Այդ հրամանի հիմքերը շատ թույլ են. կդիմեմ դատարան. Անի Եղիազարյան
2009 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 2019 թվականից՝ թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, արդեն մեկ շաբաթ է՝ հոկտեմբեր 27-ից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Մեկ շաբաթ է՝ թանգարանը չունի տնօրեն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Անի Եղիազարյանը խոսելով իրեն աշխատանքից ազատելու ԿԳՄՍ նախարարության որոշման մասին՝ նշեց.
«Երբ հետընթաց նայում եմ թանգարանում իմ գործունեությանն ու նախարարության աշխատակիցների հետ իմ հարաբերություններին, չեմ կարողանում հասկանալ այդ՝ ինչո՞ւ հարցի պատասխանը։ Ինչո՞ւ միանգամից ազատում՝ առանց որևէ տեսակի նախազգուշացման։ Չեմ կարողանում այդ որոշումը որևէ բանի հետ կապել։ Ինձ համար չափազանց անակնկալ էր»,- ասաց Եղիազարյանը՝ ընդգծելով, որ պատրաստ է նախարար Անդրեասյանի հետ հանդիպել, սակայն առ այս պահն իր երկխոսության և հանդիպման առաջարկը մնացել է անպատասխան։
Եղիազարյանի խոսքով՝ որպես թանգարանի տնօրեն՝ մինչև արտերկիր իր ուղևորությունը, աշխատանքային որոշակի սուր հարցեր է ունեցել իր վերադասի՝ ԿԳՄՍ նախարարության հետ, բայց ինքը դրանք դիտարկել է ընդամենը ոլորտի զարգացմանը միտված առողջ մոտեցումներ։
Թումանյանի թանգարանի տնօրենի փոխանցմամբ՝ իր համար տարօրինակ և զարմանալի է, որ նախարարության համար նպատակահարմար չի եղել այն, ինչը հաստատված է թանգարանի տարեկան ծրագրով։
«Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ թանգարանի տարեկան ծրագրի իրականացումը, որի շրջանակում են այդ նույն գործուղումները, հնարավոր չէ իրագործել, ինձ մոտ հարցեր առաջացան»,- ասաց նա։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Անի Եղիազարյանի՝ Արգենտինա և Ուրուգվայ կատարած այցելություններին, որոնք ներառված են եղել թանգարանի տարեկան ծրագրում։
Եղիազարյանն Արգենտինայում և Ուրուգվայում հանդիպումներ է ունեցել տեղի մի շարք կրթական մշակութային կենտրոններում, դպրոցներում, Ուրուգվայի պետական համալսարանում։
Պաշտոնական հանդիպումներ են կայացել նաև տեղական մարմինների հետ, մի շարք միջոցառումներում հանդես է եկել բանախոսություններով՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի կյանքը, մարդասիրական ու հասարակական գործունեությունը։
Այս ամենից հետո վերադառնալով Հայաստան՝ Եղիազարյանն ազատվել է աշխատանքից, մինչդեռ իր բացակայության ընթացքում, ինչպես ինքն է նշում, թանգարանի բնականոն գործունեությունն ապահովել է նաև Արգենտինայում և Ուրուգվայում գտնվելու ժամանակ.
«Այդ օրերին աշխատել եմ 24-ժամյա ռեժիմով։ Թանգարանի աշխատանքն իմ ՀՀ-ից բացակայելով՝ չի տուժել»,- ասաց Եղիազարյանը՝ նշելով՝ եթե կայանա իր և Ժաննա Անդրեասյանի հանդիպումը, այդ ժամանակ կփորձի հասկանալ, թե ինչո՞ւ իր կատարած այդ աշխատանքը չգնահատվեց։
Ո՞ւմ աչքն է իր պաշտոնի վրա. հարցին Եղիազարյանը պատասխանեց.
«Իրականում իմ պաշտոնը գրավիչ չէ՝ աշխատավարձի տեսանկյունից։ Առհասարակ աշխատավարձերը բավական ցածր են։ Այդպիսին են, ի դեպ, ամբողջ մշակույթի ոլորտի աշխատավարձերը»:
Նա հավելեց, որ իր ազատման հրամանի հետ կապված՝ կդիմի դատարան.
«Չեմ կարող համաձայնել այդ հրամանի հետ. հիմքերը շատ թույլ են»։
Մանրամասները՝ տեսանյութում։