին՝ եթե այլ պետությունից ինքը թոշակ չի ստանում։ Մնացած բոլոր թոշակներից անձը զրկվում է։ Օրինակ, եթե Արցախում անձը 30 տարի աշխատել է, հետո անցել մասնագիտական թոշակի, ապա այստեղ՝ Հայաստանում, նա այդ թոշակին հավակնել չի կարող»,- շեշտեց Ռոման Երիցյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե փախստականի կարգավիճակն Արցախից բռնի տեղահանված անձանց որքանո՞վ է հնարավորություններ տալու, որպեսզի նրանք դիմեն միջազգային ատյաններ՝ Ադրբեջանից փոխհատուցում ստանալու պահանջով, Ռոման Երիցյանը պատասխանեց, որ կա մեկ քաղաքական խնդիր՝ եթե Արցախից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակ չշնորհվեր, և նրանց դիտարկեին՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ապա դա առաջացնելու էր հետևանք։
«Տեսեք, եթե ՀՀ ղեկավարությունը պաշտոնապես Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և եթե մեզ համարի ՀՀ քաղաքացիներ, ապա Ադրբեջանը միջազգային ատյաններում վստահորեն կհայտարարի, որ Հայաստանը Արցախն, ասում է՝ ձեր տարածքն է, իսկ արցախահայությանը համարում է ՀՀ քաղաքացիներ, ստացվելու է, որ Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը։ Հետևաբար՝ Ադրբեջանը կպնդի, որ Հայաստանը պետական ռեսուրսների օգտագործման դիմաց հատուցում տրամադրի։ Դրա համար էլ Հայաստանը փորձեց Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ քաղաքացի չդիտարկել, այսինքն՝ քաղաքական առումով կարծես թե խնդրին լուծում տվեց, սակայն իրավական առումով դա բավականին վատ հետևանքներ առաջացրեց։
Իհարկե, այս առումով ես ՀՀ կառավարությանը չեմ արդարացնում, ժամանակին թող Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում, որպեսզի հետո էլ ստիպված չլիներ արցախահայությանը ՀՀ քաղաքացի չդիտարկել։ Բայց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հետևանքը սա է։ Այս ամենը հաշվի առնելով՝ էլ ի՛նչ սեփականության իրավունքի մասին կարող է խոսել արցախահայությունը»,- ընդգծեց փաստաբանը։