Հեռախոսները՝ «Պեգասուս»-ի թիրախ․ ինչ անել, եթե առկա է հաքերային հարձակում
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտագործում են «Apple» ընկերության հեռախոսներ, հոկտեմբերի 30-ին ծանուցումներ են ստացել այն մասին, որ հաքերային թիմի հարձակման փորձեր են եղել։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ սա նոր չէ, այլ դեպքերի շարունակություն է։ Դեռ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո հաքերային հարձակմամբ հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիքներ են եղել։
«Այս օրերին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ստանում են նման ծանուցումներ։ Ստացված ծանուցման մեջ չի նշվում, թե ինչ հաքերային թիմ է, ում կողմից։ Կարող եմ ասել, որ ուսումնասիրած դեպքերի գերակշիռ մասն առնչվում է «Պեգասուս» լրտեսական ծրագիրը հեռախոսի մեջ ներդնելուն։ Այն իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված լրտեսական ծրագիր է, որը վաճառվում է մի շարք երկրների պետական կառույցներին։ Իրականությունը ցույց է տալիս, որ բռնապետական ռեժիմներն այն օգտագործում են քաղհասարկության դեմ։ Այդ հարցում ամենավառ օգտագործողը Ադրբեջանն է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս դեպքն ամենաարտառոցն է այն առումով, որ Ադրբեջանն այդ ծրագիրը Հայաստանի դեմ փաստացի կիրառում է որպես կիբեռզենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
«CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանի խոսքով, եթե «Android» օպերացիոն համակարգ օգտագործողները չեն ստացել նման ծանուցում, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանց հեռախոսները չեն թիրախավորվել։
««Apple» ընկերությունը դիագնոստիկ տվյալներ է ստանում իր հեռախոսից։ «Google»-ն իր «Android» օպերացիոն համակարգը բաց կոդով տարածում է և այդ կարգի վերահսկողություն չունի, ինչպես «Apple»-ը։ Այնպես որ, եթե ծանուցում չեք ստացել, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Կարող է ձեր հեռախոսը վարակվել է, ինֆորմացիայի արտահոսք եղել է ու դուք այդ մասին չգիտեք»,-ասաց Արթուր Պապյանը։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս դեպքում անձը ոչ մի գործողություն կարող է չանել, ու միևնույնն է՝ իր հեռախոսը վարակվի։ Անձը կարող է չիմանալ այդ մասին, որովհետև հեռախոսների աշխատանքում ոչ մի բան չի փոխվում։ Այն չի տաքանում, լիցքավորումը շուտ չի սպառվում, որևէ խնդիր չի առաջանում։
«Վարակման դեպքում հաքերային թիմը տիրապետում է տվյալ հեռախոսի ամբողջ ինֆորմացիային․ ֆայլեր, լուսանկարներ, տեսանյութեր, հեռախոսահամարներ, գաղտնալսման հնարավորություն։ Կարճ ասած՝ այն ամենն, ինչ կա հեռախոսում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Ի՞նչ անել, եթե, ամեն դեպքում, հաքերային հարձակումը հաջողվել է, և հեռախոսը թիրախավորվել է։ Արթուր Պապյանը նշեց, որ նման դեպքերում «Apple»-ը թողարկում է անվտանգության թարմացում, որը ներդնելը շատ կարևոր է։ «Apple»-ը նաև ստեղծել է «Lockdown Mode» գործիքը, որը ևս պետք է ակտիվացնել։ Մասնագետը հիշեցնում է, եթե տվյալ անձը կարևոր է հաքերային թիմի համար, ապա կրկին թիրախավորվելն անխուսափելի է։
Որքա՞ն մարդ է այս ընթացքում թիրախավորվել։ Սամվել Մարտիրոսյանը կոնկրետ թիվ չնշեց, սակայն ասաց, որ այս փուլում մի քանի 100-ի հասնող ցուցանիշի մասին է խոսքը։
«Պատերազմից սկսած են այս ալիքներն ի հայտ են եկել։ Սա մի գործընթաց է, որ տևում է երկու տարի։ Թիրախավորվածների թվում ներկա, նախկին պաշտոնյաներ են, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, տարբեր պետական կառույցների աշխատողներ, Հայաստանում գործող արտասահմանյան կառույցների աշխատողներ։ Մեզ դիմածների 30 տոկոսի մոտ վարակումների անհաջող փորձեր են եղել, մնացածի դեպքում հաջողվել է։ Մարդիկ կան մի քանի անգամ են նման ծանուցումներ ստացել։ Վարակում են ինչպես այդ անձանց, այնպես էլ ընտանիքի անդամների հեռախոսները»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Մասնագետները հայտնեցին, որ հեռախոսի ամեն մի վարակումը բավական մեծ գումար արժի, 20 հազար դոլարից մինչև 60 հազար դոլար։