100 տարի առաջ հայությունը ցեղասպանվում էր և, պետություն չունենալով, ստեղծվեցին դիմադրության օջախներ. հիմա կա պետություն, բայց չկա որևէ դիմադրության օջախ. Հրանտ Խաչատրյան. «Փաստինֆո»

Պետք է սկսել ոչ թե Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը չեղարկելուց, այլ 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ այն, ինչ ունենք այսօր՝ հենց դրա հետևանքն է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանտ Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պետք է վարույթ նախաձեռնել և չեղարկել Արցախի նախագահի հրամանագիրը, որով Արցախի Հանրապետությունը 2024 թ-ի հունվարի 1-ից պետք է դադարի գոյություն ունենալ։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն հայտարարություն էր զինադադարի մասին, դրանում կային կետեր, որոնք միջազգային իրավունքի խախտումով էին ընդունված։ Բնական է, որ այդպես կարող էր լինել, քանի որ դա կարծես ինչ -որ ծրագրի շարունակություն էր, բայց այդ կետերի մեծ մասը հակասում են միջազգային իրավունքին, միաժամանակ, այդ կետերը հետևանք են ուժի կիրառման սպառնալիքի»։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրին՝ Հ. Խաչատրյանը նկատեց. «Ինչ խոսենք հրամանագրի մասին, եթե նույնիսկ հայտնի չէ՝ այն ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ։ Գոնե Նոյեմբերի 9-ի հայտարարությունը գիտենք, որ կա, բայց այն որևէ կողմից վավերացված չէ, և կարող ենք ասել, որ հարմար պահի, երբ միջազգային իրավունքը նորից դոմինանտ դառնա աշխարհի համար՝ կարող է չեղարկվել, իսկ դա մի օր նորից լինելու է։ Իսկ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անգամ Շահրամանյանն է ասում, որ չի ստորագրել»։

Անդրադառնալով Արցախի պետական ինստիտուտների պահպանման հնարավորությանը՝ Խաչատրյանը նշում է, որ եթե վկայակոչենք մարդկության պատմությունը, ապա գոնե վերջին 100 տարվա պատմությունը, հայ ժողովուրդը մինչև վերջերս, մինչև 2018 թ-ը, միշտ էլ արգումենտներ է հավաքել, որ հիմնավորի, ապացուցի, որ պայմանագրերը, որոնք կնքվել են ու առնչվել են հայերիս՝ կնքվել են առանց հայերի մասնակցության, ուժի կիրառման սպառնալիքի ներքո, իրավունքի խախտմամբ, մինչդեռ այսօր մեր աչքի առաջ, գործող անձանց կենդանության օրոք փորձում են վավերացնել մի բան, որն անօրինական է»։

Նրա արձանագրմամբ՝ այսօր պետք է կենտրոնանալ այն բաների վրա, թե ինչ պետք է անի հասարակ ժողովուրդը, երբ իշխանություններն աշխատում են ժողովրդի պատմության և ներկայի դեմ։

«Եթե հայկական պետականություն չլիներ, իսկ 30 տարի անկախ Արցախը դե-ֆակտո լիներ և Արցախի հետ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ, այդ դեպքում բնական է, որ Արցախի վտարանդի կառավարություն որևէ երկրում գոյություն պետք է ունենար և շարունակեր պահանջել իր իրավունքները։

Հիմա մեր բարդությունն այն է, որ երբ 100 տարի առաջ հայությունը ցեղասպանության էր ենթարկվում պետականություն չունենալով, անգամ պետականություն չունենալու պայմաներում եղել են դիմադրության օջախներ, Վանի պաշտպանությունը, Մուշի պաշտպանությունը։ Հիմա նույն բանը կրկնվում է հայոց պետականության գոյության պայմաններում, բայց այդ պետականությունը կապում է բոլորի ձեռքերը և որևէ դիմադրության օջախ չի հայտնվում հայաբնակ տարածքներում, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքում։

Պետք է մտածել, թե ինչ անել, որպեսզի սերունդները կարողանան շեշտադրումներ անել ու խնդիրներ լուծել։ Այս հարցերի վրա է պետք կենտրոնանալ՝ անկախ նրանից հայոց պետականություն այսօր սահմանափակում է հայ ժողովրդի հնարավորությունները՝ ընթացիկ պայքար մղել մեր խախտված իրավունքների համար, թե ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս