Միայն հորդորը բավարար չէ այդ հոսքերը կանխելու համար, ֆորսմաժորային իրավիճակում իջեցվող ծրագրերը պետք է լինեն թիրախային. տնտեսագետ
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 95.200 անձի վճարվել է 100.000 դրամ միանվագ աջակցություն (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ). Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է երեկ ներկայացրել հերթական թվերը:
Սակայն առկա գնաճի, նվազագույն սպառողական զամբյուղի բարձր արժեքի պայմաններում՝ ամեն ինչից զրկված և բռնի տեղահանված մեր հայրենակիցները, հասկանալի է, որ չեն կարող հույսը դնել միանվագ այս աջակցությունների վրա:
Ի դեպ, հենց այդ մասին վկայում է նաև Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թիվը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից: Այսինքն՝ արցախահայության տարբեր հատվածներ առկա իրավիճակում Հայաստանը դիտարկում են տարանցիկ երկիր:
«Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար այն դեպքում, երբ դե ֆակտո կա՛մ ցանկություն, կա՛մ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Եվ ես կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին՝ ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել՝ որպես առաջիկա գործողությունների պլան»,- հորդորել էր Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց, որ այսօր կառավարության կողմից իրականացվող քայլերին զուգահեռ՝ պետք են լրացուցիչ գործողություններ, քանի որ իրավիճակով պայմանավորված՝ առկա է բավականին լուրջ սոցիալական ճնշում:
Տնտեսագետի կարծիքով՝ այդ մասին պետք էր մտածել նույնիսկ ավելի վաղ՝ մշակելով կանխարգելիչ գործիքակազմեր. «Իհարկե, տպավորություն չլինի, որ պետք էր նախապես պատրաստված լինել նույն այդ չարաբաստիկ զարգացումներին, որ տեղի ունեցավ մի ամբողջ պետության՝ Արցախի Հանրապետության հետ, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի 120 հազար բնակիչներն 9 ամսից ավելի գտնվում էին տոտալ շրջափակման մեջ, անվտանգային, այդ թվում՝ ֆիզիկական անվտանգության և ռիսկի առաջ, և գրեթե ամբողջությամբ կանխատեսելի էր, որ այդ իրավիճակի որևէ հանգուցալուծման պարագայում՝ արցախցիների ներհոսք ակնկալվում է դեպի ՀՀ (բնականաբար, ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ դա կլիներ ամբողջ արցախահայությունը)»:
Աջակցության ծրագրերի մասին իր դիտարկումներում մեր զրուցակիցը նշեց, որ անգամ անզեն աչքով, առանց լուրջ հաշվարկների՝ ակնհայտ է, որ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը սոցիալական առումով առանձնապես մեծ խնդիրներ չի լուծելու: Տրվող ֆինանսական աջակցության չափը, ըստ նրա, պետք է համեմատել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ, որը վերջին 1-2 տարում, հատկապես, էականորեն թանկացել է:
«Անգամ նվազագույն կենսապահովման գումարը, փաստորեն, այդ աջակցությունը չի ծածկում: Բայց ակնկալել, որ կառավարությունը պիտի կարողանար լիարժեք ծածկել սոցիալական խնդիրների փունջը, դա ոչ այնքան ոչ օբյեկտիվ մոտեցում կլիներ. այստեղ շեշտադրումը պետք է լիներ ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակման վրա՝ նաև հաշվի առնելով, որ ոչ վաղ անցյալում՝ սկսած 2020 թվականի կորոնավիրուսի համավարակից, ունեցած նախադեպերը և դառը փորձը: Այս կառավարությունն արդեն պետք է ունենար և որոշակի դասեր քաղած լիներ նույն օժանդակությունների տրամադրման, դրանց արդյունավետության հետ կապված հարցերից, մասնավորապես, որ միանվագ օժանդակությունը, ինչ էլ լինի, իրականում չի կարող ամբողջությամբ ծածկել սոցիալական խնդիրները, հետևաբար՝ ավելի երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակման անհրաժեշտություն կա՝ սկսած մարդկանց համար եկամուտների աղբյուրի ստեղծման ուղիների մշակումից, վերջացրած այն լրջագույն խնդրով՝ բնակարանային ֆոնդի հետ կապված, որ այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները»
Վերջին դրվագին անդրադառնալով՝ տնտեսագետը նկատեց, թեև բռնի տեղահանված արցախահայերի պարագայում բնակարանային խնդիրը ֆորսմաժորային է, սակայն նորություն չէ:
«Նախորդ գրեթե երկու տարիների ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ տեղափոխված ռելոկանտների, ՌԴ-ից տեղափոխված ՀՀ քաղաքացիների ճգնաժամային հոսքերի կառավարման տեսանկյունից արդեն իսկ ակնհայտ էր, որ անշարժ գույքի շուկայում առհասարակ վերահսկողական մեխանիզմներ են պետք:
Վաղուց ժամանակն էր՝ կարողանայինք այդ վերահսկողությունն ունենալ. այդ ողջ գործընթացը հարկային դաշտ բերելու անհրաժեշտություն կար, որը մի կողմից՝ կճնշեր նման գների բարձրացումը, մյուս կողմից՝ այդ հավելյալ արժեքը կուղղվեր պետբյուջե (որից, օրինակելի պարագայում՝ ենթադրվում է` կվերադառնար դեպի հանրության սոցիալական խնդիրների լուծում)»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է կառավարությունից հնչող հորդորներին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է «ՀՀ-ից արտագաղթը չդիտարկեն որպես առաջիկա գործողությունների պլան», ապա, ըստ Լիլյա Ամիրխանյանի, միայն հորդորը բավարար չէ այդ հոսքերը կանխելու համար:
«ՀՀ-ից դուրս եկող Արցախի մեր հայրենակիցները վկայում են, որ ստեղծված պայմանները, մեղմ ասած, չեն բավարարում կենսապահովման համար, և այդ բոլոր հորդորների փոխարեն՝ շատ լավ կլինի իրական, ոչ պոպուլիստական գործնական քայլերի իրականացումը:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ծրագրեր են նախանշվում ավելի երկարաժամկետի համար, հաջորդիվ գալիս է նախադասություն, որ՝ բայց, իհարկե, դա ոչ միայն Արցախի մեր քույրերի, մեր եղբայրների համար է, այլև՝ ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում. այլ հավասար պայմաններում՝ պետք է լինի հավասարության սկզբունքի որդեգրում պետության կողմից, բայց ֆորսմաժորային իրավիճակում օժանդակությունը, իջեցվող ծրագրերը պետք է լինեն թիրախային, նպատակաուղղված:
Եթե մենք սկզբնական փուլում արդեն իսկ տեսնում ենք որոշակի լղոզելու միտումներ, ապա մեծ լավատեսություն չենք կարող ունենալ՝ այդ մարդկանց համար այստեղից չհեռանալու միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- ամփոփեց Լիլյա Ամիրխանյանը:
Հիշեցնենք՝ Կառավարությունը հաստատել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Որոշման շրջանակում նախատեսվում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 40000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թ. հոկտեմբերից 2024 թ. մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30 մլրդ դրամ: