Փաշինյանի դավաճանությունը, հայրենիքի հանձնումն արդեն լոգո ունի՝ շնորհավորում եմ. Հայկ Մամիջանյան
«Փաշինյանի երեկվա հայտարարությունից կարող ենք անել հետևյալ եզրակացությունը. «շնորհավորում եմ, հայրենիքի հանձնումը, դավաճանությունն արդեն նաև լոգո ունեն»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «խաղաղության խաչմերուկի» նոր գաղափարը, և արդյո՞ք այն գալիս է փոխարինելու ապաշրջափակման գործընթացի իրականացման համար ստեղծված փոխվարչապետների հանձնաժողովին:
«Այն պարագայում առկա էր գոնե ինչ-որ գործառութային տրամաբանություն: Այս պարագայում՝ ինձ համար դա դեռևս անհասկանալի հարթակ է: Ես չեմ ասում, թե դա վատ հարթակ է, բայց չեմ հասկանում, թե ինչ մակարդակով է իրականացվելու, աշխատանքային խումբը ո՞րն է լինելու»,- ասաց Մամիջանյանը:
Այդուհանդերձ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ներկա իշխանություններն իրենց բոլոր գործողությունները փորձում են փաթեթավորել «խաղաղության» գաղափարի մեջ ու հրամցնել հանրությանը:
««Խաղաղության կապիտուլյացիա», «խաղաղության հող հանձնում», «խաղաղության բանակի կազմալուծում»… դա իրենց նոր բրենդինգն է… նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը: Երբ ստանամ ու ծանոթանամ, անպայման կմեկնաբանեմ»,- վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստացած «խաղաղությանը»՝ Մամիջանյանը համոզմունք հայտնեց, որ անցած ամբողջ ժամանակահատվածում Փաշինյանի բերանից դուրս եկած այդ բառը միայն նոր կորուստներ է խորհրդանշել:
«Երկակի զգացողություն ունեմ: Սովորաբար ես նողկում եմ, երբ ինքը խոսում է, իսկ երբ մասնավորապես խոսում է խաղաղությունից՝ սարսափում եմ, որովհետև դրան միշտ զոհեր են հաջորդում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նազելի Ստեփանյան