«ԵՄ երկրների հետ վիզաների հեշտացման գործընթացը շարունակվում է». Թուրքիայի առևտրի նախարար
Թուրքիայի առևրտրի նախարար Օմեր Բոլաթը տեղեկություն է հայտնել Եվրամիության հետ հարաբերությունների, ավտոմոբիլային, անշարժ գույքի և այլ ոլորտներում գների անարդար բարձրացման և պահեստավորման ստուգումների վերաբեյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բոլաթը նշել է, որ 2019-ից ԵՄ-ի հետ հարաբերությունները քաղաքական երկխոսության տեսանկյունից դադարեցվել էին, սակայն տնտեսական և առևտրի ոլորտներում աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև նշել է, որ պաշտոնավարումից ի վեր 4 անգամ ԵՄ պաշտոնյաների հետ շփումներ են ունեցել։
Նախարարի խոսքերով՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ նոր ժամանակաշրջանում դրսևորել է կառուցողական, առևտրային, ինչպես նաև մաքսային միության խնդիրները հարթելու փոխադարձ կամք։
Բոլաթը մասնավորապես հայտնել է, որ ամենաբարձր մակարդակով հանդիպումների ժամանակ բարձրաձայնվել են բողոքները՝ կապած վիզայի տրամադրման խնդիրների հետ և դրան ի պատասխան նշվել է, որ կսկսվի վիզաների հեշտացման գործընթաց։
Նախարարի նշմամբ՝ 2023-ին 9․761 ընկերությունների և 44․802 ապրանքատեսակների համար անցկացվել են ստուգումներ և ստուգումների արդյունքում կիրառվել է ավելի քան 400 մլն լիրայի վարչական տուգանք։
Նա նաև հավելել է, որ մինչև տարեվերջ արգելվում է երկրորդ ձեռքից գնված մեքենաների ավելի բարձր արժեքով վաճառքը և դրանց գովազդումը, ինչպես նաև նշել է, որ ստուգումների ընթացքում նշանակվել է 67․5 մլն լիրայի վարչական տուգանք։
Անդրադառնալով անշարժ գույքի ոլորտում հայտնաբերված խախտումներին՝ նախարարը նշել է, որ 545 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 54․5 մլն լիրա տուգանք, իսկ մաքսային միությունում իրականացված ստուգումների արդյունքում կանխվել է մաքսանենգ իրերի և թմրանյութերի ներմուծումը Թուրքիա։