Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը կարող է վերածել Սիրիայի. Հայկ Խալաթյան
Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն անիրատեսական է հատկապես այն դեպքում, որ Հայաստանի այս իշխանությունը գնում է դառնալու Թուրքիայի և Ադրբեջանի սատելիտը։ Նման զարգացումների դեպքում է, որ կարևոր է հասկանալ, թե այդ «Խաղաղության խաչմերուկ» ասվածին ինչպե՞ս են հասնելու, երբ մեր տարածաշրջանում կան այլ կոմունիկացիոն նախագծեր։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» փաշինյանական ծրագրի իրագործելիությանը, նման տեսակետ հայտնեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Ճանապարհների մեկ ծրագիր ունի Թուրքիան, որը ձգվում է դեպի Ադրբեջան-Կասպից ծով-թյուրքախոս այլ պետություններ։ Այդ կոմունիկացիան ավելի շատ հայտնի է՝ որպես թուրքական միջանցք։ Հաջորդ ծրագիրը, որը մեր տարածաշրջանով է անցնում, չինական նախագիծն է՝ մեկ գոտի, մեկ ուղի անվանումը կրող։ Այս ծրագրով անցնող ճանապարհները ձգվում են Ռուսաստան-Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով, ապա՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով։
Ի դեպ, Վրաստանը պայմանագրերի մակարդակով հարաբերություններ է զարգացնում Չինաստանի հետ՝ հենց այս ճանապարհներից օգտվելու համար։ Հաջորդ խոշոր նախագիծը Հյուսիս-Հարավն է, որի միայն երկաթգծի մասով արված է որոշակի աշխատանք՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ, իսկ ցամաքային ավտոճանապարհը, ինչը նախատեսվում է կառուցել Հայաստանով, հարցականի տակ է դրված, որովհետև այն երկրները, որոնք կցանկանան, որ այդ ցամաքային կապը լինի, դժվար մեծ ծախսերի գնան մի երկրում, որը լինելու է Թուրքիայի սատելիտը։
Այսինքն, եթե Հայաստանը դառնում է Թուրքիայի սատելիտ, ապա Իրանի և Ռուսաստանի համար ի՞նչ տարբերություն՝ իրենք ճանապարհը ստանում են Ադրբեջանո՞վ, թե՞ Անկարայից ղեկավարվող Հայաստանի տարածքով։ Նրանք այդ կոմունիկացիաների բացմանը կցանկանային գնալ միայն մի դեպքում, եթե Հայաստանը չունենար թուրք-ադրբեջանական իշխանությունից կախվածություն և լիներ ինքնուրույն՝ դառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կախվածության դիմաց Իրանին և Ռուսաստանին առաջարկվող այլընտրանքը»,- ասաց Խալաթյանը՝ ընդգծելով՝ հետևապես Վրաստանում Փաշինյանի կողմից մանրամասն ներկայացված, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Փաշինյանն ընդամենը ցանկանում է ցույց տալ, թե ինքն Արցախը հանձնելու դիմաց Հայաստանի համար ինչ-որ բան է ստանալու։
Ինչ վերաբերում է Վրաստանում Հայաստանի իշխանության ներկայացուցչի հնչեցրած մեկ այլ հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից, Խալաթյանը շեշտեց՝ ադրբեջանական գազը ռուսական գազի գինը չունի։
«Հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի պատասխանը կլինի, որ Ռուսաստանը կթանկացնի Հայաստանին տրվող գազի գինը. ի դեպ, ոչ թե միջազգային գներին չի հասցնի, այլ ավելի կթանկացնի։ Նման դեպքերում ո՞ր երկրից են Հայաստանի համար գազ գնելու, եթե մտածում են՝ Իրանից, ապա՝ սխալվում են»,- ասաց Խալաթյանը՝ նշելով՝ Իրանին դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջան է բերում արտատարածաշրջանային ուժերի, հետևապես՝ Իրանից գազ ստանալը դեռ հարցական է, փոխարենը՝ արտատարածաշրջանային ուժերի Հարավային Կովկաս բերելով՝ Փաշինյանն Արցախից հետո վտանգում է նաև Հայաստանի ապագան.
«Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը կարող է վերածել Սիրիայի»,- խոսքը եզրափակեց Խալաթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։