Սամվել Շահրամանյանը պետք է մեկ կարևոր նախադասություն ասի. Արման Աբովյան

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ այսօր իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա ներխուժեցին շենք և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից սկսեցին պահանջել իրենց խնդիրների լուծումն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։

Քաղաքացիների հետ զրույցում Արցախի նախագահը խոստացավ տալ նրանց հուզող հարցերի պատասխանները, այդ թվում և՝ Հանրային հեռուստաընկերության եթերում, ապա պատասխանելով Արցախը լուծարելու հրամանագրին վերաբերող հարցին՝ հավելեց. «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»։

Ավելի ուշ մամուլը գրեց, որ Սամվել Բաբայանն է այս իրավիճակը ստեղծել, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի, ղեկավարի Արցախի կառավարությունը և այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից, Հայաստան են ուղղվում ողջ աշխարհից Արցախի հումանիտար խնդիրները լուծելու համար:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն այսօր Արցախի ներկայացուցչության բակում կատարվողը համարեց խիստ վտանգավոր՝ հատկապես ներքաղաքական լարումների համատեքստում, և դա՝ այն դեպքում, երբ փաստացի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է Հայաստանի իշխանությունը, իսկ Սամվել Շահրամանյանի ստորագրած համաձայնագրով երբեք էլ չէր կարող լուծարվել Արցախի Հանրապետությունը, ինչի մասին այսօր ասաց նաև Արցախի նախագահը։

Կարդացեք նաև

«Մյուս կողմից, հասկանալի է, որ թեև Հայաստանի Կառավարությունն է սառեցրել Արցախի պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը, ըստ չհերքված տեղեկությունների, բայց արցախցիներն իրենց հարցերը պահանջում են իրենց նախագահից, ինչը հասկանալի է, սակայն անընդունելի է, որ դա օգտագործվում է հակառակ նպատակով. մարդիկ գնում են Շահրամանյանի մոտ, կամ նրանց ուղարկում են նրա մոտ, և այստեղ է, որ ես սպասում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հասկանալի լեզվով հնչեցնեն այն, ինչն իրականում տեղի է ունենում. ասեն՝ ժողովուրդ ջա՛ն, լա՛վ եք արել, որ եկել եք, բայց ձեզ փոխանցվելիք գումարները Հայաստանի Կառավարությունն է, որ չի տալիս։ Այս մեկ կարևոր նախադասությունը պետք է ասի Շահրամանյանը»,- ասաց Աբովյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ Արցախի ապալեգիտիմացման գործընթացի կնքահայրը ոչ թե Շահրամանյանն է, այլ՝ Հայաստանի Կառավարությունը։

Ըստ վերլուծաբանի՝ Արցախի ներկայացուցչության շենքում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Հայաստանի Կառավարությունը շարունակում է Արցախի հանձնման գործընթացում իր մեղավորությունն այլոց վրա բարդելու քաղաքականությունը, ինչի դիմաց, ի դեպ, աշխարհաքաղաքական կենտրոններից, մասնավորապես՝ Եվրոպայից, ստանում է ծափահարություններ, քանզի Եվրոպայի համար Փաշինյանն այն մարդն է, որը կատարում է իրենց ծրագիրը՝ սպասարկելով, այդ թվում, և Ադրբեջանի, և Թուրքիայի շահերը։

«Պատկերավոր ասած՝ այս վիճակում ենք՝ ապրում ենք մի շենքում, որի մի հարկի մեջտեղի բնակարանը ձերն է, աջ ու ձախ կողքի բնակարանները պատկանում են մարդկանց, որոնք ցանկանում են ձեր տանն էլ տիրանալ ու միավորվել։ Ժամանակին կռիվ եք տվել, ձեր տան սենյակը Կադաստրով արել եք ձերը, բայց հիմա լսում եք, որ, եթե ձեր տան սենյակը տաք այդ երկու հարևանին, փող կստանաք։ Հոգնած այդ վիճակից՝ որոշում եք ձեր տան մի սենյակն էլ տալ ու ձեր երեխաներին տեղավորել հյուրասենյակում, բայց պարզվում է, որ այդ 2 հարևանները ցանկանում են ոչ թե ձեր տանը տիրանալով միավորվել, այլ, որ դուք այդ տանը չապրեք։ Հիմա մենք այս բնակարանի՝ Հայաստանի մեջ բոլորս տեղափոխվել ենք հյուրասենյակ, և կապ չունի, թե ընդդիմադիր ենք, թե իշխանական. թշնամու նպատակը մեզ ոչնչացնելն է, ուստի մեր բոլոր զիջողական քայլերը դառնում են Հայաստանի մասնատման համար դիրքերի ամրապնդում»,- ասաց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս