Ավետարանիչների պատկերագրությունը
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով:
Ավետարանիչների նկարները մանրանկարչության մեջ սովորաբար պատկերված են աշխատանքի պահին (ներշնչանք, գրելիս, խորհելիս, թելադրելիս և այլն), շրջապատված գրչին անհրաժեշտ պիտույքներով և համապատասխան ճարտարապետությամբ:
Համաձայն Հովհան Դամասկացու (8-րդ դար) Թեոփիլոսին հղած մի թղթի՝ Մարկոսը, ի տարբերություն Հիսուսի մյուս ժամանակակիցների, աչքի է ընկնում բնավորության խստությամբ: Այս հանգամանքն առավել հստակորեն է երևում ինչպես բյուզանդական, այնպես էլ մասնավորաբար Կիլիկյան և Ղրիմի հայ մանրանկարչության մեջ: Ի տարբերություն մյուս ավետարանիչների, Մարկոսն այստեղ ներկայացվում է լուրջ և մի փոքր մռայլ հայացքով:
Միջնադարյան մանրանկարչության մեջ հայտնի է ավետարանիչների երկու տիպ՝ կանգնած և նստած: Հայկական ձեռագրերում ավետարանիչները հետևյալ կերպ են պատկերված. Մատթեոսը ճերմակահեր ծերունի է՝ թավ սրածայր մորուքով, Մարկոսը՝ միջահասակ այր՝ մուգ և կլոր մորուքով, Ղուկասն ավելի ավագ՝ նույնպես մուգ կլոր մորուքով, որ ի տարբերություն Մարկոսի մորուքի՝ ունի երկու սուր ծայր: Հովհաննեսը ճերմակամորուս ծերունի է և Մատթեոսից տարբերվում է իր ճաղատությամբ: Տոնզուրը (տոնզուրա-կաթոլիկ հոգևորականների գլխի գագաթի բոլորակաձև ածիլված տեղը), որ դեռևս առկա էր Մլքեի Ավետարանի ավետարանիչների նկարներում (9-րդ դար), 13-րդ դարի վերջի մեր ձեռագրերում (№ 2629, 5784 և 9450 ավետարաններում), ինչպես նաև ընդունված էր Բյուզանդիայում, հատուկ է միայն Ղուկասին:
Ավետարանիչների հագուստները կրկնակի են՝ տոգա և տունիկա: Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի նկարներում այդ հագուստները պատկերագրական տեսակետից մնում են նույնը, փոխվում է ոճական մոտեցումը:
Մատթեոսը և Ղուկասը գրեթե բոլոր ավետարաններում հետևյալ կեցվածքն ունեն. երբեմն ավետարանչի ձեռքը հանգչում է գրքի վրա՝ առանց գրելու մտադրության, իսկ մյուսով բռնել է գիրքը՝ հայացքը սևեռված մի կետի (Մատթեոս, № 5784, 9450, Ղուկաս № 242, Մատթեոս և Ղուկաս՝ Պիծակի ձեռագրերում): Այդ կետը հրեշտակն ու Աստծո Աջն է Մատթեոսի և Աստծո Աջը՝ Ղուկասի նկարներում, քանի որ միջնադարյան նկարիչը պատկերում է ոչ թե ռեալ, այլ մտային (կոնցեպտուալ) պլաններ: Թեև Աստծո Աջը կամ հրեշտակը պատկերված են նկարի վերևի անկյուններում (աջում՝ հրեշտակը, իսկ Աստծո ձեռքը՝ աջում կամ ձախում), բայց պետք է պատկերացնել, որ ավետարանիչի աչքերը սևեռված են հենց նրանց վրա, և որ հրեշտակը կամ Աստծո Աջը ավետարանչի աչքի առաջ է և ոչ թե գլխավերևում, ինչպես որ նկարված է:
Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների վերը նշված նկարագրությունից տարբերվում և աչքի է ընկնում № 2629 ձեռագիրը: Այստեղ ավետարանիչների ոտքերը պատկերված են խաչաձև: Ավետարանիչը, խաչաձև ոտքերով, համարվում է արևելյան ավանդույթ: Հայաստանում ևս հնուց հայտնի է այդ ավանդույթը: Այդ դիրքով մերկ ոտքեր նկատում ենք 13-րդ դարի բյուզանդական որոշ ձեռագրերում՝ Ղուկասը iber. 55, Baltimor 528, Մարկոսը՝ Stauronik. 56 ձեռագրերում: Տարբեր են նաև այս ձեռագրի Մատթեոսի և Ղուկասի ժեստերը. Մատթեոսը աջը դրել է ծնկին՝ մատների արանքում գրիչը, գրքի վրա, ասես պատրաստ գրելու, ձախը բարձրացրել է դեպի գրակալի վրա դրված գիրքը: Այստեղ առկա է գրող և կեցվածք ընդունող տիպերի միասնությունը: Այդպիսին է Ղուկասը Բալթիմորի, նաև Մարկոսը Տյուբինգենի հայկական Ավետարանում: Մինչդեռ Ղուկասը մնում է սոսկ կեցվածք ընդունած և գրող դիրքերում:
Միասնական է նաև Մարկոսի նկարը: Նա աջ ձեռքն իջեցրել է ծնկին (№ 9450) կամ գրքի վրա է դրել առանց գրելու մտադրության (Մատ. № 242), Պիծակ, № 6504, 1335թ., № 5786, 1336թ.) կամ օդում կախված (№ 6795, 1353թ., «Բժշկության Ավետարան»), իսկ ձախ ձեռքը մոտեցրել է ծնոտին (մորուքին), ցուցամատը բերանին դրած: Դա համապատասխանում է խորհող տիպին: Մարկոսի գլուխը գրեթե ուղիղ է (մինչ Մատթեոսինը փոքր-ինչ առաջ էր թեքած): Բյուզանդիայում արդեն 10-րդ դարում այդ տիպը հատուկ էր Մարկոսին և Ղուկասին:
Ավետարանիչների ոտքերը հավաք են Կիպրոսի Ավետարանում (Մատ. № 242): Սարգիս Պիծակի մոտ սինոպտիկ (համաբարբառ) ավետարանիչները պատկերվում են բոկոտն, ծնկները հավաքած, գրեթե ուղիղ անկյուն կազմած: Իսկ ավելի վաղ ձեռագրերում ոտքերի դիրքն այլ է:
Վերոնշյալ № 2629 անթվակիր ձեռագրում, ինչպես նշվեց, Մատթեոսի և Ղուկասի ոտքերը խաչաձև են դրված, ընդ որում ձախ ոտքը գրեթե ուղիղ, իսկ աջը բութ անկյուն է կազմում: Այս նկարիչը հատուկ սեր ունի անհանգիստ ռիթմերի նկատմամբ, այդ պատճառով էլ նրա՝ ավետարանիչների նկարներում ոչ մի առարկա հանգիստ իր տեղում չէ: Մարկոսի աջ ոտքը սուր, ձախը ուղիղ անկյուն է կազմում, ընդ որում աջը բութ մատի ծայրով հենված է նկարի շրջանակին: Այդպիսին է նաև Ղուկասը № 5784 և № 9450 ձեռագրերում: Բացառություն է կազմում գրող Մարկոսը № 7651 ավետարանում (13-րդ դար):
Սարգիս Պիծակի ավետարանիչների նկարներում, որպես ներշնչման աղբյուր, հանդես է գալիս Աստծո Աջը, որ մեկնված է աջակողմյան սեգմենտից: Աստծո Աջը ձախում է ներկայացված Պիծակի № 7631 Ավետարանի Մատթեոսի նկարում, քանի որ աջ անկյունը զբաղեցրել է հրեշտակը:
Պիծակի մոտ եթե Աստծո ձեռքը աջ կողմում է, պարզված են ցուցամատը և միջամատը, ծալված՝ մնացած երեք մատները, իսկ եթե վերևի ձախ անկյան սեգմենտից է, մեկնված են ցուցամատը, միջամատը և ճկույթը, ծալված՝ մատնեմատը (ձեռքը պատկերված է հակառակ կողմից): Սովորաբար Աստծո Աջի հանդիպակաց սեգմենտից գրեթե անկյունագծային ուղղությամբ ուղղվում է ճառագայթների փունջը, միայն մի դեպքում («Արքունական Ավետարան», Մարկոսի նկար) շրջագծում առնված Սուրբ Հոգու աղավնակերպ պատկերով: 1353թ. «Բժշկության Ավետարանում» հանված է Աստծո Աջը:
Ոչ-պիծակյան ձեռագրերից (№№ 2629, 5784, 9450) Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի նկարներում առհասարակ բացակայում են և՛ Աստծո Աջը, և՛ վերևի անկյունների երկնային սեգմենտները: Երկինքը, որ ներշնչման աղբյուր է ցույց տալիս, այստեղ բացակայում է, որովհետև ներշնչված ներկայացված են իրենք՝ ավետարանիչները: Սակայն Պիծակի ոճը կանխանշող Կիպրոսի № 242 Ավետարանում երկնքի սեգմենտներն առկա են Մատթեոսի, Ղուկասի նկարներում:
Կիլիկյան 13-14-րդ դարերի վերոնշյալ ձեռագրերում ավետարանիչների սիմվոլները ներկայացված են ավետարանչի նկարի հանդիպակաց էջում՝ անվանաթերթում:
Ավետարանիչների նկարներում ներկայացվում են թղթագալարներ, մատյաններ և թերթեր ամենատարբեր դիրքերով և համակցություններով: Մեր ձեռագրերում գրքերը ներկայացված են ավետարանչի մոտ (ծնկան վրա, ծնկների արանքում, ձեռքին պահած) և գրակալի վրա: Միայն № 9450 Ավետարանի Մարկոսի և Ղուկասի մոտ գիրք չկա: Առաջին տիպը (գիրքը ավետարանչի ծնկան վրա) ամենատարածվածն է՝ սկսած 10-րդ դարից:
Ձեռագրերի մեծ մասում ավետարանիչները նստած են շքեղ աթոռակի՝ մութաքայի (երկար գլանաձև բարձ) վրա, մութաքա կա նաև ոտքերի տակ: Աթոռակին են նստած Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը № 2629, Մատթեոսը և Ղուկասը № 5684, № 9450 Ավետարաններում: Մնացած դեպքերում և Պիծակի մոտ սինոպտիկ (համաբարբառ) ավետարանիչները նստած են թիկնակով աթոռի վրա. ուշագրավ է, որ № 9450 ձեռագրում Մարկոսը կարծես մի փոքր դուրս է նստած աթոռից, իսկ նրա թիկունքում ներկայացված է փայտե յուրահատուկ բազկաթոռ՝ ոտքերը և նստելատեղը պրոֆիլից, իսկ ուղղանկյուն թիկնակը ճակատից պատկերված:
Կիպրոսի Ավետարանի (Մատ. № 242) Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը նստած են նախշազարդ աթոռի վրա, որը և ինչպես նաև ամբողջ կահկարասին խիստ սխեմայացված է:
Հայկական բոլոր ձեռագրերում ավետարանիչների նկարներում սեղանը կոմբինացված է գրակալի հետ: Գրակալը ձկան տեսքով հանդիպում է Մատթեոսի նկարում (№ 2629, Պիծակի № 5708 և «Արքունական» Ավետարաններ), Ղուկասի (№ 5784, 9450 և Պիծակի № 7631 ձեռագրերում): Մյուս դեպքերում հին ձեռագրերում այն լինում է օձաձև փայտ (Մարկոս, Ղուկաս, № 2629-ում, Ղուկաս՝ № 242) կամ ուղիղ փայտեր, որոնք հեղույսներով ամրացված են աստիճանաձև ուղիղ անկյունով: Գրակալը ներկայացված է՝ ամրացված սեղանին:
Մինչպիծակյան ձեռագրերում սեղանի վրա գրեթե ոչինչ պատկերված չէ: Իսկ Պիծակը, քանի որ բոլոր առարկաները վերածում է երկրաչափական կամ գծագրական տեսքի, կարողանում է մանրամասն ներկայացնել գրիչի պարագաները, սեղանի երեսին՝ հղկող, ծակող գործիքներ, դանակներ, թանաքի փոսեր, երբեմն դարականման ինչ-որ ուղղանկյուն՝ մեջը մկրատ (Մատթեոս, № 5708), դեպի խորքը գնացող կողմի մակերեսին կամարաձև խորշ՝ մեջը սափոր և այլն:
Որպես կանոն, մեր բոլոր ձեռագրերում ավետարանիչները պատկերված են ոսկե ֆոնի վրա: Միայն Սարգիս Պիծակի 1325թ. (№ 5708) և 1335թ. (№ 6504) ձեռագրերում ֆոն է ծառայում մագաղաթը: Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ մեր ձեռագրերում ճարտարապետական կուլիսները զարգանում են ֆանտաստիկից դեպի սխեմատիկ ձևերը: Նկարներում ամենուրեք առկա է կարմիր վարագույրը՝ ճարտարապետական ֆոնի ներսում:
№ 2629 ձեռագրում ավետարանիչների նկարներում երկու կողմից խոյանում են ճարտարապետական բեկորների (ֆրագմենտներ) պատկերներ՝ ավետարանչի ետևում և նրա սեղանի վերևում: Սակայն 13-րդ դարի կեսերին ստեղծված ռոսլինյան ավետարանիչների նկարներում, Սմբատ Գունդստաբլի Ավետարանում (Մատ. № 7644, Հովհաննես) և այլն, ճարտարապետական ֆոնը ինչ-որ չափով տրամաբանված է մարդկային տեսողական փորձի տեսանկյունից: Ղուկասի նկարում (Սմբատ Գունդստաբլի Ավետարան) ավետարանչի ետևում շենքերը ներկայացված են ճակատից, նկարիչը գծագրական ձևերով ցույց է տալիս եկեղեցու և՛ տանիքը, և՛ տանիքի կղմինդրը:
№ 5784 Ավետարանում արդեն նկատվում է միտում՝ հրաժարվելու ավետարանչի ետևում ֆանտաստիկ ճարտարապետությունից՝ այն դարձնելու ավելի սխեմատիկ:
1317-18 թթ. Կիպրոսի Ավետարանի (Մատ. № 242) նկարիչը 14-րդ դարի սկզբում ստեղծված «միասնական» կամ «համապարփակ» ոճի առաջին ներկայացուցիչներից է: Այդ ոճն աչքի է ընկնում շեշտված սխեմատիզացիայով և հարթապատկերայնությամբ, նույնիսկ շինությունների կամ կահավորման (սեղան, աթոռ) դեպքի խորքը գնացող հարթությունները երևում են մեկ մակերեսի վրա, շրջակայքը վերևից ներքև և աջից ձախ ուղղահայաց-հորիզոնական ուղղություններով այնպես է ծածկվում արմավազարդերով, հանգույցներով, համակենտրոն քառանկյուններով, եռանկյուններով, ծիածանագույն շերտերով, որ կորչում է ծավալի վերջին պատրանքը:
Ե՛վ Կիպրոսի Ավետարանի, և՛ Պիծակի ձեռագրերի ավետարանիչների նկարներում՝ ավետարանչից աջ ներկայացվում է անմիջապես ավետարանչի սեղանից բարձրացող սխեմատիկ շինություն՝ նախշուն, թանկագին քար նմանակող երկու կամ երեք սյուներով, որոնք միանում են արխիտրավով: Վերջինիս վրա ներկայացվում են սիմետրիկ դասավորված համակենտրոն ուղղանկյուններ, եռանկյուններ, բուսաձևեր, կիսաէլիպսներ՝ տնակերպ, եկեղեցակերպ, կամարակերպ: Նույն նախշամիավորներից է բաղկացած ավետարանչի սեղանը, ավետարանչի թիկունքում բարձրացող շինությունը, բազկաթոռը, երբեմն նաև շրջանակը: Այս հիմնական գծից լինում են նաև շեղումներ: Օրինակ՝ Կիպրոսի Ավետարանի (№ 242) Մարկոսի նկարում ավետարանչի գլուխը սիմետրիկ վերցված է կամարի տակ, որը չի հենվում սյան վրա: Ղուկասի նկարում կամարի փոխարեն վելումն է (վարագույրը):
Պիծակի մոտ այսօրինակ նորամուծությունները վերացվում են: Որոշ նկարներում դժվար է լինում որոշել, թե որտեղից է ավարտվում աթոռի թիկնակը և որտեղից սկսվում շինությունը, քանի որ թե՛ աթոռի թիկնակին, թե՛ նստելատեղին, թե՛ շինության վրա նույնատիպ նախշամիավորներ են գործածվում: Սեղանն անջատելու միակ ատրիբուտը սեղանի այն մակերեսն է, որի վրա դրված են ավետարանչի գործիքները: Իր վերջին ձեռագրում («Բժշկության Ավետարան», № 6795, 1353թ.) Սարգիս Պիծակը հրաժարվել է նաև շինություններ ակնարկող նախշակերպ կոմբինացիաներից՝ նկարելով սյունանման ինչ-որ հարթություններ:
Եկեղեցու ավանդության մեջ տարածված է չորս ավետարանիչների հետևյալ սիմվոլիկ պատկերագրությունը.
Մատթեոսը՝ մարդ՝ հրեշտակակերպ,
Մարկոսը՝ առյուծ,
Ղուկասը՝ եզ,
Հովհաննեսը՝ արծիվ:
Այս սիմվոլիկ ներկայացումը հիմնված է Եզեկիելի 1:10 և Հովհաննու Հայտնության 4:7 համարների վրա: «Նրանց չորսի էլ դեմքի տեսքը աջից մարդու և առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից՝ եզան և արծվի կերպարանք. այս էր նրանց տեսքը» (Եզեկ. 1:10): «Եվ առաջին կենդանին նման էր առյուծի. և երկրորդ կենդանին՝ նման ցլի. և երրորդ կենդանին ուներ մարդու դեմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի» (Հայտն. 4:7):
Ավետարանիչների այս խորհրդանիշներին եկեղեցական ավանդությունը տալիս է հետևյալ մեկնությունը. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև Մատթեոսի Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով: Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է: Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ Ղուկասի Ավետարանը սկսվում է Զաքարիայի՝ տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այս պատմությունն, իր հերթին, դիտվել է որպես պատրաստություն գերագույն զոհի՝ Քրիստոսի զոհվելու՝ խաչելության համար: Իսկ Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն» (Հովհաննես 1:1):
Կազմեց Գայանե Սուգիկյանը