Թուրքիայի հետ հարաբերությունները և սահմանի բացումը, շատ հնարավոր է՝ ինչ-որ դրական առումով շարժ ունենա. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանը թող իր տարածքում անցակետեր դնի, քանի որ Հայաստանն իր տարածքում անցակետեր ունի ու դեռ զարգացնելու է։
«Վարչապետի ելույթից եզրակացնելով, ինչպես նաև վերջին տեղեկություններից, չեմ բացառում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները և սահմանի բացումը, շատ հնարավոր է՝ ինչ-որ դրական առումով շարժ ունենա մոտ ժամանակներում։ Վերջերս սահմանների առումով տեսնում ենք, որ ոչ կուտակում կա, ոչ բախում կա։ Ուզում եմ ասել, որ դուք, բացի մեր ներքաղաքական լուրերը կարդալուց, չե՞ք տեսնում այն հռետորաբանությունը, որը փոփոխվել է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ Ադրբեջանի Զու ներկայացուցիչները դո՞ւրս են եկել ՀՀ օկուպացված տարածքներից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ շատ գործողություններ կան՝ գերիների վերադարձը, միջազգային կառույցներում Հայաստանի դեմ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացված հայցերը, սահմանի ճշտումը։
«Մենք սպասում ու ակնկալում ենք, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես թվային առումով կհայտարարի 29.800 քկմ մասին և 86.600 քկմ մասին և այլն»,- շեշտեց նա։
Հաջորդ հարցին, թե՝ Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացրած գործողություններ տանո՞ւմ են խաղաղության, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իհարկե չէր տանում, և հավելեց.
«Հայաստանի նկատմամբ նկրտումները և այն գործողությունները, որոնք մատնանշեցի, չկան, ես ինչի՞ մասին պետք է խոսեմ։ Պե՞տք է խոսել նրա մասին, որ պատրաստվում է հարձակվել, թե՞ մենք ենք պատրաստվում հարձակվել»։
Այնուհետև նա լրագրողներին հորդորեց՝ ոչ թե բոլորով լծվել իշխանություններին քննադատելու կամ որևէ ձևով խանգարելու, քանի որ իրենք մի օր ընտրությունների միջոցով գնալու են, այլ ՀՀ-ում խաղաղություն հաստատելու գործին։
«Այդ խաղաղությունը պետք է ձեր ու մեր երեխաներին, մեր պետությանը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։