Երկաթի մոգական խորհուրդը. թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը երկաթով են սպառնում հայ ժողովրդին
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի բռնազավթման ալիևյան խորհրդանիշ «Երկաթե բռունցք» հուշարձանը կտեղադրվի Ստեփանակերտում: Անգամ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է հուշարձանը տեղափոխվում Ստեփանակերտ:
Սա առաջին անգամը չէ: Արցախի Հանրապետության բոլոր օկուպացված տարածքներում Ադրբեջանը տեղադրել է «Երկաթե բռունցքի» արձանը: Սա ուղիղ ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրություն է թշնամի պետության կողմից, որի հետ Նիկոլ Փաշինյանը, նրա քաղաքական թիմը և Կառավարությունն ամեն կերպ ցանկանում են ստորագրել «Խաղաղության պայմանագիր»:
Նման արձաններ տեղադրվել են օկուպացված Հադրութում, ապա Բերձորում, այլ բնակավայրերում:
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ մեկնարկած լայնածավալ պատերազմը հենց «Երկաթե բռունցք» գործողություն էր կոչվում: Պատերազմից հետո էլ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը պարբերաբար սպառնում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ «Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի և հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»: Սպառնում են նաև հիմա:
Զարմանալի է, բայց երկաթի խորհուրդը ոչ միայն Ալիևի, այլև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության կարևորագույն մասն է հանդիսանում, միայն թե Ալիևն այն գործադրում է արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնալու համատեքստում, իսկ Փաշինյանը՝ ներսում, կրկին հայ ժողովրդի, իր ընդդիմախոսների դեմ կիրառելու տրամաբանության մեջ: Ստացվում է, որ «կառուցողական գործընկերները» սինխրոն սպառնում են հայ ժողովրդին:
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում քարոզարշավը վարում էր երկաթե մուրճը ձեռքին, հոխորտանքների ու սպառնալիքների տարափ տեղալով քաղաքական ընդդիմախոսների հասցեին:
«Այս մուրճով կարելի է հանել այնտեղ, որտեղ պետք է, մեխել այնտեղ, որտեղ պետք է, կառուցել այնտեղ, որտեղ պետք է, և ջարդել այնտեղ, որտեղ պետք է»,- մասնավորապես Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել էր Փաշինյանը:
Այլ համայնքներում նրա խոսույթն առանձնապես սրանից չէր տարբերվում:
Իսկ 2021թ. հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ոչ միայն Փաշինյանն էր մուրճով, այլև հավաքի մասնակիցները: Այդ ժամանակ նման պահվածքը ծանր քննադատության արժանացավ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի կողմից՝ դա համարելով «խիստ վտանգավոր, բացարձակ դատապարտելի երևույթ»:
Առհասարակ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի սերն առ ադրբեջանա-թուրքական սիմվոլիկան անթաքույց է:
Բավական է միայն հիշել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը՝ «Ապագա կա», վերցված է թուրքական «Yeniden Refah Partisi» կուսակցության «Burada gelecek var» կարգախոսից: Այս կարգախոսը նշված կուսակցությունն օգտագործել է ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններից առնվազն 2 տարի առաջ:
Նույնական են նաև «ՔՊ»-ի և Թուրքիայում արտադրվող ապրանքների համար մշակված տարբերանշանները:
Ճիշտ է, ըստ Fip.am-ի՝ այս անգամ թուրքերն են նենգաբար այն գողացելՆիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից»: