Երկհարկանի տուն, 37 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեինք. ամեն ինչից զրկվեցինք. Շուռնուխի բնակիչներն անցած 3 տարիներին թիթեղյա տնակում են բնակվում
2020թ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին Կառավարության նիստում հայտարարեց․ «…երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»։ Դեկտեմբերի 29-ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն՝ 12 տներն ազատելու համար։ Հունվարի սկզբին արդեն ադրբեջանցիները մտան այդ բնակավայրերը, և ադրբեջանական վերահսկողության տակ անցան նաև Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի բազմաթիվ տներ: Շուռնուխ գյուղը գրեթե կիսվեց: Անդրբեջանի տիրապետության տակ անցան նաև Կապանի ավտոճանապարհի մի մասն ու մի շարք այլ վայրեր։
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը, դեռևս այն ժամանակ, կոչ էր անում բոլորին միավորվել՝ գյուղը հայկական պահելու համար, սակայն անարդյունք: Ի վերջո, ընդհանուր առմամբ, 13 ընտանիքներ մնացին առանց տան:
Այս բոլոր դեպքերից հետո՝ 2021 թվականի փետրվարին, Սյունիքում մեկնարկեցին տներից զրկված Շուռնուխի բնակիչների համար բնակելի նոր թաղամաս կառուցելու աշխատանքները: Խոստացվեց, որ աշխատանքները կավարտվեն մինչև նույն տարվա ավարտը, սակայն խոստումը չկատարվեց: Հետո էլ խոստացան ավարտել մինչև 2022 թվականի ավարտը: Դա էլ չհաջողվեց կատարել: Հիմա 3-րդ խոստումն են տվել՝ աշխատանքներն ավարտել մինչև 2023 թվականի ավարտը:
Շուռնուխի բնակիչներին անհանգստացնում էր մեկ այլ լուրջ խնդիր, գյուղից դուրս եկող ճանապարհը կառուցելու ժամանակ քանդվել է, ջրով ողողվել և սողանք է առաջացել: Խնդրի մասին բնակիչները հայտնել են Նիկոլ Փաշինյանին՝ այս տարի ամռանը Սյունիք կատարած այցի ժամանակ:
Խոստացած բնակելի թաղամասի շինարարությունը դեռ ավարտին չի հասել: Բնակիչներն էլ համբերությամբ սպասում են Կառավարության հերթական խոստման կատարմանը: Շուռնուխի բնակչուհի Նարինե Խուրշուդյանն ամուսնու հետ ապրում է հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Շուռնուխում, մի փոքր տնակում:
«Էդպես մի ժեշտի տնակ է: Մեր պրոբլեմը դա է: Ամռանը շատ շոգ է լինում: Ժեշտը որ տաքանում է՝ մեջը խաշվում ես: Ձմռանն էլ շատ ցուրտ է լինում՝ սառում ենք: Չենք կարողանում ճար գտնել տաքանալու: Որ փեչը վառում ենք՝ ամբողջ գիշեր այդպես էլ չենք հանգցնում: Մի վայրկյան էլ վառարանը հանգչում է՝ սառցակալում է տունը»,- ասաց Շուռնուխի բնակչուհին:
Նարինե Խուրշուդյանը 168.am-ին պատմեց նաև, որ նախկինում իրենք երկհարկանի տուն են ունեցել: Տանիքի համար նոր թիթեղներ էին գնել, գրեթե լրիվ վերջացրել էին տան աշխատանքները: Անգամ տնից 20 մետր հեռավորության վրա նոր գոմ էին կառուցել, անասունները բավականին շատացրել էին: Հիմա ամեն ինչից զրկված են:
«37 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ենք ունեցել: Մեր տունը որ մնաց ադրբեջանցիների մոտ, այդ բոլոր անասունները վաճառեցինք եզդիներին՝ մի քանի անգամ ցածր գնով: 400 հազ. դրամով առած անասունները, ճարը կտրած, 130 հազ. դրամով վաճառեցինք ու մնացինք էսպես: Տեղ չունեինք… նեղված էինք…: Որ հիմա խոսում էլ եմ՝ նեղվում եմ նորից»,- ասաց տնազուրկ, սահմանապահ գյուղի բնակչուհին՝ հավելելով, որ թեև իրենց գոմ է տրամադրվել, սակայն, փոքր լինելու պատճառով, նպատակային օգտագործել չեն կարողանում: Ընդամենը 2-3 խոզ ունեն, այն էլ պահում են տան մոտակայքում գտնվող քանդված շինությունում:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից 13 շահառու ընտանիքներին տրվող 68000 դրամներին՝ Նարինե Խուրշուդյանը հայտնեց, որ դրան ավելացնում են նաև իրենց աշխատանքով ձեռք բերված գումարը, որպեսզի կարողանան գոյատևել:
«Մի երկու հատ խոզ ունենք: Դրանց ենք պահում: Մորթում ենք, որ էնքանա գոյատևենք էլի: Ես էլ հիվանդություն ունեմ: Ամիսը 20 հազ. դրամ միայն դեղերին եմ տալիս: Մնացած գումարը փորձում ենք բաշխել՝ ըստ կարիքների»,- ասաց Նարինեն: Խուրշուդյանների ընտանիքը տնամերձ հողամաս էլ չունի, որ գոնե այգեգործությամբ զբաղվեն ապրուստը հոգալու համար:
Հետաքրքրվեցինք, թե այսքան ձգձգումներից հետո հավատո՞ւմ են, որ, ի վերջո, իրենց տունը մինչև տարեվերջ կառուցվելու է: Շուռնուխցի Նարինեն խոստովանեց, որ այսքան սպասելուց հետո հավատը մի տեսակ նվազել է, բայց ուզում է հավատալ, որ շինարարության ուշացումը ծագած նոր խնդիրների՝ սողանքի հետևանքով է եղել: Հիմա էլ հույսը չի կորցնում, հավատում է, որ մի օր վերջապես կկարողանան ապրել սեփական տանը՝ առանց մտածելու ձմռանը սառչելու ու իսկ ամռանը տապից շոգելու մասին:
Բայց դրանով խնդիրները չեն ավարտվում, գյուղում խմելու ջրի հարց էլ կար: Իսկ սողանքի վերածված նոր ճանապարհի վրա՝ Շուռնուխի բնակչուհի Նարինե Խուրշուդյանի խոսքով, աշխատանքներն այս պահին չեն շարունակվում: Ճանապարհն էլ չի շահագործվում: Գյուղացիներն օգտվում են կրկնակի ավելի երկար, բայց ինչպես վստահեցնում են, համեմատաբար ավելի անվտանգ ճանապարհից:
«Այդ ճանապարհով մեր գյուղից մինչև Գորիս մոտ 80 կմ է: Մյուս՝ նոր ճանապարհով կլիներ 40 կմ, բայց այնտեղ լրիվ սողանք է, աշխատանքներն իրականացնելիս մեծ վտանգ է առաջացել: Եթե դա նորմալ սարքվեր, ավելի հեշտ կլիներ մեզ համար: Հիմա միայն դեպի Գորիս գնալու համար ժամ ու կես ճանապարհ ենք կտրում»,- ասաց նա:
Գյուղում անվտանգության խնդիրներ էլ կան, անասուններ պահել էլ չեն կարողանում: Ով էլ պահում է՝ իր տարածքից դուրս չի հանում՝ թե՛ իրենց անվտանգության, թե՛ կենդանուց չզրկվելու համար, պատմեց տիկին Նարինեն:
«Մեր գյուղի տակով գետ է գնում, ու այդ անասունները սովոր են գնալ այդ հատվածը՝ ջուր խմելու: Այնտեղ էլ արդեն էդ ադրբեջանցիք են: Ամեն դեպքում, վախենալի է: Դեպքեր են եղել, որ անցել են դրանց մոտ, ու դրանք անասուններին էլ հետ չեն տվել: Այնպես որ, խուսափում ենք որևէ ձևով այդ ուղղությամբ անասուն բաց թողնել»,- ասաց Նարինե Խուրշուդյանը:
Մեր զրուցակիցը նկարագրեց, որ սահմանապահ գյուղը մեծ չէ, այս պահին էլ միայն 1990-ականներից տեղափոխված արցախցիներ են բնակվում: Վերջին բռնի տեղահանության հետևանքով նոր բնակիչներ դեռևս չեն եկել գյուղ: Իրենք էլ, չնայած դժվարություններին, մտադրություն չունեն լքելու իրենց տները:
«Որ բոլորս թողենք-գնանք, բա էստեղ ո՞նց է լինելու, գյուղն ո՞ւմ թողնենք: Հա, ճիշտ է, մտածում ենք՝ բա որ հես ա քնած ժամանակ գան-մտնեն տունը, բա որ հանկարծ էսպես, էնպես… այդ մտքերը միշտ կան: Այս պահին գյուղի մոտակայքում կրակոցներ չկան, բայց երբեք էլ չես կարող լիարժեքորեն հանգիստ քնել, երբ թշնամին այսքան մոտ է: Բայց որ թողենք ու գնանք, բա հետո՞»,- եզրափակեց սահմանապահ Շուռնուխ գյուղի բնակիչ Նարինե Խուրշուդյանը:
Նազելի Ստեփանյան